Առաջարկում են խստացնել սուտ մատնության համար սահմանված պատիժը
Արդարադատության նախարարությունն առաջարկում է խստացնել սուտ մատնության համար սահմանված պատիժը:
Առաջարկվող փոփոխությամբ՝ եթե անձը գիտակցել է, որ հանցագործության մասին տրամադրած իր տեղեկատվությունը կեղծ է, սուտ մատնություն կատարելու համար կպատժվի տուգանքով՝ 500-800 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ էլ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։ Գործող կարգով՝ այդ արարքի համար անձը պատժվում 1 տուգանքով՝ 200-400 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Իսկ եթե սուտ մատնությունը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով կամ կատարվել է շահադիտական դրդումներով, անձը կպատժվի ազատազրկմամբ՝ առավելագույնը 6 տարի ժամկետով՝ նախկին 5 տարվա փոխարեն:
Արդարադատության նախարարությունը կարծում է, որ սուտ մատնության համար սահմանված պատիժը խստացնելով՝ դրանց թիվը կնվազի, հետևաբար՝ վարույթն իրականացնող մարմնի ժամանակն ու միջոցներն արդյունավետ կօգտագործվեն։
«Անտեսելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության հանգամանքը՝ շատ քաղաքացիներ շարունակում են իրականությանը չհամապատասխանող հաղորդումներ ներկայացնել, ինչը, միանշանակ, վկայում է սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվությունը խստացնելու անհրաժեշտության մասին»,-ընդգծել է արդարադատության նախարարությունը։
Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2016-2019 թվականներին գրանցվել է սուտ մատնության 496 դեպք, որից միայն 163-ը՝ հատուկ քննչական ծառայությունում: Սակայն սուտ մատնությունների փաստով հարուցված քրեական գործերը հիմնականում ավարտվել են մեղադրական եզրակացությամբ և ուղարկվել դատարան` մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:
«Տարբեր հանցագործություններ կատարած անձինք իրենց առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու, պաշտոնատար անձանց վարկաբեկելու, նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներն անթույլատրելի դարձնելու, հաճախ նաև իրավապահ մարմնի այս կամ այն աշխատակցից վրեժ լուծելու նպատակով՝ իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ դիմում-հաղորդումներ են ներկայացնում Հատուկ քննչական ծառայություն կամ հենց դատաքննության ժամանակ հայտարարություններ են անում իրենց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառելու մասին»,-ընդգծել է արդարադատության նախարարությունը։
Նախարարությունը մտահոգվում է, որ սուտ մատնությունը հարկադրում է քննիչին ոչ միայն ուժեր ու միջոցներ վատնել չկատարված հանցագործության բացահայտման համար, այլև կորցնելով ժամանակը` քննությունը տանել սխալ ճանապարհով: Հաշվի առնելով քննչական մարմինների գերծանրաբեռնված ռեժիմով աշխատելու պայմանները՝ նախարարությունն անթույլատրելի է համարում նրանց ներուժի նման օգտագործումը։
Լուսանկարը՝ www.amic.ru-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել