HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայաստանում որևէ պետական մարմին հստակ չգիտի, թե որն է յուրաքանչյուր մարզի ամենաաղքատ համայնքը

«Մարզում ո՞ր համայնքն է ամենաաղքատը և ի՞նչ չափորոշիչներով». Այս պարզ հարցադրմամբ գրություններ էինք ուղարկել բոլոր մարզպետարաններին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, վիճակագրական կոմիտեին, որտեղից ստացված պատասխանները հուսադրող չէին: Միայն Արարատի մարզպետարանից էին որոշ տեղեկություններ տվել, այն էլ՝ սեփական մեթոդաբանությամբ:

Սա այն դեպքում, երբ տարիներ շարունակ թմբկահարվել է, թե կառավարությունը որդեգրել է տարածքային համաչափ զարգացման քաղաքականություն: Ինչպե՞ս են տարածքային մարմիններն ապահովելու համաչափ զարգացում, երբ չգիտեն, թե որն է իրենց մարզի ամենակարիքավոր համայնքը: Ինչպե՞ս են գործարարներին ուղղորդելու ներդրումներ իրականացնել թեիրախային համայնքներում: Ինչպե՞ս են բնակչությանը հետ պահելու արտագաղթից, խթանելու ծնելիությունը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարին փոխարինող Համլետ Բատիկյանի ստորագրությամբ ստացված պատասխանում նշված է, որ նախարարությունը մարզերի համայնքների աղքատության գնահատման վիճակագրություն չի վարում:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ներկայումս իրականացվում են համայնքների վարչական տվյալների շտեմարանի ամբողջականացման աշխատանքներ: Գործընթացն ավարտելուց և արդյունքներն ամփոփելուց հետո միայն կիրականացվեն համայնքների սոցիալ-տնտեսական աղքատության հաշվարկման աշխատանքները»,-նշված է նախարարության պաշտոնյայի պատասխանում:

Որոշ մարզպետարաններ, չունենալով միասնական չափորոշիչներ, ինքնուրույն են որոշել, թե որն է իրենց ամենաաղքատ համայնքը: Օրինակ, Արարատի մարզպետարանից հայտնում են, որ աղքատ համայնք համարվում  են բնակչության փոքր թվաքանակով, մարզկենտրոնից, մայրաքաղաքից հեռու գտնվող և ծովի մակերևույթից բարձր գտնվող բնակավայրերը: Այս չափորոշիչներով մարզի աղքատ համայնք համարվում են Լանջառ և Ուրցալանջ համայնքները:

Ըստ մարզպետարանի՝ Լանջառ համայնքի բնակչության թիվը կազմում է 228,  մարզկենտրոնից գտնվում է 55 կմ, իսկ Երևանից՝ 83 կմ հեռավորության վրա,  ծովի մակերևույթից` 1800մ բարձրության վրա: Համայնքն ունի 431 հա վարելահող՝ 5-րդ  կարգի, որի մեկ տարվա հողի հարկի հաշվարկային գումարը կազմում է 904,575 դրամ:   Մշակվում են կերային և հացահատիկային մշակաբույսեր: Հողերը չեն ոռոգվում: Համայնքը զբաղվում  է անասնաբուծությամբ: Տրանսպորտային միջոցների մեկ տարվա գույքահարկի հաշվարկային գումարը կազմում  է 613,914 դրամ:

Ուրցալանջ համայնքի բնակչության թիվը կազմում  է 144 մարդ, մարզկենտրոնից հեռու է 59 կմ, մայրաքաղաքից՝ 88կմ,  գտնվում է ծովի մակերևույթից 1850մ բարձրության վրա: Համայնքն ունի  84 հա վարելահող՝ 5-րդ կարգի, որի մեկ տարվա հողի հարկի հաշվարկային գումարը կազմում  է 170,273 դրամ: Մշակվում են կերային և հացահատիկային մշակաբույսեր: Հողերը չեն ոռոգվում:  Համայնքը զբաղվում է անասնաբուծությամբ: Տրանսպորտային միջոցների մեկ տարվա գույքահարկի հաշվարկային  գումարը կազմում է 382,038 դրամ:

Արմավիրի մարզպետարանում ավելի «ճկուն» են գտնվել՝ խորհուրդ տալով մարզպետարանի կայքէջում հրապարակված համայնքների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, մեզ հայտնի չափորոշիչներով և մեթոդներով, որոշել, թե որն է մարզի ամենաաղքատ համայնքը:

Կոտայքի մարզպետարանից փաստել են, որ նման վերլուծություն չունեն, սակայն տվել են 2 2 հավանական աղքատ համայնքների տվյալները՝ Ջրառատ և Գեղարդ: Թե ինչի հիման վրա են որոշել, որ հենց այդ համայնքներն են մարզի ամենաաղքատները, պարզ չէ: 

Տավուշից ստացված պատասխանը ևս «մոտավոր» է: Նշել են, որ մարզի ամենաաղքատ համայնքներից է Բերքաբերը: Համայնքի բնակչության թիվ՝ 357, առանձնատների թիվ՝ 112, ընտանեական նպաստ ստացող տնային տնտեսությունների թիվ՝ 26, գյուղատնտեսական հողեր՝ 926.5 հա, որից չի մշակվում 826 հաը, քանի որ հրետակոծությունների վտանգի տակ են: Համայնքը  գազիֆիկացված չէ:

«Հայտնում ենք, որ չենք կարող տվյալներ տրամադրել մարզի ամենաաղքատ համայնքի մասին, քանի որ չկան նման դասակարգում կատարելու համար սահմանված չափորոշիչներ, և նման ուսումնասիրություն երբևէ չի կատարվել»,-սա էլ Վայոց ձորի մարզպետարանի պատասխանն է:

Մյուս մարզպետարաններից տրամադրել են նմանատիպ պատասխաններ, կամ սպասում են համայնքների վարչական տվյալների շտեմարանի ամբողջականացման աշխատանքների ավարտին:

Սյունիքի մարզում կա 8 խոշորացված համայնք, որից 5-ը ներառում են և քաղաքային և գյուղական բնակավայրեր, իսկ 3-ը՝ միայն գյուղական բնակավայրեր:

«Ըստ համայնքների կամ բնակավայրերի աղքատության ցուցանիշ և ըստ այդմ համայնքների կամ բնակավայրերի դասակարգում, մեր ունեցած տեղեկատվության համաձայն Սյունիքի մարզում չի հաշվարկվել: Եթե որպես չափանիշ ընդունենք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալը, ապա նման ցուցանիշը հաշվարկվում է վիճակագրական կոմիտեի կողմից՝ հանրապետության և մարզերի կտրվածքով: Ըմբռնելով հանդերձ հարցման արդյունքում ակնկալվող տեղեկատվությունը Ձեզ համար, հայտնում ենք, որ Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ Սյունիքի մարզպետարանը փաստական տվյալների չի տիրապետում»,-նշված է մարզպետարանի պատասխանում:

Վիճակագրական կոմիտեն ևս չուներ մեզ հետաքրքրող հարցի պատասխանը: Տեղեկացրել են, որ ամենամյա պարբերականությամբ իրականացվող հետազոտության ընտրանքի չափը  յուրաքանչյուր տարի կազմում է 5184 տնային տնտեսություն և աղքատության գնահատման ցուցանիշների մասով ապահովում է ներկայացուցաչականության ամբողջականություն հանրապետության մասշտաբով և միայն նվազ ներկայացուցչականություն՝ մարզերի մակարդակով: 

«Ձեր կողմից հայցվող տեղեկատվությունը ցավոք չի կարող տրամադրվել»,-նշված է կոմիտեի պատասխանում:

Մեկնաբանություններ (3)

Dr. GEORGE
It is undestood that RA is trying their level best to alleviate poverty.. But it is highly necessary to establish criterion to find out the poorest family or caterory. After esablishing the criterion the municipalities have work on the basis of this criterion and reach the final account of BPL {below poeverty line} families and prepare schemes to improve the financial posittion of these families.
Düşmanınız
Benim tavsiyem var . Katma değeri yüksek ürünler üretip ihrac edin . Ama gerçekten üretin güç dediğiniz konu bu zaten . Bay bay
any
...under constant threat of gunfire " It's time for Armenia to begin to built a WALL , like Israel , like US ... to be protected from the unemployed , crazy drugabusers beyond the borders ( snipers ) .If those would spend the same time for working instead of shooting, their country would have another look and another reputation !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter