HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երակներիս մեջ չկա կեղծ արյուն».- Ռուզաննա Եսայան՝ ազատամարտիկ, բանաստեղծուհի

Ազգս քանի Ռուզաննայի նման դուստր կունենա

Հար ու հավետ, ոչ մի քայլ ետ, երթով առաջ կգնա…

բանաստեղծ Գառնիկ Ստեփանյան

Արդեն 20 տարի է անցել այն օրից, երբ Ռուզաննա Եսայանը, հակառակ հոր հորդորներին ու մոր լացակումած խնդրանքին, որոշեց գնալ ռազմաճակատ: Մայրը` տիկին Քնքուշը, այսօրվա պես հստակ հիշում է, թե ինչպես խոստացավ, որ հետ կգա. «Ասաց` «մամ ջան, վերջին անգամն ա, էթում եմ, գամ, էլ չեմ էթա»: Իրոք վերջին անգամը եղավ. գնաց ու էլ չեկավ… »:

Դպրոցն ավարտելուն պես Ռուզաննան մեկնում է Լենինգրադ (Սանկտ-Պետերբուրգ)` բժշկական կրթություն ստանալու: Ընդունվելով տեղի բժշկական ուսումնարանը` սովորում է 6 տարի, այնուհետև աշխատում: Այնտեղ նրան բնակարան և աշխատանք են առաջարկում, բայց Ռուզաննան, հակառակ մոր առաջարկն ընդունելու խորհրդին, մերժում է. «Ես եկել եմ այստեղ սովորեմ, որ գնամ իմ հայ ազգին ծառայեմ,-ասում է, - ոչ թե օտարի համար աշխատեմ»:  

Այդպես էլ անում է. 1989թ. վերադառնաում է հայրենի քաղաք` Էջմիածին: Որոշ ժամանակ հետո աշխատանքի է անցնում տեղի հիվանդանոցում` իբրև բուժքույր-ռենտգենոլոգ:

Մայրը պատմում է, որ դեռևս հիվանդանոցում աշխատելու տարիներին իրենցից թաքուն ռազմաճակատ էր գնում. շտապօգնության մեքենայով վիրավորներ էին տեղափոխում, զենք-զինաթերք տանում ճակատ. «Որ ուշանում էր, զանգում էինք հիվանդանոց, խաբում էին, ասում էին` ընկերուհու երեխեն ա հիվանդ, կամ էսօր ուրիշի սմենն ա ընդունել: Ըտենց էթում գալիս էր»:

Երբ «գաղտնիքը» բացահայտվում է, տնեցիները խստորեն դեմ են արտահայտվում  Ռուզաննայի` ռազմաճակատ մեկնելու որոշմանը:

«Որ տեսնեք՝ էնտեղ ինչ է կատարվում,- մտաբերում է մայրը աղջկա խոսքերը,- էդպես չեք ասի: Վաղը, մյուս օրը թուրքերը կգան ձեր տղերքին կկապեն ծառներից, ձեր հարսին ու աղջկան դեմները կբռնաբարեն, թողա՞նք գան, մեզ տենց անարգեն ... »:

Այդպես էլ արեց. որոշեց և գնաց: 1992թ. անդամագրվեց գեներալ Մանվել Գրիգորյանի ղակավարած 5-րդ կամավորական բրիգադին, որը պաշտպանում էր Հադրութի շրջանը, և նույն թվականի սեպտեմբերի 19-ին իբրև կամավոր մեկնեց Արցախ:

Սկզբում տղաները լուրջ չէին վերաբերվում` մտածելով, որ ռազմաճակատն աղջկա համար չէ, բայց հետո, տեսնելով նրա քաջությունն ու խստությունը, հարգանքով են լցվում նրա հանդեպ: Ռուզաննան այնտեղ ստեղծում է բուժկետ, իսկ զինակից տղաներն ինչքան որ վախենում էին նրանից, էլ ավելի սիրում էին Ռուզաննային:

Մանվել Գրիգորյանի խոսքերով` Ռուզաննայի շնորհքով էր, որ տղանները մաքրություն էին պահպանում. «Անկողիններն էին հարդարում, կոշիկները տեղն էին դնում, որ չգար նկատողություն աներ»:

Իսկ Ռուզաննան, դաշտային ծաղիկների փունջը ձեռքին, գալիս ու ստուգում էր՝ ում անկողինը մաքուր ու հարդարված էր լինում, նրա պահարանի վրա ծաղիկ էր դնում: Տղաններն էլ իրենց հերթին ջանք չէին խնայում` բուժքրոջ ուշադրությանն արժանանալու համար:

«Մի ուսին բժշկական պարագներ, մյուսին` զենք ու գրիչ»,- այպես են նկարագրում նրան մարտական ընկերները: Նրանք Ռուզաննայի սխրագործությունների մասին բազմաթիվ օրինակներ գիտեն, որոնք քաջալերում էին իրենց և անէացնում տիրող վախի մթնոլորտը: Մայրը պատմում է, որ կռիվներից մեկի ժամանակ, երբ տղաները թաքնվել են խաղողի վազերի մոտ, Ռուզանը, զինակիցներին գոտեպնդելու համար, բարձրացրել է գլուխն ու ասել` «տղերք, ով ինչ խաղող ա ուզում, ինչ գույնի խաղող բերեմ», ապա առաջ է վազել: Տղաներն էլ հետեւել են նրան:

Մի ուրիշ անգամ էլ, անտեսելով թշնամու կրակոցները, վազել է յուրայինների դիակների հետևից. չէր ցանկանում, որ այդ մարդու դիակն անցնի թշնամու ձեռքը, ո՞վ գիտե, թե թշնամին  ինչպես կարող էր անարգել հայ զինվորի դիակը:

Զինակիցներն ասում են, որ իրենց «բուժախպերը» այնքան էր աչքի ընկնում քաջությամբ, որ ադրբեջանցիները նրա համար 3 միլիոն գլխագին էին սահմանել:

1992թ. հոկտեմբերի 16-ին Հանդրութի շրջանի Ուխտաձոր գյուում Ռուզաննայի  աչքերի առաջ զոհվում է մոտ ընկերուհին` բուժքույր Հերմինե Բդոյանը: Բայց Ռուզաննան իր մեջ ուժ է գտնում պայքարը շարունակելու և հենց ռազմաճակատում Հերմինեին նվիրված բանաստեղծություն է գրում:

Նայում եմ ես ճանապարհիդ,
Որով անցար այդպես դաժան,
Սպասում եմ ճանապարհիդ,
Գուցե ետ գաս Հերմինե ջան

Մայրը պատմում է, թե ինչպես պատերազմի ժամանակ Հադրութում հարսանիք են արել, Ռուզանն էլ եղել է քավորկինը: Երբեք չէր տրտնջում իր վիճակից, մորն էլ ասում էր, թե «մամ ջան, որ տենաս՝ ինչ ա կատարվում, դու ինքդ էդ տունը չես նստի, կգաս արյունովդ քո հայրենիքը պաշտպանելու»:

Հերոսական այդ ոգին Պոլսից գաղթած տատից էր ժառանգել: Տատը շատ էր պատմում, թե ինչպես էր իրեն հաջողվել փախչել «թուրքի յաթաղանից»: Փոքրիկ Ռուզաննան շատ էր ոգևորվում այդ պատմություններից, «աչքերից կայծեր էին դուրս գալիս» և ասում էր, որ ինքը անպայման «կպատժի թուրքերին»:

«Բանակ լիներ աղջիկների համար, առաջինը ինքը կեթար,- ասում է մայրը,- վախկոտ չէր, շատ ճարպիկ երեխա էր»: Թեև տան ամենափոքրն էր, բայց իր վրա էր վերցրել երկու եղբայրներին պաշտպանելու գործը:

«Դպրոցում սովորելու տարիներին էր: Մի անգամ ընկերներն ասում են՝ «Ռուզան,  էնտեղ կռիվ են անում, տղերքով թափել են երկու ախպորդ վրա»: Էդ ժամանակ էլ մարդիկ տոնածառները հանել, գցել էին: Ռուզանս էլ գտնում ա մի հատ տոնածառ, ճյուղը վերցրած գնում ա, սկում հերթով խփել: Հաջորդ օրը դպրոց են կանչում, ծնողները բողոքում են, թե «էս ինչ է արել մեր երեխաների հետ»: Ես էլ կատակով ասում եմ, թե որ մի աղջիկ կարենա 4-5 տղու ծեծի, շատ էլ լավ ա արել»,- շարունակում է Քնքուշ Եսայանը:

Առհասարակ եղբայրներին շատ էր սիրում: Միշտ ջանում էր պաշտպանել, հեռու պահել նրանց ամեն տեսակ վտանգից:

«Եղբայրներին չթողեց գնալ ռազմաճակատ: Տղերքը ասին` դու մի գնա, մենք կգնանք, հերիք ա, ասաց` «դուք որ գնաք, ձեզ ճակատ կուղարկեն, ես դաշտային հիվանդանոցում եմ, ինձ ոչ մի բան չի լինի»: Սակայն խաբում էր,- ասում է մայրը,- ինքն էլ էր ճակատ գնում տղաների հետ, մասնակցում մարտական գործողություննրին»:

Բայց ազատամարտիկի այդ անկոտրում ու քաջ ոգում թաքնված էր սրտացավ ու կարեկից մի աղջիկ:

«Հիվանդանոցում էր աշխատում, մի օր եկավ, ասաց` մամա, մեր բժիշկներից մեկը  բաժանվել ա, կառավաթ չունեն, երեխայի հետ գետնին են քնում, իմը տանեմ տամ: Զայրացա՝ դու որտե՞ղ պետք է քնես, ազջիկ ջան: Ասում էր՝ բազմոցին»,- պատմում է մայրը: Երբեմն նույնիսկ տանից բրինձ, յուղ էր տանում նրանց, ովքեր, կարծում էր, որ քաղցած են:

Ռազմաճակատում շարունակում էր բանաստեղծություններ գրել: Թեման մեկն էր` հայրենիք և հայերնիքից ծնված սեր՝ ուղղված հարազատին, ընկերոջը, կյանքին:

Բանաստեղծություններից մեկում Ռուզաննան ասում է. «Երակներիս մեջ չկա կեղծ արյուն, ես ամբողջ կյանքում ուղիղ եմ քայլել», ու հավատում է, որ լույսը կբացվի կաթնագույն ցոլքով : Նա այն կարծիքին էր, որ ամեն մարդ ստանում է այն, ինչին արժանի է:

Բարիների
Էության մեջ
Հրեշտակները հիմա
Լույս կցանեն,
Ստորների
Էության մեջ
Սատանաները հիմա
Մուր կցանեն:
Ուշ գիշեր է արդեն
եվ քնում են մարդիկ,
Նրանց կոպերի տակ,
Հրեշտակներն անշուշտ,
Քուն կցանեն:

Բարիների հոգիներում,
Երազներում նրանց`
Հրեշտակներն այսօր
Հույս կցանեն:

1992թ. դեկտեմբերի 12 էր: Էջմիածնի երկրապահ ջոկատը կատաղի մարտեր էր մղում Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի պաշտպանության համար: Ռուզաննայի 7 ընկերներ ծանր վիրավորվել էին, և անհրաժեշտ էր նրանց շտապ բուժկետ տեղափոխել: Ուխտաձորը Հադրութի շրջկենտրոնին միացնող միակ ճանապարհը թշնամու կրակոցների տակ էր. իրավամբ այն վաստակել էր «Մահվան ճանապարհ» անունը և այնտեղով փոքրիշատե հնարավոր էր անցնել միայն գիշերը: Բայց վիրավոր մարտիկների կյանքին վտանգ էր սպառնում, հապաղել չէր կարելի: 

Սանիտարական «Ուրալ» մեքենայի վարորդը, որ պատրաստվում էր հղի կնոջը գիշերով տեղախոխել, ասում է, թե բենզին չկա: Ռուզաննան զայրանում է:

«Կոնդախը հանում, խփում ա վարորդի ուսին, -պատմում է մայրը,- ասում ա` ընկի առաջ, ես բենզինը կլցնեմ»:  

Վարորդը վախենում է` ասելով, որ հիմա անցնելը դժվար կլինի, թող մութն ընկնի, նոր ճամփա կընկնեն: Բայց աղջիկն ընդդիմանում է` թողնենք 7 հոգին արյունաքամ լինե՞ն, էլ տանելը քանի՞ կոպեկ արժե… Ռուզաննայի` ընկերներին հնարավորինս շուտ օգնելու ցանկությունը հաղթում է: Նրանք հաջողությամբ խուսափում են  կրակոցներից, բայց դիրքերն անցնելու վերջնամասում թշնամու՝ «Գրադից»  արձակած հանկարծակի հարվածը ցաքուցրիվ է անում մեքենան: Բոլորը զոհվում են:

Տիկին Քնքուշը երբեք և ոչ մի անգամ դստեր մահվան մեջ մեղավորներ չի փնտրում. «Ուրեմն Աստված էր այդպես կամեցել»: Նույնիսկ ադրբեջանցիների հանդեպ նա թշնամանքով լցված չէ, քանի որ «նրանց մեջ էլ կան շատ խղճով մարդիկ»: Միայն թե հեռուստացույցից ամեն անգամ մի նոր զինվորի մահվան լուրն առնելով` վերապրում է 20 տարի առաջ ունեցած զգացումը: Վկան նրա աչքերում մշտապես «բնակվող» արցունքներն են:

Բայց մեր հայրենիքին Ռուզան տված մայրը, դիմելով բոլոր հայ զինվորների մայրերին, ասում է, որ պետք չէ վախենալ. «Աստված մի արասցե, թող կռիվ չլինի, ոչ տղա գնա, ոչ էլ աղջիկ: Թող խաղաղություն լինի աշխարհին: Բայց հայրենքին ծառայել պետք է, էլ ի՞նչ տղա, որ չծառայի… »:

Տան առանձին հատված Ռուզաննային է հատկացված: Նրան վերաբերող ամեն ինչ`անտիպ բանաստեղծություններ, նամակներ, թերթեր, գրքեր, հոդվածներ, սուրբ մասունքի պես խնամքով պահվում է:

Սենյակիս լոռ մթության մեջ
Հսկում է ինձ մայրս թաքուն
Եվ հեքիաթ է հյուսում անտես
Սենյակիս լուռ մթության մեջ

Ու ես` նրա դուստրը միակ,
Երազներիս դուռն եմ թակում
Լուռ սենյակիս մթության մեջ
Հսկում է ինձ մայրս թաքուն:

Ռուզաննա Եսայանը հետմահու արժանացել է մի շարք պարգևների, որոնց թվում` «Արիության համար» և «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի ասպետ: Դպրոցը, որտեղ սովորել է Ռուզաննան, ամեն տարի նրա ծննդյան օրը` նոյեմբերի 17-ին, կազմակերպում է միջոցառում` նվիրված զոհված ազատամարտիկների հիշատակին: Այդ օրն է ծնվել նաև տիկին Քնքուշի թոռը` Ռուզաննան, ով թեև արտաքինով և բնավորությամբ շատ է նման հորաքրոջը, «բայց քաջությամբ զիջում է»:

1995թ. Էջմիածնում գործում է «Էջմիածնի զոհված ազատամարտիկների մայրերի և կանանց խորհուրդը», որը երկար տարիներ նախագահել է Ռուզաննային մայրը` տիկին Քնքուշ Եսայանը: Այդ խորհրդի շնորհիվ մշտապես վառ է պահվում հայրենիքի համար զոհվածների հիշատակը:

1996թ. փողոցը, որտեղ ապրում էր Ռուզաննան, կոչվում է իր անունով:

Հատված Քնքուշ Եսայանի ելույթից. «Երբ հայրենքիը վտանգի մեջ էր, ձեր կողքին էին կանայք: Եղեք արժանի նրանց քույրական սիրուն ու գուրգուրանքին… »:
     
Տաթև Խաչատրյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանություններ (2)

Մարտին
Երբ կարդում ես նման պատմություններ,հպարտանում ես քո ազգին պատկանելության համար,ևինչ որ բան է նորից արթնանում մեջտ:Լավ հոդված է և անհրաժեշտ:Շնորհակալություն:
LUSINE
APRES TATEVIK JAN, SHAT APRES, SHAT LAV ES GREL. RUZANNNAYI MASIN ARAJIN ANGAM KARDACI, TOX ASTVAC HOGIN LUSAVORI, U ERB ERKNQIC NAYI IR HAYRENIQIN, TOX HOGIN XAXAVI. HAVERJ HISHATAK RUZANNAYIN, NA CHAPSOSAC IR MATAX KYANQ@, CHVAXECAV TSHNAMUC. YES XONARHVUM EM RUZANNNAYI ANMAR HUISHATAKI ARAJ, UZUMEM IM U BOLOR HAY JOXOXVRDI ANUNIC, ASEL SHNORHAKALUTYUUUUUUUUUUUUUUUUUUUUN CHQNAX, AZNIZ, UJEX , HAYRENASER, RUZANNA JAN

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter