HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ․ բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների հափշտակման դեպք

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ բացահայտել է առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների հափշտակման դեպք:

Փաստական տվյալներ են ստացվել, որ Իջևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում զբաղեցրած պաշտոնատար անձը, քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, քաղաքապետարանի կարիքների համար տարբեր ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու և քաղաքի բարեկարգման աշխատանքներ կատարելու համար հիշյալ կազմակերպությանը վստահված միջոցներից փոխանցել է գումարներ, որոնք ուղղվել են տարբեր տնտեսվարող սուբյեկտներին, որից հետո կազմվել են ապրանքների մատակարարման և աշխատանքների ընդունման-հանձնման կեղծ պաշտոնական փաստաթղթեր, իսկ փոխանցված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները՝ հափշտակվել։

Բացի այդ, վերոհիշյալ տնօրենը ծառայության շահերին հակառակ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տարբեր հաստիքների հրամանագրել է իրականում աշխատանքի չհաճախող 7 քաղաքացիների, թույլատրել է նրանց անվամբ 2014-2020 թթ. ընթացքում որպես աշխատավարձ դուրս գրել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումարներ՝ դրանով իսկ վատնելով դրանք։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել է, որ յուրացվել և վատնվել է նախնական տվյալներով ընդհանուր 17.6 միլիոն դրամ գումար: Համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում պատճառված վնասի չափը հստակեցնելու, հանցագործության կատարմանը ներգրավված անձանց շրջանակը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter