
Վարուժան Մկրտչյանի և Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է
Հատուկ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ սուտ ցուցմունք տալու նպատակով տուժողին կաշառելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ Արմեն Թավադյանը «Մարտի 1»-ի քրեական գործով, ինչպես նաև այդ գործից Ռ․ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ անջատված և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործով արդարադատության իրականացմանը, դատական համակարգի նորմալ գործունեության ապահովմանն ու գործով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու դիտավորությամբ 2019 թվականի ամռանը Վարուժան Մկրտչյանի և Ռ․ Քոչարյանի այլ աջակիցների հետ ստեղծել է կազմակերպված խումբ։
Կազմակերպված խմբի առջև դրված վերը նշված նպատակներին հասնելու համար Արմեն Թավադյանի, Վարուժան Մկրտչյանի և խմբի այլ անդամների միջև նախապես ծրագրվել, փոխադարձ համաձայնեցվել է խմբի յուրաքանչյուր անդամի դերաբաշխումը: Դրանից հետո կազմակերպված խմբի անդամ Վարուժան Մկրտչյանը, խմբի մյուս անդամների, այդ թվում` Արմեն Թավադյանի համաձայնությամբ և գիտությամբ, 2019 թվականի սեպտեմբերին Երևան քաղաքում գործող իր աշխատասենյակ է հրավիրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով տուժողին, վերջինիս առաջարկել 5 միլիոն դրամ կաշառք՝ նշված քրեական գործով տուժողի կարգավիճակից ու տված ցուցմունքներից հրաժարվելու և Ռ. Քոչարյանի օգտին սուտ ցուցմունք տալու դիմաց:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արմեն Թավադյանին և Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:
Վարույթն իրականացնող մարմինը, ձեռք բերված ապացույցները բավարար համարելով քրեական գործից նշված անձանց վերաբերյալ անջատված մասով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին և քրեական գործի նյութերը տրամադրել նրանց` ծանոթանալու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանել