Բանտային հանդերձանքի՝ «спецовка»-ների մասին
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Առաջին հայացքից աննշան, ոչ կարևոր թվացող բաները իրականում կարող են մեծ ազդեցություն ունենալ հասարակության մեջ գաղափարների ներդրման և այլ գործընթացներում:
Օրերս Հյուսիսային Կորեայի մասին հաղորդում էի նայում, տեղեկացա, որ տարիներ առաջ հրահանգ է եղել` բոլոր պաշտոնյա տղամարդիկ մազերը պետք է այնպես կտրեն, ինչպես իրենց առաջնորդը: Նույնիսկ հարց է քննարկվել, որ առհասարակ ազգաբնակչության բոլոր տղամարդիկ և տղաներն այդպես պետք է անեն: Հետո կանգնել են այն տարբերակի վրա, որ պաշտոնապես հրապարակվել են թույլատրելի սանվածքների 9 ձև թե՛ տաղմարդկանց, թե՛ կանանց համար: Ի՞նչ նպատակ է սա հետապնդում…
Մեր ազատազրկման վայրերում պահանջում են, որ մարդիկ սև հանդերձանք կրեն` դեռ խորհրդային միության օրոք ձևված «спецовка»-ները: Քրեական ենթամշակույթը կրողների համար այս գույնը խնդիր չէ, նրանք, որպես կանոն, մշտապես սև են հագնվում: Կա նաև այլ հարց` այդ «спецовка»-ները ահավոր վատ են կարված` ծուռտիկ-մուռտիկ, ոչ համաչափ, նաև արդուկելու հնարավորություն չկա այստեղ: Այսինքն` մի կողմից բոլորին պարտադրում են նույն հագուստը կրել, մյուս կողմից` պարտադրում են սև գույնը ոտքից-գլուխ, ինչը ճնշող է, երրորդ` մարմնի չափերին համապատասխան չեն կարված:
Քրեակատարողական օրենսգրքի հոդված 75 մաս 2-ի համաձայն` դատապարտյալի հանդերձանքը չպետք է որևէ ձևով ճնշող կամ նվաստացնող լինի: Իրականում պետության կողմից տրամադրվող հանդերձանքը հոգեբանորեն և ֆիզիկապես ճնշող լինելով` նվաստացնում է մարդուն, ինչով ոտնահարվում է մարդու սահմանադրորեն և միջազգային նորմերով պաշտպանվող արժանապատվությունը, որը դրված է այլ իրավունքների հիմքում:
Եթե պետությունը ցանկանում է դատապարտված անձանց վերասոցիալականացնել, ապա պետք է սկսի նրանից, որ չպարտադրի բոլորին հագնել սև հագուստ: Մի քանի օր առաջ իմացա, որ ներկայումս այս հարցը վերջապես արժանացել է արդարադատության նախարարության ուշադրությանը, և նոր տիպի ու ոչ սև գույնի հագուստներ են լինելու:
Դեռ հեռավոր 1998 թվականին մայիրկիս խնդրել էի, և նա կարել էր մուգ կապույտ գույնի «спецօвка», որը նմանվում էր կոստյումի: Ես էլ կրծքի ձախ կողմում ասեղնագործեցի չինական ին-յան նշանը: Այսպես փորձում էի նաև արտաքին-ձևական առումով հակազդել անմարդկային համակարգի ջանքերին` կոտրել մարդու ազատ ոգին, նվաստացնել մարդու արժանապատվությունը:
Երբ սովորում էի բժշկական համալսարանի 3-րդ կուրսում, մի միջադեպ տեղի ունեցավ: Մեր խմբում մի տղա կար, ով դասերին առհասարակ ուշադրություն չէր դարձնում, համալսարանը նրա համար զվարճանքի մի վայր էր: Վատ տղա չէր, հումորով, ուրախ անձնավորություն: Ասում էին, որ հայրը ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյա է: Մի անգամ նրա և մի ամբիոնի վարիչի միջև կոնֆլիկտ եղավ` վերջինս նկտողություն արեց երեխայի պես իրեն պահելու համար, սակայն ուսանողը հակազդեց և արժանացավ ծոծրակին հայրական թեթև ապտակի: Մի խոսքով, հազիվ կանխվեց սկսվող բռնցքամարտը… երբ դրսում կանգնած հանգստացնում էինք վիրավորված մեր համակուրսեցուն, նա ասաց.
-Մենակ օրենքով գողը կարա իմ վրա ձեռ բարձրացնի:
Առաջին անգամ էի նման բառակապակցություն լսում`օրենքով գող: Հարցրեցի, թե ո՞վ է նա, այդ օրենքով գողը: Զարմացած նայեցին ինձ, հետո մտածեցին, թե հումոր եմ անում, բայց, երբ հասկացան, որ իրոք չգիտեմ, ուղղակի լռեցին: Անցավ-գնաց, մոռացա այդ բառակապակցությունը, իսկ այսօր…
Հետազոտությունները ցույց են տվել, որ մեր ազգաբնակչությունը գերադասում է սև գույնի հագուստը: Հետաքրքիր է, որ մեր եկեղացականները, ոչ տոնական օրերին, նույնպես սև են հագնում: Հետաքրքիր է` ինչու՞ են քրեական ենթամշակույթի կրողները նույնպես ոտքից գլուխ սև հագնվում: Այս գույնը նրանց տարբերանշաններից մեկն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել