HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վատիկանը բացում է Հոլոքոստի մասին Պիոս XII պապի արխիվները

Մի շարք երկրների պատմաբաններ, որոնք ձեռնամուխ են եղել Հռոմի Պիոս XII պապի արխիվների ուսումնասիրությանը, ցանկանում են պարզել, թե ինչու Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հստակ դիրքորոշում կամ վերաբերմունք չուներ Հոլոքոստի վերաբերյալ։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ 

Առաջին անգամ Վատիկանը պատմաբաններին հնարավորություն է տվել ուսումնասիրել Պիոս XII պապի արխիվները, որը մեղադրվում է հիտլերյան ռեժիմին ցուցաբերած ակտիվ օժանդակության մեջ։Պատմաբանները երկար էին պայքարում արխիվների հենց այս հատվածի գաղտնազերծման համար։ Պիոս XII-ի քննադատները մեղադրում էին պապին նրանում, որ վերջինս երբևիցե հանրայնորեն չի դատապարտել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած հրեաների ցեղասպանությունը։ Այդուհանդերձ, որոշ պատմաբաններ էլ պնդում են, որ պապը փորձել է անդրկուլիսյան ճանապարհներով խոչընդոտել գերմանացիների գործողություններին։

Գիտնականներից դեռ երկար ժամանակ կպահանջվի՝ հասկանալու դիրքորոշման իրական հիմքերը, քանի որ այդ ժամանակահատվածի վերաբերյալ Վատիկանի արխիվային փաստթղթերը գերազանցում են 16 միլիոն էջը եւ գրված են տասնյակ լեզուներով։ Ըստ գերմանացի պատմաբան Սաշի Հինկելի՝ առկա տեղեկատվության ողջ ծավալի ուսումնասիրության համար կպահանջվի երկու տասնամյակ։ Ուսումնասիրությանը մասնակցելու հայտ են ներկայացրել ամբողջ աշխարհի շուրջ 200 պատմաբաններ։ Նրանց թվում են Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարանի աշխատակիցները, ինչպես նաև Պիոս XII պապի պոնտիֆիկատի (Կաթոլիկ եկեղեցու կառավարման ժամանակաշրջան) հետազոտող, Մյունսթերի համալսարանի պատմության պրոֆեսոր Հուբերտ Վոլֆը։

Պատմաբանների խոսքերով՝ Հիսուսի միաբանության արխիվներում կան մի քանի փաստաթղթեր, որտեղ Պիոս XII-ը տեղեկացնում է համակենտրոնացման ճամբարների գոյության մասին։ Հուբերտ Վոլֆը նշում է, որ պատմաբանները փորձելու են բացահայտել նաև, այսպես կոչված, «առնետների ուղին»։ Վերջինս երթուղի էր, որը, ըստ որոշ պատմաբանների, կազմակերպվել է կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան որոշ ներկայացուցիչների կողմից՝ նպաստելու պատերազմից հետո նացիստական ռազմական հանցագործների փախուստի կազմակերպմանը դեպի Հարավային Ամերիկայի երկրներ։

Հռոմի Պիոս XII պապը կաթոլիկ եկեղեցու ժամանակակից պատմության ամենահակասական կերպարներից մեկն է։ Եթե պատմաբանները կարողանան ապացուցել, որ Հռոմի պապն աչք է փակել հրեաների դեմ իրագործվող ցեղասպանության վրա, ապա այն մեծ հարված կլինի եկեղեցու հեղինակությանը, որը վերջին ժամանակաշրջանում էապես տուժել է մանկապղծության հետ կապված սկանդալներից։

Մեկ տարի առաջ Ֆրանցիսկոս պապը որոշել էր գաղտնազերծել արխիվները՝ հայտարարելով, թե եկեղեցին չի վախենում պատմությունից։ Նրա խոսքերով՝ Պիոս XII-ը եկեղեցին ղեկավարում էր դժվարին ժամանակաշրջանում, երբ ստիպված էր ընդունել որոշումներ, որոնք հիմնված էին համամարդկային և քրիստոնեական բարոյականության վրա։ Հետաքրքրական է, որ մինչ Հռոմի պապ դառնալը Էուջենիո Պաչելին կամ Պիոս XII-ը եղել է Գերմանիայում պապական նունցիա (եկեղեցական-դիվանագիտական ներկայացուցիչ), որը տեսել էր նացիստների իշխանության գալը։

Լուսանկարը՝ Wikimedia Commons

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter