«Նարեկացի»-ին թույլ չե՞ն տվել մասնակցել ARTEXPO-2012-ին (տեսանյութ)
«Մարտի 2-ին, երբ ARTEXPO-ն է ընթանում, «Նարեկացի» արվեստի միությունը պիտի մերժվի մասնակցությունից: Բայց նայեք` ինչն է. երբ որ զուգահեռ մի քանի իրականություն կա մեր երկրում եւ մեր հայկական իրականությունում, այդ իրականությունները սկսում են գործել, սկսում են աշխատել: Եվ այսօրվա համերգը, եւ մեր մասնակցությունը համերգին խորհրդանշական են: Մենք ցույց ենք տալիս, որ այդ զուգահեռ տարածությունը կա, այն աշխատում է»,- այսօր` «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցած համերգի ժամանակ, ասաց երգահան Վահան Արծրունին:
Հակառակ որ` Նարեկ Հարթունյանի խոսքով՝ համերգի եւ ցուցահանդեսի կայացման հարցում մեծ դեր ունի նախախնամությունը, իսկ այս համերգով ու ցուցահանդեսով պարզապես բացվեց «Նարեկացի» արվեստի միության միջոցառումների գարնանային 8-րդ շրջանը: «Ես այցելեցի Հակոբ Հակոբյանին, ով ինձ նվիրեց իր «Գարնանային պեյզաժ» աշխատանքը, սա էլ դարձավ առիթ, որ ցուցահանդեսի միտք հղանա»,- ասաց «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանը:
«Նարեկացի»-ին իրենց աշխատանքներն են նվիրել նաեւ արվեստագետներ Զավեն Սարգսյանը, Վարդան Պետրոսյանը, Արթուր Մանուչարյանը, Տիգրան Մատուլյանը, Սուրեն Մանվելյանը, Անատոլի Ավետյանը, Հակոբ Հովհաննիսյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, Արտո Չաքմաքչյանը, Արարատ Սարգսյանը, Սարգիս Համալբաշյանը: Հենց այս արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսի բացումն այսօր տեղի ունեցավ «Նարեկացի» արվեստի միությունում:
«Ես նվիրել եմ իմ աշխատանքը «Նարեկացի» արվեստի միությանը նրա իրականացրած գործունեության համար, քանի որ այս մշակութային օջախը շատ-շատերին տալիս է հնարավորություն ուղղակի ներկայանալու»,- ասաց գեղանկարիչ Տիգրան Մատուլյանը` պարզաբանելով, թե ինչու է ինքը իր աշխատանքը նվիրել «Նարեկացի»-ին:
Ցուցահանդեսին զուգահեռ տեղի ունեցավ նաեւ համերգ, որի բացումը կատարեց «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը` Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործությամբ: Այնուհետեւ ելույթ ունեցան թավջութակահար Արամ Թալալյանը, երգչուհի Հասմիկ Բաղդասարյանը Լեւոն Իսկենյանի դաշնամուրային նվագակցությամբ, Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), դաշնակահար Վահագն Հայրապետյանը, հեղինակային կատարողներ Ռուբեն Հախվերդյանն ու Վարդան Գալստյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել