
Գյուղերում պետական աջակցության ծրագրերից ու տրամադրման կարգից մեծ մասամբ անտեղյակ են
Հայկավանցի Վարդանյանների ընտանիքին պատկանող ոչ այնքան մեծ անասնագոմի չորքոտանի բնակիչների կազմն անցած տարի դեկտեմբերին համալրվել է նոր կենդանատեսակով: Կարինե Վարդանյանը հպարտությամբ ցույց է տալիս անկյունում հավաքված ոչխարներին եւ երկու գառնուկին: 2019թ.-ի դեկտեմբերին Վարդանյանները Գյումրու Զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրի շրջանակում օգտվել են անասնապահությանը հատկացված 1 մլն դրամի ծրագրից:
«Ծրագրի մասին իմացել էինք նպաստառուների տեղից, իրանք մեզ ուղղորդեցին, թե նման ծրագիր կա, գնացեք զբաղվածության կենտրոն, դիմեք: Մենք էլ ամուսնուս հետ որոշեցինք դիմել, որովհետեւ սահմանված չափանիշներին համապատասխանում էինք,- ասում է Կարինե Վարդանյանը,-դե քանի որ 2 կով ունեինք, որոշեցինք էդ գումարով ոչխար գնել: Հիմա երկուսը ծնել են, երկուսն էլ ծնելու են, էնպես որ երեք ամսում 4 գառնուկով կավելանա տնտեսությունը»:
Հայկավան համայնքում գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրից բնակիչները կարողացել են օգտվել 2016թ.-ին, դրանից հետո նմանատիպ ծրագրեր ընդհանրապես չեն իրականացվել մինչեւ 2019թ.-ը: Չորս տարի առաջ հողագործության համար տրվող պետական աջակցությունից օգտվել է հայկավանցի Գեւորգ Հարությունյանը՝ կարտոֆիլի եւ ծաղկակաղամբի մշակման համար ստացել է 350 հազար դրամ: Գեւորգն ասում է, որ շատ գոհ է եղել, որովհետեւ ուրիշից տոկոսով գումար կամ բանկերից վարկ վերցնելու փոխարեն ստացել է աջակցություն, որը վերադարձի ենթակա չէ: «Հիմա, որ տեղեկացա ծրագիրն էլի կա, անպայման դիմելու եմ, որովհետեւ, հավատացեք, ահագին հոգս կհոգա, պարտքերի տակ շատ չենք ընգնի»,-նկատում է Գեւորգ Հարությունյանը:
Գյումրու Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը Հայկավանի գյուղապետարանում հավաքվածներին տեղեկացրեց, որ իրենք աշխատում են հիմնականում գործազուրկների, նպաստառուների, հաշմանդամություն ունեցող, բազմանդամ ընտանիքների հետ:
Հողագործության համար տրվող աջակցությունը տատանվում է 50-350 հազար դրամի սահմաններում, իսկ անասնապահության համար՝ 1 մլն դրամ: Գումարով ընտանիքը կարող է ձեռք բերել նշված կենդանատեսակներից որեւէ մեկը՝ կով, խոզ կամ ոչխար: Ծրագրով քանակը եւս նշված է՝ ասենք մեկ հղի կով կամ 7 մաքի: Հողագործության համար տրվող գումարներից մաքսիմումը սովորաբար ստանում են կարտոֆիլ, գազար, ծաղկաղամբ, կաղամբ մշակողները, գարին եւ ցորենը աշխատատար չեն համարվում եւ աջակցության գումարն էլ 100-150 հազար դրամը չի գերազանցում:
Ծրագրերին դիմելու կարեւոր պայմաններից առաջինը, որ անձը գրանցված լինի Զբաղվածության տարածքային կենտրոնում եւ ունենա գործազուրկի կարգավիճակ: Ծրագրերին դիմելու համար դիտարկվում են այն բոլոր չափորոշիչները, որոնք սահմանել է պետությունը:
Գյումրու Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը իրազեկման նպատակով այսօր այցելել էր Հայկավան գյուղ: Հանդիպմանը ներկա գյուղացիների մեծ մասը տեղյակ չէր պետության կողմից իրականացվող աջակցության ծրագրերից: Ամալյա Ադամյանը նշեց, որ կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերը վերաբերում են 16-ից 63 տարեկաններին: Գյուղերում շատ մեծ խնդիր է հողային սեփականության բաժանումը, շատ դեպքերում այն գրանցված է լինում տան մեծի անունով, որը զրկում է երիտասարդ ընտանիքներին ծրագրերից օգտվելու հնարավորությունից: Նման դեպքերում խորհուրդ են տալիս դիմել նոտարին եւ սեփականության իրավունքը վերաձեւակերպել:
«Տնամերձը հանած՝ դիմողը պետք է ունենա մինչեւ 3 հա սեփական կամ վարձակալած հող, լինի նպաստառու, որեւէ տեղ չաշխատի, ունենա 3-ից ավելի երեխա, հաշմադամություն ունեցող անձինք եւս մեր շահառուներն են: Սա լավ հնարավորություն է, որ պարտքերի տակ չընկնեք, նաեւ կարողանաք ձեր հողը մշակել: Մի կետ էլ կա, որ անպայման հաշվի ենք առնում, էն է, որ անձը չպետք է օգտված լինի սուբսիդավորված այլ ծրագրերից վերջին 5 տարում»,- նկատեց Ամալյա Ադամյանը:
Վերջին կետի հետ կապված գյուղացիներն արտահայտեցին իրենց դժգոհությունը՝ նկատելով, որ հազվագյուտ ընտանիքներ կան, որ չեն օգտվել սուբսիդավորված ծրագրերից, ու լավ կլիներ սահմանափակում մտցնող այդ կետը պետությունը վերանայեր: Կենտրոնի տնօրենը խոսեց նաեւ գյուղական համայնքներում բիզնես ծրագրերի համար տրվող մինչեւ 1 մլն դրամ աջակցության մասին: «Նշված գումարից 500 հազար դրամը տալիս ենք գործիքներ ձեռք բերելու համար, 200 հազար դրամը՝ տարածքի վարձակալության, 300 հազար դրամն էլ աշխատակիցների աշխատավարձի հետ կապված հարկային պարտավորությունները փոխանցելու համար: Սա հնարավորություն կտա, որ. ենթադրենք. ձեզանից մեկն ուզենա գյուղում վարսավիրանոց բացի, մեկ տարվա ընթացքում ամրանա, մեծ խնդիրներ չունենա եւ փորձի զարգանալ»:
Մեկնաբանել