HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը բարելավել է գործարարության կարգավորման դաշտը

Այսօր տեղի ունեցած նիստում կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թթ. միջոցառումների ծրագրին: Հիմնավորման համաձայն՝ 2018-2019թթ. Հայաստանն իրականացրել է բազմաթիվ բարեփոխումներ՝ բարելավելով գործարարության կարգավորման դաշտը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ ըստ «Գործարարություն» զեկուցի եզրահանգումների, Հայաստանը վերջին տարիներին նշանակալի բարեփոխումներ է իրականացրել սեփականության գրանցման, հարկերի վճարման, արտաքին առևտրի և էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման ոլորտներում։ Կատարվել են նաև մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ սնանկության ճանաչման և վարկերի ստացման գործընթացներում առաջընթաց ապահովելու նպատակով։

Համաշխարհային բանկի կողմից 2019 թ. հոկտեմբերի 24-ին հրապարակած` «Գործարարություն 2020» վարկանիշային զեկույցի տվյալներով՝ Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցնում է 47-րդ տեղը՝ 2019 թվականի 41-րդ տեղի փոխարեն: «Գործարարություն 2020» վարկանիշային զեկույցում Հայաստանի դիրքի վատթարացման պատճառը Համաշխարհային բանկի գնահատման մեթոդաբանության փոփոխությունն է, որի արդյունքում «Փոքր բաժնետերերի պաշտպանության» ցուցիչի մասով Հայաստանի համար «Հեռավորությունը լավագույն արդյունքից» ցուցանիշը նվազել է՝ գնահատվելով 42 միավոր` նախորդ տարվա 63.33-ի փոխարեն, իսկ դիրքը 51-ից դարձել է 120։

2020-2023 թթ. միջոցառումների ծրագրով յուրաքանչյուր ցուցիչի մասով կազմվել են թիրախային միջոցառումներ՝ «Գործարարություն 2021», ինչպես նաև հետագա զեկույցներում երկրի դիրքը բարելավելու նպատակով։ Արդյունքում ակնկալվում է ապահովել Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Նախատեսվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը: Միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը և կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումն ու այդ ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը: «Օրեր առաջ Անվտանգության խորհուրդն ինձ համար զեկույց էր պատրաստել՝ գլոբալ ցուցիչներում Հայաստանի տեղի շարժընթացի վերաբերյալ: Աշխարհում, գիտեք, տասնյակ ցուցիչներ կան, ամենատարբեր ոլորտների, և այդ ցուցիչների մեծ մասում՝ առյուծի բաժնում Հայաստանը շատ հստակ առաջընթաց է գրանցել: Բայց կան ցուցիչներ, որտեղ կամ առաջընթաց չենք գրանցել, կամ արձանագրված առաջընթացը շոշափելի չէ: Ես դրանք առանձնացրել եմ, որպեսզի նաև փոխվարչապետների և կառավարության անդամների հետ դա դարձնենք օրակարգ: Իհարկե, մեզ ամենաանհանգստացնողը գործարարությամբ զբաղվելու ցուցիչն է, և մենք արձագանքում ենք: Ընդ որում՝ այստեղ մեր քաղաքական ուղենիշը պետք է լինի հստակ, որ գործարար միջավայրի հետ կապված Հայաստանում պետք է իսկապես ստեղծվեն հնարավոր լավագույն պայմանները, և սրա համար կան բոլոր քաղաքական նախադրյալները»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը գործարարությամբ զբաղվելու օրակարգը հստակ ձևակերպել է: Գործադիրի ղեկավարն ընդգծել է գլոբալ ցուցիչների կարևորությունը նաև օտարերկրյա ներդրումների ներհոսքին նպաստելու առումով:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության, պետական կառավարման համակարգի առաջին սկզբունքը գործարար միջավայրի և ընդհանրապես քաղաքացիների հետ շփվելիս պետք է լինի բժշկական. «Նախ չխանգարել որևէ բանում, և որտեղ հանրավոր է օգնել՝ օգնել: Այս թեմային մի քանի անգամ անդրադարձել եմ, դա հասկանալիորեն մեծ և սուր արձագանք է գտնում, և դա վատ չէ, որ այդպես է: Եկեք արձանագրենք հետևյալը, այլ փաստեր էլ կան, որոնք դրա մասին են վկայում. այսօր պետական կառավարման համակարգում դեռ կան մարդիկ, ովքեր երկար տարիներ այդ նույն կաբինետներում նստած իրենց կյանքի օրակարգը ձևակերպել և ձևավորել են ըստ օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի, ծավալի և այլնի: Այդ մարդիկ, եկեք արձանագրենք, շատ չարացած են այսօր, ներկաների վրա, առնվազն մեծ մասի վրա, հեղափոխության վրա, ամեն ինչի վրա, և եթե մի քիչ հարմար զոհ է գտնվում, որ մտնում է իրենց կաբինետ կամ իրենց նախարարության շենք, ամբողջ այդ չարացածությունը պարպում են այդ մարդկանց վրա: Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, որ նաև նախարարների պարտականությունն է՝ կաբինետներում այդ մարդկանց գտնել և լիցքաթափվելու հնարավորություն տալ նրանց: Թող գնան մաքուր օդ շնչելու, ուրիշ զբաղմունք գտնելու: Այսօր մենք այս պրոբլեմն ունենք և կրկին կոչ եմ անում՝ պետք չէ, որ դանակը հասնի ոսկորին, մարդիկ սկսեն բաց նամակներով դիմել, պատմել, աղաղակել, որպեսզի այս խնդիրը լուծվի: Այսօր մենք գիտենք դա, և առաջին օրից եկել, ասել ենք՝ մենք չենք պատրաստվում գերանդին առնել, հնձել, պետական կառավարման համակարգում կադրային ջարդ անել, և այդպես էլ վարվել ենք: Բայց դա չի նշանակում, որ մեր՝ ամեն ինչ հարթ, սահուն իրականացնելու ցանկությունը պետք է չարաշահվի: Այսօր կոնկրետ չարաշահվում է շատ նախարարություններում, և ես ասում եմ՝ հերիք է, ժամանակն սպառվել է, այդ մարդիկ պետք է պետական կառավարման համակարգից թողնեն, գնան, զբաղվեն բոլորովին ուրիշ գործով»:

Վարչապետն անդրադարձել է նաև ըստ քաղաքների կյանքի որակի, տնտեսական ազատության ցուցիչներին, «Գլոբալ գենդերային ճեղքվածք» զեկույցին: Վերջինիս վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն վերաբերում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին, ինչը համարել է շատ լուրջ պրոբլեմ, անթույլատրելի և անընդունելի երևույթ, որն անհամատեղելի է այսօրվա մեր իրականության հետ: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին քայլեր ձեռնարկել նման դեպքերը կանխարգելու ուղղությամբ:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ նախարարները, կառավարության անդամներն իրենց ուղղություններով այդ զեկույցների հետ կապված ուշադիր լինեն, որովհետև դա ինդիկատոր է՝ կամ մեր իրականության, կամ մեր իրականության աշխարհի ընկալումների մասին, որոնք շատ կարևոր են: Եվ պետք է աշխատել և նաև գուցե հաղորդակցությունն ապահովել՝ ստանալ այդ ազդակները և ըստ այդմ ճշգրտել մեր օրակարգը: Բայց ուզում եմ արձանագրել, ինչպես ասացի, զեկույցների 90 տոկոսում Հայաստանը շատ լուրջ առաջընթաց է արձանագրել: Դա ժողովրդավարության զեկույցն է, այսօր մենք տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար երկիր ենք համարվում, խոսքի ազատության, մամուլի ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի, զբոսաշրջության զեկույցներն են, և տասնյակ զեկույցներում Հայաստանը հստակ շոշափելի մեծ քայլերով առաջընթաց է արձանագրում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter