HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչները քննարկել են դատաիրավական բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ փետրվարի 29-ին Ծաղկաձորում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Արդարադատության արդյունավետության բարձրացումը դատական և իրավական բարեփոխումների համատեքստում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Աշխատաժողովին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի  նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը, Վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը, Սնանկության դատարանի նախագահ Գարիկ Ավագյանը, ԲԴԽ անդամներ, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ, այլք:

Նախարար Բադասյանը ողջունել է բոլորին, մաղթել արդյունավետ քննարկում և ընդգծել, որ Կառավարության առաջնահերթությունն իրապես անկախ, անաչառ և արդյունավետ գործող դատական իշխանության ձևավորումն է, որի համար գործադիրը, իր լիազորությունների շրջանակում, կանի առավելագույնը:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը և նախարարի խորհրդական Դավիթ Գասպարյանը աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրել են էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությունները և ընդգծել, որ գործընթացի վերջնարդյունքում միավորվելու են արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը և էլեկտրոնային շտեմարանները, արդիականացվելու են դատարաններում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը, ներդրվելու են դատավորների հավակնորդների հոգեբանական թեստավորման և  փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգեր, ինչպես նաև կատարելագործվելու է դատական գործերի էլեկտրոնային մակագրության և բաշխման համակարգը:  

Նախարարի խորհրդական Հասմիկ Սարդարյանը և Հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Պետրոսյանը համապատասխանաբար անդրադարձել են վարչական դատավարությունում գրավոր ընթացակարգով  գործերի քննության ինստիտուտի ներդրման և Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման անհրաժեշտությանը, իսկ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանը քննարկման է ներկայացրել կատարողական թերթ տրամադրելու անհրաժեշտության վերացման նպատակահարմարությունն ու հնարավորությունները: 

Աշխատաժողովի ընթացքում Ռաֆիկ Գրիգորյանը, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և Հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը համապատասխանաբար անդրադարձել են դատավորների թվաքանակի և վարձատրության, դատավորների օգնականների թվաքանակի և վարձատրության ավելացման հնարավորություններին, կարիքների գնահատման համատեքստում դատավորների վերապատրաստման ծրագրերի վերանայմանն ու վեճերի լուծման այլընտրանքային միջոցների զարգացման հեռանկարներին: 

Բոլոր թեմաների առնչությամբ տեղի է ունեցել հարցուպատասխան, Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ու դատավորներն իրենց կարծիքն ու լուծման տարբերակներն են ներկայացրել քննարկվող հարցերի վերաբերյալ: 

Աշխատաժողովի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով քննարկումները դարձնել հաճախակի:    

Մեկնաբանություններ (1)

Հրաչյա Հովհաննիսյան
Աշխատաժողովի աշխատանքների կազմակերպումը ողջունելի է: Ցանկանալի է , որ նման աշխատաժողովներին մասնակցեն նաև փաստաբաններ իրավապաշտպան ՀԿ -ներ , և առաջարկություններ ունեցող ցանկացծ ֆիզիկական անձ: Վերջիններս իրենց ամենօրյա աշխատանքում ավելի շատ են շփվում արդարադատության համակարգում առկա թերությունների հետ: Ս/թ փետրվարի 29-ի աշխատաժողովը քննարկել է ընթացակարգային և կառուցվածքային հարցեր, սակայն ոչ այն հարցերը , որոնք հրատապ լուծման կարիք ունեն, այդ թվում՝ 1. Արդարադատության համակարգում կոռուպցիայի կանխարգելման և հետևանքների վերացման խնդիրները, 2. Դատավարական ժամկետների կրճատման հետ կապված հարցեր, 3. Արդարացի դատական ակտերի կայացման հարցերը: Նշված հարցերը կարևոր և առաջնային նշանակություն ունեն , քանի որ համաժողովրդական շարժումը հատկապես այս հարցերի լուծման համար իշխանության բերեց նոր քաղաքական ուժին: < Արդարադատության արդյունավետության բարձրացումը դատական և իրավական բարեփոխումների համատեքստում> թեմայի քննարկումը կազմակերպվել է այն կազմով , որը իրենից ներկայացնում է բարեփոխման ենթակա արդարադատության համակարգը : Հետևաբար աշխատաժողովին մասնակից կազմի ներկայացուցիչները որքան էլ անհատապես լինեն ազնիվ և օրինապահ շահագռգռված չեն բացահայտել արդարադատության համակարգի թերությունները , որտեղ իրենք աշխատում են և ունեն իրենց մասնաբաժինը այդ թերթություններում: Իսկ եթե աշխատաժողվի աշխատանքներին մասնակցեն նաև ՀԿ-ները, փաստաբանները և արդարադատությունից տուժած ՀՀ քաղաքացիները , այդ ժամանակ յուրաքանչյուր դեպքով կբացահայտվի կոռուպցիոն երևույթների սխեմաները և կառաջարկվի արդարադատության համակարգից հեռացնել ու պատասխանանտվության ենթարկել կոռուպցիայի մեջ թաթախված , սակայն ստվերում թաքնված անձանց, որոն ք ապականել են արդարադատության համակարգը: Արդարադատության համամկարգում , այդ թվում նաև դատարաններում եղել և կան ազնիվ և պատվախնդիր պրոֆեսիոնալներ : Արդարադատության համամկարգից կոռուպցիոն սխեմաներում թաթախված թափթփուկներին հեռացնելով կօգնենք ազնիվ և պատվախնդիր պրոֆեսիոնալներին իրենց աշխատանքը հանգիստ պայմաններում կատարելու հարցում:: Քանի դեռ այդ թափթփուկները չեն հեռացվել արդարադատության համակարգից որև է բարեփոխում չի լինի, իսկ բարեփոխմանը ուղղված ցանկացած միջոցառում կօգտագործվի կոռուպցիայի խորացման համար: Առաջարկում եմ ստեղծել հանձնաժողով և սկսել արդարադատության համամկարգի մաքրման գործընթացը , եթե իհարկե կա ցանկություն մաքրել համակարգը :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter