HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել. ինչ միտումներ են նկատվում

Հայաստանի պետական պարտքը բաղկացած է Հայաստանի Կառավարության պարտքից և Կենտրոնական բանկի արտաքին պարտքից: Հետևյալ գծապատկերը ցույց է տալիս Հայաստանի պարտքը յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` արտահայտված հայկական դրամով (միլիարդ դրամ):

Ինչպես գծապատկեր No: 1-ում երևում է, Հայաստանի պետական պարտքը 2019 թվականի վերջին առաջին անգամ հատել 3.5 տրիլիոն դրամի շեմը:

Հաջորդ գծապատկերը ցույց է տալիս Հայաստանի պետական պարտքը` արտահայտված ԱՄՆ դոլարով (Գծապատկեր No: 1.1)

Գծապատկեր No: 1

1.Պետական պարտք.png (341 KB)

Գծապատկեր No: 1.1-ում երևում է, որ 2019 թվականի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը առաջին անգամ հատել 7 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը և կազմում է շուրջ 7.3 միլիարդ:

Գծապատկեր No: 1.1

1.1.Պետական պարտք-դոլարով.png (785 KB)

Ինչպես նշեցի, Հայաստանի պետական պարտքը ձևավորվում է երկու պետական հաստատությունների կողմից: Հետևյալ գծապատկերը ցույց է տալիս պարտքը ըստ այդ հաստատությունների` Կառավարություն և Կենտրոնական բանկ:

Գծապատկեր No: 2

2. ԿՊ և Կառավարության պարտք.png (301 KB)

Գծապատկեր No: 2-ում երևում է, որ Հայաստանի պետական պարտքի մաս կազմող Կենտրոնական բանկի արտաքին պարտքը նվազման միտում ունի: Վերջինս 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 234 միլիարդ դրամ, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է շուրջ 31.5 միլիարդ դրամով: Միաժամանակ, նկատվում է Կառավարության պարտքի աճի միտում, որը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրիլիոն 279 միլիարդ դրամ: Սա 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 196 միլիարդ դրամով:

Ներկայացնեմ Կառավարության պարտքի դինամիկան և դրա աճի տեմպը (հայկական դրամով), որը պատկերված է Գծապատկեր No: 3-ում:

Գծապատկեր No: 3

3.Կառավարության պարտք-աճի տեմպ.png (156 KB)

Գծապատկերում երևում է, որ Կառավարության պարտքը (արտահայտված դրամով) 2013-2016 թվականների ընթացքում աճի բարձր տեմպ է ունեցել և ամենաբարձր տոկոսային աճը գրանցվել է 2016-ին` նախորդ տարվա համեմատ աճելով 18.2 %-ով: Սրանից հետո աճի տեմպը սկսել է նվազել և 2018-ին աճել է նախորդ տարվա համեմատ ընդամենը 2.3 %-ով: Սակայն, այս նվազման միտումը դադարել է և 2019 թվականին նկատվում է պարտքի ավելի մեծ աճ: Այս աճը 2019 վերջի դրությամբ նախորդ տարվա համեմատ կազմել է 6.4%:

Հաջորդ գծապատկերը (Գծապատկեր No: 3.1) ցույց է տալիս Կառավարության պարտքի դինամիկան ԱՄՆ դոլարով և դրա աճի տեմպը: 

Գծապատկեր No: 3.1

3.1.Կառավարության պարտք-աճի տեմպ, դոլար.png (645 KB)

Այս գծապատկերում երևում է, որ Կառավարության պարտքի աճի դինամիկան ԱՄՆ դոլարով արտահայտված լինելու պարագայում 2014-2019 թվականների ընթացքում գրեթե նույնական է դրամով արտահայտված Կառավարության պարտքի փոփոխության դինամիկայի հետ: Սրանով հանդերձ, նշանակալի կետային տարբերություն է նկատվում 2014-ին: Նշված գծապատկերներից երևում է, որ հայկական դրամով արտահայտված Կառավարության պարտքը 2014-ին նախորդ տարվա համամետ աճել էր 14.8%-ով: Իսկ ԱՄՆ դոլարի վերածելու դեպքում ստացվել է, որ Կառավարության պարտքը 2014-ին նվազել էր 1.9 տոկոսային կետով: Սրա պատճառը հայկական դրամ և պարտքի արժույթներ տարբերությունն է եղել:

 Միաժամանակ, Գծապատկեր No: 3.1-ում երևում է, որ 2019 թվականի վերջի դրությամբ Կառավարության պարտքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.3 տոկոսային կետով (ինչպես նշեցի, դրամով ներկայացնելու դեպքում սա կազմում է 6.4%):

Պարտքի աճի տեմպի դիտարկումը էական է, Համախառն Ներքին Արդյունքի (ՀՆԱ) աճի և պետական եկամուտների աճի տեմպի հետ համադրելու առումով: Քանզի, մեծ տարբերություններ լինելու դեպքում է, որ պետական պարտքի ռիսկայնությունը ավելանալու է (երբ պարտքի աճի տեմպը ավելի մեծ է քան ՀՆԱ և/կամ պետական եկամուտների աճի տեմպը): Հետևաբար, ներկայացնեմ այդ համադրությունը հաջորդ գծապատկերով (Գծապատկեր No: 4):

Գծապատկեր No: 4

4.Կառավարության պարտք և ՀՆԱ.png (779 KB)

Գծապատկեր No: 4-ում երևում է, որ 2012-2017 թվականների ընթացքում Կառավարության պարտքը ավելի մեծ տեմպով է աճել, քան ՀՆԱ-ն` ՀՆԱ իրական աճի ինդեքսը (կապույտ կորագիծը գտնվում է կանաչի վերևում և մեծ տարբերություն կա): Սա էական ռիսկայնություն է ավելացնում` պետական պարտքի կառավարման տեսանկյունից: 

Այս տրենդը փոփոխվել է 2018 թվականից և ինչպես գծապատկերում երևում է, ՀՆԱ իրական աճի ինդեքսը ավելի մեծ է եղել (չնայած փոքր չափով), քան Կառավարության պարտքի աճը (2018-2019 թվականներին կապույտ կորագիծը նվազել է և կանաչից ցածր է): Եթե այս դրական տեղաշարժը պահպանվի հաջորդ տարիներին, ապա պարտքի կառավարման ռիսկայնության տեսանկյունից ավելի բարենպաստ պայմաններ կլինեն:

Հաջորդ գծապատկերը վերոնշյալ համադրության շարունակությունն է պատկերում: Սա ցույց է տալիս, թե պետական պարտքը և հարկային եկամուտները ՀՆԱ-ի քանի տոկոսն են կազմել և ինչ տեղաշարժեր են նկատվում (Գծապատկեր No: 5):

Գծապատկեր No: 5

5.Պարտք, հարկային եկամուտներ և ՀՆԱ.png (1.57 MB)

Այս գծապատկերում երևում է, որ 2010-2017 թվականների ընթացքում պետական պարտք ՀՆԱ հարաբերակցությունը շարունակաբար աճել է` 2017-ին կազմելով 58.9 %: Միաժամանակ, այս նույն ժամանակահատվածում Հարկեր (ներառյալ պետական տուրք) ՀՆԱ հարաբերակցությունը մնացել է կայուն ցածր և 2017-ին սա կազմել է ըդամենը 20.8%: Այս վիճակը պարտքի կառավարման կայունությանը մեծ ռիսկեր է հաղորդում:

2018 թվականից կան դրական տեղաշարժեր, մասնավորապես պետական պարտք ՀՆԱ հարաբերակցությունը սկսել է նվազել և 2019-ին կազմել է 53.6%:  Միաժամանակ, այս ընթացքում հարկային եկամուտներ ՀՆԱ հարաբերակցությունը փոքր տեմպով սկսել է աճել և 2019-ին կազմել է 22.3%: Սա ամենայն հավանականությամբ կարելի է մեկնաբանել տնտեսության ստվերային հատվածի փոքր ինչ նվազմամբ: Սակայն, համեմատ այլ պետությունների (որոնք նմանատիպ հարկային դրույքաչափեր ունեն) Հայաստանի համար հարկեր ՀՆԱ հարաբերակցությունը շարունակում է զգալիորեն ցածր լինել: Սա ոչ միայն տնտեսության ստվերային հատվածի մեծ լինելու ցուցիչ է, այլ նաև վատ հարկային վարչարարության: 

Օրինակ, Էստոնիայում 2018 թվականին այս ցուցանիշը կազմել է 33.2% և ինչպես գծապատկեր No: 5-ում է երևում Հայաստանում այս ցուցանիշին մոտ արդյունք երբևէ չի գրանցվել: Իսկ 2018-ին հարկեր ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանի համար եղել ընդամենը 21%: Նշեմ նաև, որ Տնտեսական Համակագործակցության և Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ, անգլերեն` OECD) 36 անդամ պետություններից շատերի համեմատ Էստոնիան ունի ցածր հարկային դրույքաչափեր: 2018 թվականին ՏՀԶԿ անդամ պետությունների համար հարկեր ՀՆԱ հարաբերակցության միջին ցուցանիշը կազմել է 34.3 %, որը բարձր է Էստոնիայի միևնույն ցուցանիշից (ինչպես վերևում նշեցի` 33.2%) և բնականաբար անհամեմատ ավելի բարձր է Հայաստանի համանուն ցուցանիշից: 

Նշեմ նաև, որ Էստոնիայի դեպքում պետական պարտք ՀՆԱ հարաբերակցությունը 2018 թվականին կազմել է ընդամենը 8.4%, որը Եվրոպայում ամենացածրն է: Իսկ 2018-ին Հայաստանի այս ցուցանիշը կազմել էր 55.8%: ՏՀԶԿ երկրների համար 2019 վերրջի դրությամբ այս ցուցանիշի միջինը կանխատեսվել է, որ կկազմի 72.6% (Աղբյուր` https://www.oecd.org/daf/fin/public-debt/oecdsovereignborrowingoutlook.htm): ՏՀԶԿ երկրների մեջ ամենամեծ պարտք ՀՆԱ ցուցանիշը ունեցել է Հունաստանը. 2018-ին սա եղել է 193%, իսկ Իտալիայի համար` 147%, որը երկրորդ բարձր պարտքի բեռ ունեցող երկիրն է ՏՀԶԿ կազմում: Ամենացածր ցուցանիշը ունեն Էստոնիան, Չիլին, Չեխիան, Շվեցարիան և այլք:

 

Շարունակելի

Հաջորդիվ կներկայացնեմ պետական պարտքի կառուցվածքը` ինչի հաշվին է աճել, ինչ տեղաշարժեր կան պարտքի սպասարկման մեջ, պարտքի արժութային կառուցվածքը և այլն:

Հովհաննես Ավետիսյանը հանրային ֆինանսների կառավարման փորձագետ է

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter