HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավորների ծանրաբեռնվածությունն ու ողջամիտ ժամկետում գործերի քննության հասարակական պահանջը

Փաստաբաններն իրենց պրակտիկայում հանդիպում են դեպքերի, երբ դատական ակտում գտնում են այնպիսի անուններ, որոնք ոչ մի կապ չունեն դատավարության մասնակիցների հետ: Նշված անունները «Դատալեքս» տեղեկատվական պորտալում որոնելով հանդիպում են այլ գործերում: Ստացվում է, որ դատավորները «copy-paste» սզբունքով են աշխատել: Ինչքան հասցրել են փոխել են անունները, մի քանի փաստեր ու նոր դատական ակտը պատրաստ է:  Դատավորները կուլիսներում «արդարանում» են, թե ժամանակ չունեն և ստիպված են այդպես վարվում:

Առանձին քննարկման առարկա է նաև գործերի ողջամիտ ժամկետում քննությունը, որը գրեթե միշտ խախտվում է: Այստեղ էլ պատճառաբանությունը նույնն է՝ դատավորները ծանրաբեռնված են, չեն հասցնում:

Օրինակ, «Հետք»-ը տեղեկատվության տրամադրման պարտավորեցման պահանջով երբեմն դիմում է դատարաններ, սակայն այդ գործընթացն այնքան երկար է տևում, որ պահանջվող տեղեկատվության նկատմամբ կորում է հանրային հետաքրքրությունը և այդ տեղեկատվությունը համարվում է «անպիտան»: Մասնավորապես՝ գործերից մեկով դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել 2019թ. օգոստոսին, առաջին դատական նիստը նշանակել է 4 ամիս անց՝ դեկտեմբերին, իսկ հաջորդը՝ մարտին: Մինչև դատական ակտի կայացումը կանխատեսվում է, որ կնշանակի ևս 2 նիստ, ինչը ենթադրում է, որ դատական ակտ կկայացնի հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո մեկ տարի անց, գուցե ավելի:

Մարդու իրավունքների պաշտպանը այս տարվա հունվարին հրապարակել է արտահերթ  զեկույց՝ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի խախտման դեպքում իրավունքի վերականգնման մեխանիզմների բացակայության վերաբերյալ:

Դատական օրենսգրքի  9-րդ հոդվածով միայն սահմանվել է դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի առնվող հանգամանքները: Սակայն, ամրագրված չէ ողջամիտ ժամկետում գործի դատական քննության խախտված իրավունքի վերականգնման օրենսդրական հնարավորությունը: ՄԻՊ-ի գրասենյակում մտահոգություն են հայտնել, որ օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում դատարանում գործի քննությունը կարող է տարիներով ձգձգվել և անհետևանք մնալ դատարանի համար:

Բարձրագույն դատական խորհրդի 2019թ. տարեկան հաղորդման համաձայն, որը վերաբերում է 2018թ. տվյալներին, միայն Երևան քաղաքում առկա է 1628 քաղաքացիական գործ, որոնց քննությունը երկու և ավելի տարիներ ձգձգվում է: Ավելին, կան գործեր, որոնց քննությունը չի ավարտվում 10 և ավելի տարիներ: Միայն 7 դատավորների մոտ նման գործերի ընդհանուր թիվը հասնում է 1123-ի:

«Ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի լիարժեքությունն ապահովող տարրի՝ ողջամիտ ժամկետի պաշտպանության գործուն կառուցակարգերի բացակայության հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերության ամբողջական և բնականոն իրագործումը, որպիսի պայմաններում հիմնավոր ենք համարում խնդիրը դիտարկել դրա սահմանադրականության տեսանկյունից»,-նշված է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում:

2019թ. ստացված գործերի (այդ թվում` հայցադիմումների, դիմումների) ընդհանուր թվով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործեր քննող դատավորներն առաջատար են՝ միջինը 2197 գործ: Սակայն, եթե ավելացնում ենք դրան նախորդող տարվանից փոխանցված, այսինքն՝ անավարտ գործերը, ապա պատկերը փոխվում է, առաջատար է դառնում Արարատի և Վայոց որի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը: Վերջինիս քաղաքացիական գործեր քննող դատավորներին միջինում բաժին է հասնում 3400 գործ:

Առաջատար ասվածը խիստ հարաբերական է, քանի որ որքան ավելանում է դատավորի վարույթում գործերի քանակն, այնքան ռիսկային է դառնում գործի ողջամիտ ժամկետներում քննությունը և որակյալ դատական ակտերի կայացումը:

Համեմատության համար նշենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին 2019թ. փոխանցվել է 2597 գործ: 790 գործ էլ փոխանցվել է 2018-ից: Ստացվել է, որ 2019թ-ին նրա վարույթում եղել է 3387 գործ և ավարտել է 1343 գործի քննություն: Սա անհամեմատ մեծ թիվ է: Օրինակ, նույն դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը նույն ժամանակահատվածում ունեցել է ընդհանուրը 2054 գործ:

Made with Flourish

Դատական իշխանության պաշտոնական կայքէջում հրապարակված վիճակագրության հիման վրա ուսումնասիրել ենք ընդհանուր իրավասության դատարանների դատավորների ծանրաբեռնվածությունը, բեկանված դատական ակտերի քանակը:  2019թ. Արմավիրի մարզում ամենաշատը բեկանվել է դատավոր Հովհաննես Մելքոնյանի դատական ակտերը՝ 29: Այսինքն՝ այն դատավորի կայացրած ակտերը, ում վարույթում եղել է ամենաշատ գործերը:

Սակայն, ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ոչ միշտ է նույն օրինաչափությունը գործում: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2019թ-ին վարույթում ամենաշատ գործերն ունեցել է քաղաքացիական գործեր քննող դատավոր Արմիդա Ոսկանյանը՝ 2355 գործ, սակայն բեկանվել է նրա դատական ակտերից ընդամենը մեկը: Փոխարենը գործերի քանակով երկրորդ տեղը զբաղեցնող նույն դատարանի դատավոր Սերոբ Մանուկյանի կողմից կայացված ակտերից բեկանվել են 30: Նրա վարույթում 2019թ-ին եղել է 2179 գործ: 

Կամ՝ Սյունիքի մարզում ամենաշատը բեկանվել է քաղաքացիական գործեր քննող դատավոր Անահիտ Թումանյանի կողմից կայացված ակտերը՝ 31, մինչդեռ նա մարզի ամենածանրաբեռնված քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորը չէ: Վարույթում Ա. Թումանյանն ունեցել է 1707 գործ, մինչդեռ գործերի քանակով առաջատար Մուրադ Հովակիմյանն ունեցել է 1969 գործ և 6 բեկանված դատական ակտ:

Հասարակությունը սուր է արձագանքում հատկապես այնպիսի վեճերին, որոնք վերաբերում են ալիմենտին, երեխայի տեսակցությանը և այլն: Օրինակ, երբեմն ալիմենտի պահանջով դատական ակտի կայացման համար կողմերը սպասում են մեկ տարի և ավելի: Իսկ ինչպե՞ս է երեխան մեկ տարի ապրելու՝ մնացել է բարոյական հարթության վրա:

Փաստաբան Գևորգ Դավթյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ սովորաբար ալիմենտային պահանջների որպես առանձին կամ հազվադեպ են, կամ ներկայացվում են հակընդդեմ պահանջներ երեխային տեակցության պահանջներով, որին պետք է մասնակից լինեն նաև խնամակալության և հոգաբարձության մարմինները, ինչն էլ ենթադրում է նրանց կողմից դատարանից դուրս նիստերի նշանակում եզրակացության համար։ Սա մեխանիկորեն երկարացնում է դատական պրոցեսը:

«Անկախ ամեն ինչից, եթե անգամ ալիմենտ է միայն քննարկվում, դա նույնպես երկար է տևում, ինչի համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ»,-կարծում է փաստաբանը:

Մեկնաբանություններ (1)

Հրաչյա Հովհաննիսյան
Դատավորների ծանրաբեռնվածությունը նոր երևույթ չէ, այն եղել է նաև նախկին խշխանությունների ժամանակ : Սակայն նախկինում դատավորները չէին բողոքում ծանրաբեռնվածությունից , իսկ հիմա բողոքում են: Գաղտնիքը կայանում է նրանում , որ նախկինում շատ գործերից շատ կոռուպցիոն գումարներ էր հավաքվում , որը բաշխվում էր կոռուպցիոն բուրգի աստիճաններով և խստագույնս վերահսկվում հատուկ սխեմաներով: Որքան շատ էր հավաքված կոռուպցիոն գումարը այնքան շատ էր գործը քննող դատավորի բաժինը: Հետևաբար՝ շատ դատավորներ ձգտում էին շատ գործեր ունենալ իրենց վարույթներում: Խոսքը չի վերաբերվում նախկին և ներկա այն դատավորներին , որոնք ի պատիվ իրենց , դրսևորել են համարձակություն և չեն թաթախվել կոռուպցիոն սխեմաների մեջ , բարձր են պահել դատավորի պատիվը և արժանապատվությունը : Այդպիսի դատավորներ եղել են և կան : Դատական վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս որ գործի քննության ողջամիտ ժամկետների անտրամաբանական ձգձգումները և անորակ դատական ակտերի կայացման պատճառները պայմանավորված է դատավորների ծանրաբեռնվածությամբ : Տրամաբանական է , որ եթե դատավորների ծանրաբեռնվածությունը թուլացվի վիճակը կկայունանա: Դեռևս 2019թվ. սկզբներին ՀՀ Արդարադատության նախարարությանն էր ներկայացվել առաջարկությունների փաթեթ արբիտրաժային դատարանների գործունեության մասին, որի ներդրման դեպքում կթեթևացվեր դատարանների ծանրաբեռնվածությունը , գործերը կքննվեն կարճ ժամկետներում և կապահովվեն արդարացի քննություն: Միաժամանակ ՀՀ փաստաբանների պալատին կից ստեղծվեց արբիտրաժային տրիբունալի դատավորների դպրոց , որտեղ պատրաստվում են համապատասխան որոկավորում ունեցող դատավորներ: Կարծես թե որև է խոչնդոտող հանգամանք չկա դատական համակարգի բարելավումները սկսելու համար: Սակայն մինչև օրս կառավարությունից որև է արձագանք չկա , իսկ դատական համակարգում օրեցօր վիճակը վաթթարանում է: Հիշեցում ՀՀ Արդարադատության նախարարությանը՝ Անցումային շրջանում դատարանների անկախությունը և դատարանի հեղինակությունը կբարձրանա միայն անկախ դատավորների միջոցով, իսկ կուսակցական պատկանելիությամբ նշանակված դատավորները միայն կխորացնեն կոռուպցիան և վերջնականապես կհեղինակազրկեն դատարաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter