HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը դարձել է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի անդամ

Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, դարձել է  Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի (IGF) անդամ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ֆորումին անդամակցելու հնարավորություն են ստանում այն պետությունները, որոնք  որդեգրել են հանքարդյունաբերության լավ  կառավարման քաղաքականություն՝ սահմանելով հստակ սկզբունքներ  հաշվետվողական,  թափանցիկ հանքարդյունաբերության ներդրման  և այն երկրի կայուն զարգացմանը ծառայեցնելու  ուղղությամբ։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆորումը միջկառավարական երկխոսության, փորձի և գիտելիքների փոխանակման արդյունավետ հարթակ է համարել, ինչն ապագայում  հնարավորություն կունենա նպաստելու  երկրում առավել արդյունավետ որոշումներ կայացնելու գործընթացներին։

Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը համակարգող  ՏԿԵ փոխնախարար Լիլիա Շուշանյանը, ով նախաձեռնել է IGF անդամակցության գործընթացը,  կարևորել է հանքարդյունաբերության ոլորտում տարբեր հարցերի վերաբերյալ՝ այդ թվում բնապահպանական և սոցիալական ուղղվածության, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման, ինչպես նաև դրանք տնտեսության զարգացմանն ուղղելու անհրաժեշտությունը:

«Հայաստանի համար ճիշտ ժամանակն է միանալու միջազգային պրոֆեսիոնալ ֆորումներին, ինչպիսին է կայուն զարգացման գաղափարը՝ որպես իր գործունեության գլխավոր տեսլական սահմանած IGF–ը, և մեր երկրի համար օգուտ քաղել վերջիններիս ընձեռած հնարավորություններից»,-ասել է Լ. Շուշանյանը:

Միջկառավարական ֆորումի տնօրեն Գրեգ Ռեդֆորդը կարևորել է Հայաստանի կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոլորտը երկրի կայուն զարգացմանը ծառայեցնելուն և ողջունել Հայաստանի անդամակցությունը կառույցին՝ նշելով, որ յուրաքանչյուր նոր պետություն իր հետ գլոբալ երկխոսությունը խորացնելու ուրույն հեռանկարներ է բերում։

Նշենք, որ Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումին (IGF) այսօր անդամակցում են 75  պետություն, ինչպես նաև արդյունաբերության, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր համատեղ քննարկում են կայուն զարգացմանը հանքարդյունաբերությունը ծառայեցնելու միջոցները և գործադրում համապատասխան ջանքեր: Ֆորումի հիմնական նպատակը կառավարություններին օժանդակելն է՝  ռեսուրսների կառավարման և որոշումների կայացման հարցերում ներպետական գնահատումների, կարողությունների զարգացման և թիրախավորված տեխնիկական աջակցության, ինչպես նաև ուղեցույցերի մշակման և լավագույն միջազգային փորձի փոխանակման նպատակով՝  համաժողովների կազմակերպման միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter