HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնի մարզի մանկապարտեզների մոտ 82%-ը ձմռան երկու ամիսներին չեն գործում

Մարզում բնակվող երեխաները ձմռան երկու ամիսներին ստիպված են մնալ տանը, քանի որ զբաղմունքի այլ տարբերակ չունեն: Մանկապարտեզների ամբողջ տարվա ընթացքում չգործելը պայմանավորված է սուղ ֆինանսական միջոցներով: Համայնքապետարանները չեն կարողանում այդ ամիսներին ֆինանսավորում հատկացնել, ինչը բերում է մանկապարտեզների ժամանակավոր փակմանը:

Մարզում գործում է համայնքային ենթակայության 34 մանկապարտեզ, որոնցից 28-ը ձմռան 2 ամիսներին ժամանակավորապես փակվում է: Այս մասին «Հետք»-ին տեղեկացրել են Արագածոտնի մարզպետարանից: Նշված 28 մանկապարտեզներ հաճախում են ընդհանուրըմոտ 2200 երեխա:

Մարզպետարանից նաև տեղեկացնում են, որ միայն Օշականի 2, Բյուրական և Մաստարա համայնքների մանկապարտեզներն են միշտ գործում: 11 ամիս են աշխատում Կարբիի և Ապարանի «Վարդանանց ասպետներ» մանկապարտեզները:

Մարզպետարանի փոխանցմամբ՝ Աղձք համայնքի մանկապարտեզ է հաճախում 41 երեխա, և ձմռան երկու ամիսների ընթացքում չի գործում: 

Աղձքի համայնքապետ Արթուր Ավետիսյանն ասաց, որ մանկապարտեզը չի գործել հունվար-փետրվար ամիսներին: «Պատճառը ֆինանսական է, ուրիշ ոչինչ չկա: Բաքսին կա, ամեն ինչը կա, բայց ամսական 400-500 հազար դրամ գնում է միայն ջեռուցմանը, համայնքն ի վիճակի չէ»,- նշում է համայնքի ղեկավարը:

Աղձքում մեկ երեխայի մանկապարտեզ հաճախելու վարձավճարը 6000 դրամ է: Արթուր Ավետիսյանն ասում է, որ այդ գումարը մի կերպ բավարարում է սնունդ գնելուն: Մնացած ծախսերը հոգում է համայնքը, ինչի պատճառով էլ դժվարություններ են առաջանում ձմռան ամիսներին:

Գրեթե նույն իրավիճակն է նաև մարզի Կոշ համայնքում: Մարզպետարանի տվյալներով՝ Կոշի «Կվաշ» մանկապարտեզ է հաճախում 76 երեխա: Համայնքապետ Աշոտ Ենգիբարյանն ասաց, որ մանկապարտեզն աշխատել է մինչև դեկտեմբերի վերջ: 

«Տարեսկզբին ունենք ֆինանսական խնդիր, դա է պատճառը: Ջեռուցման խնդրի հետ կապված չենք աշխատում ձմռան մյուս ամիսներին: Գազը նոր ենք անցկացնում, ներսում ջեռուցման համակարգ անցկացվել է, եկող տարի այդ խնդիրը չենք ունենա, գոնե 11 ամիս կաշխատենք: Չենք ուզում նաև էլեկտրական սալիկներով ջեռուցել, որովհետև անվտանգության հետ կապված հարցեր կան: Ջեռուցման համակարգն անցկացրել ենք նախորդ տարիներին, փուլ առ փուլ անում ենք, ինչքան հնարավորություն ունենում ենք, աշխատանքներ կատարում ենք»,- հավելում է Աշոտ Ենգիբարյանը:

Կոշի համայնքապետի խոսքով՝ հնարավորություն ունեն մարտի 1-ից աշխատել, սակայն, հնարավոր է մանկապարտեզի աշխատանքները փոքր ինչ ուշ սկսեն՝ հաշվի առնելով վարակիչ հիվանդությունների սեզոնը: Ա. Ենգիբարյանը նշեց, որ Կոշի մանկապարտեզ հաճախում են ոչ միայն իրենց գյուղի երեխաները, այլև հարևան համայնքներից:

Խաչիկ Տոնոյանը Աշնակ համայնքի ղեկավարն է: «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ձմռան ամիսներին չեն կարողանում ո'չ մանկապարտեզի ջեռուցման հարցը լուծել, ո'չ էլ աշխատակիցներին վճարել, այդ իսկ պատճառով մանկապարտեզը չի գործում դեկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ը: 

Համայնքապետի տեղեկություններով՝ տարածքում ամենաերկար գործող մանկապարտեզն իրենցն է՝ Թալինի մանկապարտեզից հետո:

«Ձմռան ամիսներին երեխաների թիվը կրկնակի նվազում է: Եթե ամռան ամիսներին 37-38 երեխա է հաճախում, ձմռանը նույնիսկ 10 երեխա չի գալիս: Տանել-բերելը դժվար է, մարդիկ ուզում են երեխաներին տանը պահել: Ֆինանսն էլ, որ քիչ է, մանկապարտեզն այդ ամիսներին չի գործում»,- նշում է Աշնակի համայնքապետը:

Խաչիկ Տոնոյանի խոսքերով՝ 8 ամսվա համար մանկապարտեզի համար ծախսում են մոտ 7 մլն դրամ, եթե ձմռան ամիսներին էլ աշխատեն, ապա  դրանից շատ քիչ գումար էլ կավելանա այդ ամսիների համար, քանի որ գումարվում է նաև ջեռուցման ծախսը, ինչը քիչ չէ:

Կարբիի համայնքապետ Կարո Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց մանկապարտեզը չի գործել միայն հունվար ամսին: «Հաշվի առնելով, որ մինչև հունվարի 10-ը ոչ աշխատանքային օրեր էին, որոշեցինք, որ ամիսը կիսատ չլինի, մյուս երկու շաբաթն էլ չաշխատեն: Փետրվարից մանկապարտեզը գործել է»,- ասում է համայնքի ղեկավարը:

Նշենք, որ Արագածոտնի մարզում ջեռուցման դժվարություններ ունեն ոչ միայն մանկապարտեզները, այլև դպրոցները: Մասնավորապես՝ մարզպետարանի ենթակայությամբ գործող 30 հանրակրթական դպրոցներ ջեռուցվում են էլեկտրական ջեռուցիչներով: Համապատասխան ջեռուցում ապահովելու նպատակով դպրոցներում անցկացվել է եռաֆազ հոսանք, ավելացվել են էլեկտրական հաշվիչների, հոսանքի և էլեկտրալարերի հզորությունը:

Մարզպետարանի փոխանցմամբ՝ Ճարճակիսի (98 աշակերտ), Զովասարի (60 աշակերտ) միջնակարգ և Հացաշենի (42 աշակերտ) հիմնական դպրոցներում եռաֆազ հոսանքի անցկացման (նոր ենթակայանի տեղադրման) հոսանքի հզորացման համար աշխատանքներ են տարվում ՀԷՑ-ի հետ: Մինչև աշխատանքների ավարտը՝ նշված դպրոցներում զուգահեռաբար օգտագործվում է նաև հեղուկ վառելիքով վառարաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter