Մեծամասնական տեղերի վերաբերյալ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ չի՞ պայմանավորվել
«Պետք է կարողանալ ժողովրդին ներշնչել այն հավատն ու վստահությունը, որ իր քվեն որոշիչ է: Ժողովուրդը պիտի հավատա, որ իր քվեով կարող է ինչ-որ բան փոխել, որ իր ձայնը պաշտպանողներ կան, որ կան քաղաքական ուժեր, որ չնայած համատարած «ապատիային» ու, ցավոք սրտի, ժողովրդի մի հատվածի ընտրակեղծիքի լավայի մեջ ներքաշելու տոտալ ավանդույթին՝ իր քվեն պաշտպանողներ կան»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորն ասաց, որ կարող է խոսել միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից եւ հայտնեց, որ ԲՀԿ-ին տրվող քվեն իրենք «պահելու ու պահպանելու են»:
«Երբ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խոսում էր հասարակական ավելի լայն համախմբվածության մասին, մենք հենց դա նկատի ունեինք, որ գոնե առաջիկա ընտրություններում խաղի արդար կանոնների շուրջ լինի համաձայնություն քաղաքական դաշտի բոլոր այն քաղաքական ուժերի միջեւ, որոնք լրջագույն ներգրավվածություն են ունենալու առաջիկա խորհրդարանական գործընթացներին»,- ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ-ական պատգամավորն անդրադառնալով մեր հարցին, թե արդյոք մեծամասնականով առաջադրվող թեկնածուների վերաբերյալ պայմանավորվածություն ունեն ՀՀԿ-ի հետ, պատասխանեց. «Մեծամասնական տեղերի առաջադրումների վերաբերյալ պայմանավորվածություններ չկան եւ առաջադրումները կապացուցեն իմ ասածի ճշմարտացիությունը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել