HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Սանոսյան. «Ես ճամբար փոխող մարդ չեմ»

«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր, ծնունդով ջավախքցի Հայկ Սանոսյանը

Պրն Սանոսյան, ՀՀ ԱԺ խորհրդարանական ընտրություններին Ձեր թեկնածությունն առաջադրելո՞ւ եք:

Հիմա ես չեմ կարող ասել, կանխորոշել, բայց որ ընդգրկված կլինեմ, դա ինձ թվում է` անհրաժեշտություն է և պետք է:

Եթե առաջադրվեք, ապա ՀՀԿ ցուցակո՞վ, թե՞ հնարավոր է այլ կուսակցության ցուցակներում հայտնվեք:

Եթե ես շարունակեմ իմ քաղաքական գործունեությունը խորհրդարանում, բնականաբար դա կլինի Հանրապետական խմբակցության հետ: Իսկ թե ինչքանով է դա ռեալ, ցույց կտան մոտակա օրերի իրադարձությունները:

Այսինքն` հնարավոր է չշարունակե՞ք:

Բացառված չէ:

Ինչ-որ խոչընդոտնե՞ր կան:

Չէ, պարզապես եթե ես հանդես եմ գալիս Հանրապետական ֆրակցիայով, Հանրապետական կուսակցությունն ունի բարձրագույն մարմին, գործադիրում կորոշվի` կգնամ, թե չեմ գնա: Ես անկախ պատգամավոր չեմ, որ ինքնուրույն որոշումներ ընդունեմ:

Եթե, այնուամենայնիվ, ՀՀԿ-ի ցուցակում չընդգրկեն Ձեզ, հնարավո՞ր է մեկ այլ կուսակցության ցուցակով առաջադրվեք:

Չէ, ճիշտն ասած`դա իմ սկբունքներին դեմ է, ես ճամբար փոխող մարդ չեմ, կոնկրետ այս թիմի հետ եմ եկել, կցանկանայի այս թիմի հետ աշխատել առաջիկայում: Եթե ոչ, ապա ես ինքնուրույն իմ հնարավորությունների շրջանակում պիտի աշխատեմ իմ ժողովրդի համար, մարդկանց համար:

Եթե պատգամավոր դառնաք, ջավախքցիներին հուզող ի՞նչ խնդիրներ եք առաջադրելու:

Կարելի է ասել` համարյա նույն խնդիրներն են, որոնք առկա են այսօր Հայաստանի նույն սահմանամերձ շրջաններում` թե սոցիալական, թե կրթական, թե մշակութային:

Կոնկրետ իմ գործունեության մասին կարող եմ ասել, որ բնականաբար, իմ գործունեությունը նույն ձևով կշարունակեմ, եթե ընդգրկվեմ ցուցակում, չընդգրկվեմ էլ, ես այնպիսի մարդ եմ, որ իմ ժողովրդի կողքին կանգնած մարդ եմ եղել միշտ` ծնված օրվանից և միշտ էլ մարդկանց հոգսերով զբաղվող մարդ եմ եղել: Եվ, բնականաբար, այս տարիների ընթացքում տարբեր բնույթի հարցեր են եղել, և ես միշտ սատար եմ կանգնել, օգնել եմ մարդկանց` թե կրթական, թե մշակութային, թե սոցիալական, թե առողջապահական խնդիրներով, որոնք ջավախքցիներն ունեցել են Հայաստանի հետ: 24 ժամ իմ հեռախոսը հասանելի է եղել բոլորի համար:

Եթե հետ հայացք նետեք Ձեր գործունեությանը, պատգամավոր լինելով` ի՞նչ հիմնական խնդիրներ եք լուծել:

Տարբեր խնդիրներ, տարբեր հարցեր` թե անհատների հետ կապված, թե գլոբալ տարածաշրջանային: Տարածաշրջանային գլոբալ ծրագրերի հիմնական լոբբինգը ես եմ արել կոնկրետ հայ-վրացական հարաբերությունների մեջ, Ջավախքում վրացական և Հայաստանիի շխանությունների դիրքորոշմանը: Երկու պետությունների կառավարությունների ուշադրությունը ես կարողացել եմ բևեռել Ջավախքի հիմնախնդիրներին: Եվ այսօրվա դրությամբ բավականին լուրջ գործեր կան արձանագրված: Կոնկրետ կարող եմ ասել` Հայաստանից 2008-ին իմ և իմ գործընկեր Տաճառ Վարդապետյանի միջոցով կարողացանք որոշակի գումարներ հայթայթել, և դա ավելի շատ բացառիկ երևույթ էր մեր իրականության մեջ, որ մենք կարողացանք 10 դպրոց հիմնանորոգել Ջավախքում: Այս գործում լումա ունեցան նաև տեղական կազմակերպությունները, նույնիսկ ինքնարժեքից ցածր գներով կարողացան մեզ օգտակար լինել շինանյութերի ձեռք բերման հարցում, և մեզ հաջողվեց ծրագիրն իրականացնել: 

Ես կարողացա Վրացական իշխանություններին ոչ թե համոզել, ոչ թե պարտադրել, այլ զուտ ճիշտ ներկայացնելով իրավիճակը` հասնել նրան, որ ամբողջ Ջավախքը գազիֆիկացվում է: Դա ջավախքցիների համար հեքիաթային մի բան էր, որ ոչ ոք` նույնիսկ Վրաստանի իշխանությունները չէին պատկերացնում, թե ինչպես կարելի է լեռնային շրջաններում գազիֆիկացնել, և այսօր դա իրականություն է դարձել, մարդկանց հոգսը մի քանի անգամ թեթևացել է, և, բնակաբանաբար, տնտեսությունն ունեցավ աճի տեմպեր և գրավիչ է դարձել թե հայ, թե վրացի բիզնեսմենների համար, ովքեր կարողանում են իրենց տնտեսական ծրագրերն ավելի ակտիվորեն իրականացնել Ջավախքում:

Այս տարիների ընթացքում ինձ հաջողվեց Հայաստանի և Վրաստանի մի շարք գերատեսչությունների միջև կապ հաստատել, կոնկրետ ԿԳ նախարարությունների միջև, և այսօր բավականին ջերմ և բարձր մակարդակի վրա է դրված: Բազմաթիվ առաջարկությունների, բազմաթիվ պահանջների արդյունքում կարողացա հասնել նրան, որ երկու կարևոր գերատեսչությունները համագործակցում են և արդյունքում շահում են հայաբնակ Վրաստանի շրջանները:

Ո՞րն էր համագործակցության արդյունքը, եթե նախորդ տարի հայերենի դասաժամերը կրճատեցին:

Դե, Վրաստանն անկախ պետություն է, բնականաբար ունի իր ծրագրերը ցանկացած ոլորտում: Դժվար է մտնել մի պետության մեջ և այդ պետության ծրագրային դրույթները փոխել, բայց համեմատաբար այդ հանդիպումների արդյունքում լուրջ քայլեր տեղի ունեցան: Պետք է մատնանշեմ, որ ավանդաբար 4-րդ տարին է` Ջավախքի և հայաբնակ այլ շրջանների դպրոցների մասնագետների սեմինարներ են կազմակերպվում Քութայիս քաղաքում, որոնց համար վերապատրաստման դասընթացներ են անցկացնում Հայաստանի մասնագետները: Ես դա համարում եմ բավականին առաջընթաց քայլ: Տարբեր ծրագրեր են իրականացվում. փոխադարձ այցելություններ ուսանողների միջև, շատ հետաքրքիր ծրագիր է իրականացվում` հայաստանյան բուհերում վրացերենի դասավանդում:

Դա շատ կարևոր հանգամանք է, որ հարևանիդ լեզուն իմանաս, նամանավանդ Ջավախքում և Վրաստանում ապրող հայերը պետք է պարտադիր իմանան վրացերենը, որ կարողանան ինտեգրվել պետության հասարակական, քաղաքական աշխատանքներին: Ես չեմ ասում` պետք է պարտադրել, բայց ցանկալի է, որ Վրաստանում ապրող հայը տիրապետի վրացերեն լեզվին, որպեսզի տեղեկանա` ինչպիսի գործընթացներ են գնում այդ պետության մեջ: Այսօր գյուղատնտեսական ծրագրեր են իրականացվում, բնականաբար քաղաքացին պետք է իմանա, որ տեղյակ լինի:

Իմ անմիջական նախաձեռնությամբ 4-5 տարի կարողացել եմ միջնորդել վրացական իշխանությունների մոտ, որպեսզի դրսից` Թուրքիայից և Ուկրաինայից չներմուծվի կարտոֆիլ: Ես կարողացել եմ այնպիսի դաշտ ստեղծել, որ այդ ճանապարհները փակվեն, որպեսզի ներքին արտադրողի շահերը պաշտպանվի: Ջավախքում հիմնականում ժողովուրդը զբաղվում է հողագործությամբ և կարտոֆիլի մշակմամբ:

Վրաստանի պառլամենտի մեր հայ պատգամավորների հետ համագործակցելով կարողացել եմ առաջարկություններ ներկայացնել` կապված գյուղատնտեսության, մշակութային ծրագրերի հետ: Եվ դա հաջողվել է, և այսօր Ջավախքում բազմաթիվ դպրոցներ վերանորոգվեցին պետական բյուջեի միջոցներով: Համարյա բոլոր գյուղերում առկա են մարզային համալիրներ: Այս տարվա բյուջեով ծրագրվում է ոռոգման ցանցերի վերանորոգում, դա նույնպես իմ առաջարկությունն էր:

Ձեր թվարկածների մեծ մասը կապված էր Վրաստան պետության հետ, չե՞ք ուզում Վրաստանի խորհրդարանում առաջադրվել:

Կարծում եմ, այսօր ավելի շատ կարելի է ժողովրդավարական դիվանագիտությամբ գործեր անել, քան պետական ստրուկտուրաները, որովհետև Հայաստանը և Վրաստանը բոլորովին տարբեր դաշտերում են գտնվում. մեր ռազմավարական գործընկերը Ռուսաստանն է, նրանցը` Ամերիկան, բնականաբար, այստեղ պետությունների շահերը բախվում են, և ընդհանրապես տարածաշրջանում կան բազմաբևեռ շահեր` Թուրքիան, Ադրբեջանը, որոնց հետ Վրաստանը շատ ջերմորեն համագործակցում է:

Մեր երկու պետությունների խորհրդարանների մեջ կապը այս տարիների ընթացքում շատ թույլ է եղել, ընդամենը ես հիշում եմ, որ նրանք մեկ անգամ են այցելել մեր խորհրդարան, մենք ընդհանրապես չենք գնացել Վրաստան, դրա համար միջխորհրդարանական կապը շատ թույլ է եղել: Հիմա էլ թույլ է: Առաջիկա խորհրդարանը որ ձևավորվի, ես կլինեմ, թե չեմ լինի, կոչ եմ անում, որ սերտ համագործակցեն, որովհետև խնդիրները միշտ հարևանների հետ է լինում:

Որո՞նք են այդ խնդիրները, որոնք կցանկանայիք անդրադառնալ ապագա խորհրդարանում:

Այսօր շատ հարցեր կան, օրինակ, մեր ապրանքների տրանզիտ արժեքը բավականին թանկ է: Մեր ապրանքաշրջանառության գրեթե 75 տոկոսը Վրաստանի տարածքով  ենք բերում և տանում: Երկու պետությունների միջև պետք է այդ հարցը արծարծվի, որպեսզի կարողանանք հասնել այն բանին, որ ինչ-որ չափով բեռնափոխադրումների արժեքը պակասեցնեն:

Շատ կարևոր խնդիր է Աբխազիայի երկաթգծի վերաբացումը, որ ես բազմիցս քննարկել եմ Աբխազիայի մեր գործընկերների հետ: Բարդ իրավիճակում են թե իրենք, թե մենք, բայց պետք է լոբբինգ արվի, որ հասնենք այն բանին, որ երկաթգիծ ունենանք Ռուսաստանի հետ: Դա կյանքի խնդիր է:

Ես նաև վրացական իշխանությունների ուշադրությունը մի հանգամանքի վրա եմ ուղղում, ասում եմ, որ ազգային փոքրամասնություններին պետք է լայն լիզորություններ տրվի, ինչ խոսք` կարելի է նաև հայոց լեզվին տալ տարածաշրջանային կարգավիճակ: Այսինքն` իրենք պետք է կոնկրետ քայլեր անեն Ջավախքում կամ Մառնեուլում, որպեսզի աբխազներն ու օսերն էլ համոզվեն, որ, իրոք, վրացիները պատրաստ են ազգային փոքրամասնություններին արտոնյալ հնարավորություններ տալ, կարգավիճակ տալ:

Շուրջ 99 տոկոս հայերով բնակեցված շրջանը պիտի ունենա լեզվի կարգավիճակ, որովհետև այսօր բարդ է գործընթացներին մասնակցելը, թղթաբանություն կա, հազար ու մի հարցեր կան, բայց ես կողմնակից եմ նաև նրան, որ վրացերենի իմացություն էլ ունենա մեր ժողովուրդը:

Պրն Սանոսյան, հավանաբար տեղյակ եք, որ Ջավախքի դպրոցներում նախորդ տարի 5, այս տարի արդեն 15 տոկոս ներդրվել է վրացերենով բոլոր առարկաների դասավանդման ծրագիրը: Այսինքն` բոլոր առարկաները աստիճանաբար պետք է վրացերենով անցնեն:

Ես չեմ կարծում, որ 100-տոկոսանոց վրացերենի անցնեն, այդպիսի բան հնարավոր չէ: Կարող է դա ցանկություն է, պարզապես առաջարկվում են մոդելներ: 15 տոկոսը մեծ թիվ չի կազմում, և ես կարծում եմ, որ դա կնպաստի վրացերենի իմացությանը: Իրենք այդքան մասնագետներ էլ չունեն, որ կարողանան բոլոր առարկաները վրացերեն դասավանդել: Կարող է մեկը հայտարարել է, որ այսպիսի բան են ուզում անել: Օրինակ` վրաց եկեղեցին սուրբ Նինոյի նստավայրը հիմնեց Փարվանա լճի ափին, գործուղեցին 2 տասնյակ հոգևորականներ, որպեսզի հոգևոր ծառայություն մատուցեն, մի քանի տարի հետո 2 տասնյակից 4-5 հոգի մարդ մնաց, որովհետև դժվար է լեռներում ապրել: Մենք գենետիկորեն պատրաստ ենք այդ բնակլիմայական պայմաններին դիմակայել:

Բավականին լուրջ է Վրաստանում հայկական եկեղեցիները հարցը. Սուրբ նշանը վառվեց և փլուզվեց մասնակի, դրանից առաջ Մուղնեցոց Սուրբ Գևորգն էր խոնարհվել, Նորաշենի վիճակն էլ լավ չէ, այս ոլորտում որևէ բան անո՞ւմ եք:

Այս ոլորտում բավականին սառույցը հալվում է, անցյալ տարի որ մեր երկու հայրապետները հանդիպեցին, բավականին լայն հարցերի շրջանակ քննարկվեց: Մենք, անհատներոս կարող ենք շատ բան անել, բայց ինչու եմ ես շեշտում, որ հիմնականում այս հարաբերությունները պետք է համապատասխան մարմինների ջերմ շփումից լինի:

Այդ «ջերմ շփումների» ժամանակ արդեն Լոռու եկեղեցիներին են հավակնություններ ներկայացնում:

Բնական է, եթե մենք մի բան պահանջում ենք, մի բան էլ իրենք պետք է պահանջեն: Դա ցանկություն է, բայց պետք է նաև նայենք պատմական փաստերին: Պահանջելը մի հարց է, բայց իրական պատկանելիությունը պետք է որոշվի:

Ջավախքում ունեցած ձեր բիզնեսներն ի՞նչ վիճակում են, բարգավաճե՞լ են այս տարիներին:

Կոնկրետ ես բիզնեսներ չունեմ Ջավախքում: Իմ եղբայրն ունի: Նա բավականին հաջողված բիզնեսմեն է, բիզնեսի առումով էդքան հաջողված չէ, որքան որ աշխատատեղեր ստեղծելու առումով: Այսօր աշխատողների թիվը մոտ 1000-ի է հասնում: Եվ դա մեծ զարկ տվեց Ջավախքի թե տնտեսական, թե բարոյահոգեբանական առումով: Նույնիսկ այսօր տենդենց կա, որ մեր դրսի բիզնեսմենները գալիս են իրենց պապենական տները վերանորոգում են, ջրաֆիկացնում են, գազիֆիկացնում են` ակնկալիքով, որ մի օր պետք է վերադառնան և ապրեն այնտեղ: Սա մեր կողմից կարելի է ասել` պրոպագանդա է շատ ուժեղ, և այս 5-6 տարիների ընթացքում բավականին արդյունքի հասանք այդ առումով: Իսկ ես կոնկրետ բիզնես չունեմ այնտեղ, բայց կցանկանայի:

Օրինակ` ի՞նչ բիզնես կդնեիք:

Եթե հնարավորություններս ներեն, և ընդհանրապես ես իմ շրջապատի մարդկանց միշտ ասում եմ, որ Ջավախքում կարելի է ներդրումներ անել գյուղատնտեսության բնագավառում` անասնապահական ֆերմաներ ստեղծել, հողագործությամբ զբաղվենլ, կարտոֆիլ մշակել, կտավատ ցանել, որը մի ժամանակ Ամասիայում էինք անում, ոչխարաբուծությամբ զբաղվել:

Ձեր եղբոր օրինակով կարող եք ասել` Ջավախքում ներդրումներ անելը և բիզնես սկսելը շահավե՞տ է, թե՞ միայն ինքնածախսածածկվում է:

Ճիշտն ասած` ես այդ հարցերով չեմ հետաքրքրվել, բայց որ այսքան տարի աշխատում է, բնականաբար որոշակի շահույթ էլ ունի, հնարավոր չէ բիզնեսը անընդհատ ֆինանսավորել: Ընդլայվել է նրա բիզնեսը, այսօր արդեն իմ եղբայրը մտել է տուրիզմի բնագավառ, հյուրանոցներ է սարքում Ջավախքում, որպեսզի կարողանա Ջավախքն ավելի գրավիչ դարձնել, նաև Բորժոմիում:  

Մենք միշտ նախագահ Սահակաշվիլլին էլ օգնել ենք, և դրա դիմաց պահանջում ենք, որ ուշադրություն դարձնի Ջավախքին: Վերջերս Ջավախքում լեռնադահուկային մարզադպրոց բացվեց, հիմա երկրորդն է կառուցվում` Փարվանա լճի մոտակայքում: Հավանաբար շուտով օդանավակայան կսարքեն: Այդ մասին ես միշտ հիշեցնում եմ բոլոր հանդիպումներին, խոստացել է միջազգային չափորոշիչների համապատասխան օդանավակայան կառուցել: Նախկինում եղել է փոքր ինքնաթիռների համար, բայց հիմա խոստացել է և կարծում եմ` մոտակա տարիների ընթացքում կլինի: 

Պրն Սանոսյան, Դուք դեռ «Վիրահայերի միասնության» անդա՞մ եք: 

Չէ, ես դուրս եկա: 

Ինչու՞: 

Չեմ ուզում այդ մասին խոսել: Հիմա մենք ստեղծել ենք Ջավախքի զարգացման հիմնադրամ ՀԿ և ուզում ենք մեր համար աշխատել: 

Ի՞նչ է անում հիմնադրամը: 

Մենք հիմնադրամը անցյալ տարվանից ենք ստեղծել, և բազմաթիվ ջավախքցի ուսանողների օգնեցինք` և գումար տրամադրելով, և ավարտած ուսանողներին աշխատանքի տեղավորելով: Մենք ուսանողների հետ սերտ համագործակցում ենք, միակողմանի ծնողազուրկ, սոցիալապես անապահով ուսանողներ, որոնք առաջադիմություն ունեն ուսման բնագավառում, մենք օգնում ենք և համապատասխան մասնագետների հետ համագործակցում, որպեսզի Ջավախքում նրանց աշխատանքով ապահովենք, որպեսզի Ջավախքի ուսանողներն այստեղ սովորեն, կրթվեն ու հետ վերադառնան Ջավախք: 

Պայմանագրայի՞ն հիմունքներով եք օգնում նրանց, որ հետ վերադառնան պարտադիր: 

Մտածում ենք, դեռ քննարկման փուլում է, թե ինչ տարբերակներով կարելի է, բայց ամեն դեպքում արդեն փաստեր կան արձանագրված: 

Ուրիշ ինչո՞վ է զբաղվում հիմնադրամը: 

Նաև տնտեսական ճյուղ ունի, որ մեր հայրենակիցներին կարողանանք ուղղորդել, թե կոնկրետ որ բնագավառում ներդրում անեն Ջավախքում: Օրինակ` շատ հայրենակիցներ ունենք, որոնք Ռուսաստանում կայացած բիզնեսմեն են, գալիս են իրենց գյուղ, եթե եկեղեցի կա, իրենք երկրորդն են սարքում, որի անհրաժեշտությունը չկա: 

Ֆինանսական ի՞նչ միջոցներով է գործում հիմնադրամը: 

Առայժմ մեր անձնական միջոցներն են: 

Մեր ասելով` ո՞ւմ նկատի ունեք:

Մեր, եղբորս էլի: Ես չունեմ, որ ունենամ շատ լավ կլիներ:

Մեկնաբանություններ (7)

Արսեն Համբարյան
Այդ մեկնաբանությունը ես չեմ գրել, ուրիշ Արսեն Համբարյան է
Վրեժ
Արսեն Համբարյան, չեղած բաներից մի կառչեք ու հակաքարոզչությամբ մի տարվեք: Դուք կամ անտեղյակ եք, կամ էլ պառզապես :
Vardanyan
Արսեն Համբարյան ջան,ամեն ինչ չէ որ խոսելով է,դու երեվի տեղյակ չես պրն. Սանոսյանի գործունեությունից,դրա համար էլ տենց բաներ չգրես !!!
Արսեն Համբարյան
Արտակ Գրիգորյան-ին: Հայկ Սանոսյանին մասնավորապես և Սանոսյանների ընտանիքին ընդհանրապես ոչ միայն ARTHUR SEYRANYAN-ը ալև բոլոր ջավախքցիներն են լավ ճանաչում: Կարող գիտեք ջավախքցիները մոռացել են Սանոսյան եղբայրների կողմից վրացի հանցագործների համար Գանձա գյուղի մերձակայքում Սաղամո լճի ափին կառուցվելիք ազատ ռեժիմի բանտի մասին, նրանք չէին որ ուզում էին սեփական գրպանները լցնելու համր ջավախքը լցնել վրացի հանցագործներով ու դուրպրծուկներով: Էտ նույն Սանոսյան Հայկը հինգ տարվա պատգամավորության ժամանակ գոնե հինգ անգամ չխոսեց Ջավախքի ու ջավախքցուն հուզող խնդիրների մասին:
Արտակ Գրիգորյան
Արթուր Սեյրանյանին: Պետք չէ այդպես հեգնական տոնով խոսել մի մարդու մասին, որին չեք ճանաչում, և տեղյակ չեք նրա կատարած գործերի մասին: Վերջիվերջո այդ հարցերը այդպես հեշտ չեն լուծվում: Ես անձամբ առիթ ունեցել եմ շփվել Հայկ Սանոսյանի, նրա ընտանիքի հետ, և տեսել եմ նրանց նվիրումն ու հոգատարությունը, մեծ սերը Ջավախքահայության, և ոչ միայն նրանց, այլ ընդանրապես Հայ մարդու, Հայրենիքի և Հայ Եկեղեցու հանդեպ: Նրա ունեցած այդ մեծ սերը թույլ չի տա նրան երբեք վարվել այլ կերպ, քան իր անձը և հնարավորությունները ծառայեցնել հանուն մեր ժողովրդի բարեկեցության: Եվ այդ ամենը պայմանավորված չէ Պրն. Սանոսյանի պատգամավոր լինելով: Դա ուղակի ավելի լայն հնարավորություն է ստեղծում նրան` իր ուժերը ավելին կարողանալու ծառայեցնել հանուն ազնիվ գաղափարի, հանուն մեր երկրի բարեկեցիկ ապագայի: Նման մարդիկ արժանի են գովասանքի, սա ուղակի խոսքեր չեն:
ARTHUR SEYRANYAN
Փաստորոն Վրաստանը Ջավախքում ինչ արել է, Հայկի խորհրդով է արել; Լավ ել լսում են: Հետաքրքիր է, Ջավախքի հայաթափմանն ւղղված քայլերը, Հայոց դասաժամերի կրճատումև, Վրաստանի սահմանով հայկական գրականության արգելքը, Հայաստանցի մի շարք գործիչներին ապօրինաբար Վրաստան արգելելը նւյնպես Հայկ Սանոսյանի խորհրդով է արվում????????
Արմեն Հեշտիա
.....Կարծես թե դա շատ վաղուց էր,կամ ինչպես ուրիշ կյանքում Բոգդանովկայի հավաքականի կազմում մեկնում էինք Ցխինվալի՝մասնակցելու շախմատային օլիմպիադային:Լինելով բնածին ամաչկոտ ու քաշվող անձնավոըություն,մեղքս ինչ թաքցնեմ,ուղղակի սարսափով էի լցված:Սակայն այդ զգացումը հօդս ցնդեց երբ ծանոթացա մեր հավաքականի մյուս անդամնեըի՝եղբայրներ Հայկի,Արամի,Տիգրանի ու մեր մաըզչի՝նրանց հայրիկ Արտուշ Սանոսյանի հետ:Մինև հիմա անչափ եըախտապաըտ եմ տղաների և Մեծ Մանկավարժի ջերմ վերաբերմունքից: Մեր կոլեկտիվը վատ հանդես չեկավ(ինքս ցույց տվեցի հիսուն տոկոսանոց արդյունք-4հաղթանակ և պարտություն)ու կյանքում երբեք չեմ մոռանա ընկեր Սանոսյանի տարակուսանքով և հանդիմանալից հայացքը, երբ Ախալցխայի հավաքականի հետ առաջին տուրում ես ընդամենը քսան րոպեի ընթացքում պարտվեցի և դահլիճից դուրս գալով հայտնեցի նրան այդ մասին:Արամի՝սև ֆիգուրներով գեղեցիկ հաղթանակը,երբ մրցակիցն ուներ երկու թագուհի,նույնպես անչափ տպավորիչ էր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter