ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի գնումների գործընթացում
Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրել է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի 2016-2019 թվականներն ընկած ժամանակահատվածի ֆինանսատնտեսական գործունեությունը: Այս մասին հայտնում է ՊՎԾ հանրային կապերի բաժինը:
Ուսումնասիրության առարկա են դարձել իրականացված գնումների, հաշվարկված աշխատավարձի, Հիմնադրամի և պետական սեփականություն հանդիսացող գույքի կառավարման գործընթացները:
Հիմնադրամի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։
Ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի կողմից իրականացված 705 մլն դրամի գնման գործընթացներ: Խախտումներ են արձանագրվել 315 մլն դրամ ծավալով գնումների գործընթացներում:
Մասնավորապես՝
- Երկու գնման գործընթացում հաղթող ճանաչված ընկերությունները ներկայացրել են առերևույթ կեղծ, գործընթացում հաղթող ճանաչվելու իրավունք վերապահող փաստաթղթեր, որի արդյունքում ընկերությունների հետ կնքվել է 127 մլն դրամի պայմանագրեր:
- Մեկ ընկերության մատուցած ծառայության ծավալների և վերջինիս աշխատանքային ռեսուրսների միջև արձանագրվել է խիստ քանակական անհամապատասխանություն: Առկա են հիմնավոր կասկածներ փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու, սակայն չգրանցված աշխատողներով ծառայություն մատուցելու վերաբերյալ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 14.0 մլն դրամ եկամտային հարկ:
- Ծառայություն մատուցող ընկերությունը մատուցել է տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ծառայություն, սակայն Հիմնադրամի կողմից չի գանձվել պայմանգրուվ սահմանված 3.0 մլն դրամի տուգանք:
- Հիմնադրամին մատակարարված հեռուստացույցների մի մասը չի համապատասխանել պայմանագրի տեխնիկական բնութագրին, սակայն ընդունվել է Հիմնադրամի կողմից: Հեռուստացույցների մատակարարման գինը շուրջ կրկնակի անգամ գերազանցել է ձեռքբերման արժեքին, սակայն գնման գործընթացում խախտումներ չեն հայտնաբերվել:
- Օտարերկրյա իրավաբանական անձին փոխանցվել է 13.0 մլն դրամով ավելի գումար (ավելացված արժեքի հարկ), քան վերջինիս գնային առաջարկն էր:
Հիմնադրամում լրացուցիչ աշխատավարձը հաշվարկվել է (հավելավճար, լրավճար և պարգևատրում) առանց Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված կարգեր, դեպքեր և չափեր նախատեսող իրավական ակտեր սահմանելու: Այնուամենայնիվ, լրացուցիչ աշխատավարձի անհամաչափ և սուբյեկտիվ հատկացումներ չեն արձանագրվել:
Հիմնադրամի կողմից հիմնադրված ընկերությանը անհատույց հատկացվել է պետական սեփականություն հանդիսացող տարածքներ, շուրջ 100.0 մլն դրամ համախառն հաշվեկշռային արժեքով գույք, 60.0 մլն դրամ փոխառություն, սակայն ոչ արդյունավետ կառավարման և Հիմնադրամի կողմից ընկերության գործունեության նկատմամբ պատշաճ հսկողության բացակայության արդյունքում ընկերությունը կրել է վնասներ և շահաբաժիններ չի հաշվեգրվել Հիմնադրամի բյուջե: Բացի այդ, ընկերության կողմից իրականացվել է 47 մլն դրամի (դրամարկղային) Հիմնադրամի կանոնադրական նպատակներին չհամապատասխանող ծախս:
Պետական վերահսկողական ծառայության կողմից Հիմնադրամին ներկայացվել են մի շարք առաջարկություններ:
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:
Մեկնաբանել