Մարտի 3-ից 5-ը կանցկացվի «ART EXPO» արվեստների ցուցահանդեսը
Մարտի 3-ից 5-ը Երևանում կանցկացվի «ART EXPO» արվեստների ավանդական ցուցահանդեսը: Այս տարի «ART EXPO»-ի հիմնական ցուցադրական մասը բաղկացած է 44 հատվածից, որում ներկայացվող ավելի քան 200 ծրագրերն ու նախագծերը, շուրջ 35 շնորհանդեսները հնարավորություն կտան մեկ ընդգրկումով ծանոթանալու նախորդ տարվա հայրենական մշակութային արտադրանքին, մշակութային կյանքի հիշարժան դրվագներին` կատարվածին ու սպասվելիքին:
Երևանը` որպես գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսակրի և հայ տպագիր գրի 500-ամյա հոբելյանին նվիրված` 2012 թ. «ART EXPO»-ն կանցնի գրի, գրականության ու գրավոր ժառանգության խորհրդի ներքո:
Այս տարի ևս «ART EXPO»-ն կանցկացվի Հայաստանի նկարիչների միությունում, որի
- 1-ին և 2-րդ հարկերի 44 պայմանական գոտիներում թեմատիկ խորագրերի ներքո («Գրական Հայաստան», «Մեր անկախությունը 20 տարեկան է», «Համայնքային էքսպո», «Գրավոր ժառանգության ակունքներում», «Ավանդական արվեստ, արհեստ, կենցաղ», «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա», «Հայկական ներկապնակ. միջազգային հասցեներ» և այլն) և 3-րդ հարկի սրահում այցելուն հնարավորություն կունենա ծանոթանալու հայկական մշակութային համայնապատկերին,
- 1-ին հարկի սրահում ժամը 18:00-ից կհնչի ջազ, նախասրահում կգործի գրական սրճարանը,
- այցելուները հնարավորություն կունենան նաև ծանոթանալու «Մուտքը` գրքով» ակցիայի արդյունքում հավաքված գրականությանը. 13.552 անուն գիրքն ու ՀՀ մշակույթի նախարարության պետական պատվերով հրատարակված 10.000 միավոր գրականությունը մարտի 5-ին կբաշխվի ու կուղևորվի 9 մարզի 28 սահմանամերձ գրադարան: «ART EXPO»-ի օրերին այդ գրականությունը կարող է համալրվել նաև շնորհիվ ցուցահանդեսի այցելուների նվիրատվությունների,
- ցուցահանդեսի շրջանակներում կպարգևատրվեն Հայկական գրատպության 500-ամյակի հոբելյանական ծրագրերի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հայտարարած «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը» թեմայով շարադրությունների և «Լեզուն հայրենիք է» թեմայով էսսեների մրցույթների հաղթողները:
«ART EXPO» ցուցահանդեսը նախաձեռնել է ՀՀ մշակույթի նախարարությունը: 2009 թ. մեկնարկած այս ցուցահանդեսը, շարունակաբար ընդլայնվելով, արվեստների ցուցահանդեսից վերածվել է նոր ծրագրեր, գաղափարներ, նախաձեռնություններ ներկայացնելու մշակութային հարթակի:
2009 թ. նախաձեռնությանը մասնակցել է 20 մշակութային կազմակերպություն, և ներկայացվել է 10 ծրագրի շնորհանդես, 2010 և 2011 թթ.` յուրաքանչյուր տարի մասնակցել են ավելի քան 50 պետական և հասարակական կազմակերպություն ու կառույց` ներկայացնելով համապատասխանաբար 16 և 17 շնորհանդես:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել