HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հողի հարկի զիջում՝ աշխատավարձի պարտքի դիմաց. Արմավիրի մարզի համայնքների աշխատավարձերի ոդիսականը

Արմավիրի մարզի Արգինայի համայնքապետարանի աշխատակիցները, այդ թվում համայնքապետ Ռոստամ Արոյանը, 2019թ.-ին մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել: Համայնքապետարանը չի կարողացել ժամանակին աշխատավարձ վճարել, քանի որ գյուղի խոշոր հարկատուները հարկերը ժամանակին չեն վճարել: Դեկտեմբերի 31-ի դրությամբ Արգինա համայնքն աշխատավարձի գծով պարտք է 1 մլն 932 հազար դրամ:

Ռ. Արոյանն ասաց, որ օրինակ, նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը իրենց համայնքում հողեր ունի, թեև դրանք այլ մարդու անունով է ձևակերպված, սակայն չեն կարողանում ժամանակին հարկերը հավաքագրել: Նախորդ տարի, անձը, ում անունով ձևակերպված են եղել հողերը, մահացել է, և հիմա փաստի առաջ են կանգնել, չեն կարողանում հողի հարկը հավաքագրել:

«Կան ֆիզիկական անձինք, որոնք մահացել են կամ Ռուսաստանում են, ունեն 4-5 հարյուր հազարով պարտքեր: Դրսից մարդիկ կան, ոչ հասցե ունենք, ոչ էլ կարողանում ենք կապ հաստատել, որ հարկերը պահանջենք»,-ասում է Ռ. Արոյանը:

Համայնքապետն այսօր էլ հանձնարարել է աշխատակիցներին, որպեսզի ծանուցագրեր բաժանեն համայնքի բնակիչներին՝ հարկերը ժամանակին վճարելու զգուշացումներով:

Դեկտեմբերի 31-ի դրությամբ Արգինա համայնքում միայն 500 հազար դրամ և ավելի պարտք ունեցողները երեքն են, որոնց ընդհանուր պարտավորության չափը համայնքապետարանին կազմում է 3 մլն 207 հազար դրամ:

Արգինա համայնքը վերջին 4-5 տարիների ընթացքում պարբերաբար տուժել է բնական աղետից՝ կարկուտից, ինչի հետևանքով դժվարությամբ են կարողանում հարկերը հավաքել: Կառավարության կողմից տրամադրվող դոտացիան, համայնքապետի ասելով, կազմում է բյուջեի 27%-ը: Համայնքն իր կարիքները հոգում է հիմնականում հարկերի ու տուրքերի հավաքագրման հաշվին, ինչը երբեմն չի բավարարում:

«2016թ.-ին ընտրվել եմ համայնքապետ՝ 4 մլն դրամ պարտքով: 2017թ.-ին մանկապարտեզը չի գործել և մինչև տարեվերջ ամբողջ պարտքը մարել ենք: 2018-2019թթ. մանկապարտեզն աշխատել է, դա էլ է ծախս: Եթե խոշոր հարկատուները ժամանակին վճարեին, կկարողանայինք պարտքերը վճարել: Ասացին` մինչև դեկտեմբերի վերջ կվճարենք հարկերը, բայց չվճարեցին»,-«Հետք»-ի հետ զրույցում ասաց Արգինայի համայնքապետ Ռոստամ Արոյանը:

Ըստ համայնքապետի՝ վերջերս էլ պատահմամբ իմացել են, որ մանկապարտեզի աշխատակիցների 2016թ. աշխատավարձի գծով պարտք ունեն: Ընդունման-հանձնման ժամանակ պարտքը չի արձանագրվել և վերջերս ԴԱՀԿ ծառայությունից գրություն են ստացել ու այսօր արդեն վճարել են 150,000 դրամ պարտքը:

Միայն Արգինան չէ, որ ունի աշխատավարձերի պարտքեր: Արմավիրի մարզի 9 համայնք դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցել է ընդհանուրը 6 մլն 435 հազար դրամ աշխատավարձի պարտք: Դրանց մի մասը նախորդ տարիներից «ժառանգած» պարտքն է:

Խառն է վիճակը Ջրաշեն համայնքում: Այստեղ էլ որպես աշխատավարձի պարտք նշված է 1 մլն 999 հազար դրամ:

Ջրաշենի համայնքապետ Լևոն Վարդանյանն ասաց, որ այս պահին ճշգրտումներ են արվում, որպեսզի հասկանան, թե ինչպես կարգի բերեն թղթաբանությունը:

«Դրանք հին պարտքեր են, որոնք վճարվել է: Հիմնականում վճարվել է հողի հարկի տեսքում: Պահում է արվել: Ասել են՝ դուք պարտք եք հողի հարկ, մենք էլ պարտք ենք աշխատավարձ: Հողի հարկերը վճարվել է, բայց համայնքապետարանի վրայից աշխատավարձի պահը հաշվապահությունով չի հանվել: Ստացվում է, որ գործարքն արվել է, բայց ձևակերպումը չի արվել»,-ասում է Լ. Վարդանյանը:

Ջրաշենի համայնքապետի ասելով՝ այդ «գործարքը» տեղի է ունեցել 2012թ.-ին: Քանի որ վճարման հնարավորություն համայնքապետարանը չի ունեցել, ստիպված հողի հարկով են պարտքը զրոյացրել:

«Հիմա այդ ձևակերպման հարցերով ենք զբաղվում, երկար գործընթաց է, բայց աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ»,-հավելեց Ջրաշենի համայնքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter