HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզում ապօրինի անտառահատումների դեպքերով ավելի շատ գործեր են դատարան ուղարկվել և անձինք դատապարտվել

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Լոռու մարզի դատախազությունում իրականացված ամփոփման համաձայն՝ 2019թ. ընթացքում մարզի տարաքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 243 դեպք, որոնցից 94-ով հարուցվել են քրեական գործեր: 2018թ. ընթացքում այս բնույթի դեպքերով հարուցվել էր 63 քրեական գործ, այսինքն՝ 31-ով կամ 49,2 %ով պակաս։

Բարելավվել է այս բնույթի դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննության որակը: Միայն 2019թ. ընթացքում դատարան է ուղարկվել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննված 38 քրեական գործ՝ 40 անձի վերաբերյալ, այն դեպքում, երբ 2018թ. ընթացքում դատարան է ուղարկվել 10 քրեական գործ՝ 10 անձի վերաբերյալ: Այսինքն դատարան ուղարկված քրեական գործերի թիվն աճել է 28-ով կամ 280%-ով, իսկ անձանց թիվը՝ 30-ով կամ 300%-ով։

Ավելին, հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն աճել է նաև դատարանում ավարտված քրեական գործերի թիվը: Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում դատարանում քննված քրեական գործերից մեղադրական դատավճիռներով ավարտվել է 27 քրեական գործ՝ 29 անձի վերաբերյալ, այն դեպքում, երբ 2018թ. ընթացքում դատարանում քննվել և ավարտվել են 7 քրեական գործ 7 անձի վերաբերյալ: Այսինքն աճը կազմել է մոտ 4 անգամ:

Հարկ է նշել, որ 2019թ. ընթացքում միայն Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո նախաքննության և դատաքննության փուլում գտնվող քրեական գործերով հայտնաբերվել է բնությանը պատճառված շուրջ 322 մլն դրամի վնաս, որը 2018թ. ցուցանիշը գերազանցում 12.5%-ով։ Վերականգնվել է 3մլն դրամ, որը 2018թ. համեմատ կրկնակի ավելի է: Չվերականգնված գումարի մի մասով կալանք է դրվել մեղադրյալների շարժական, անշարժ գույքի վրա, մյուս մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։

Բնապահպանական իրավախախտումների վերաբերյալ դեպքերի բացահայտման դրական ցուցանիշը պայմանավորված է նաև քննությունների համակողմանիության ապահովման հացրում դատախազական գործառույթների հետևողականությամբ: Ապօրինի ծառահատումների դեպքերով հարուցվող յուրաքանչյուր քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազներն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում առերևույթ հանցավոր արարաքներին անտառային տնտեսություն վարող պատասխանատու պաշտոնատար անձանց՝ այս կամ այն կերպ հնարավոր ներգրավվածությանը:

Օրինակ՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով քննվող 2 քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը պարզել է, որ մի դեպքոմ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի, մյուս դեպքում «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ և անբարեխիճ վերաբերմունքի հետևանքով ինքնությունը չպարզված անձինք իրականացրել են մեծածավալ ապօրինի հատումներ, որոնց հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ առաջինի դեպքում 5․6մլն  դրամի, երկրորդի դեպքում 23 մլն դրամի վնաս։ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել են քրեական գործեր, ընթանում է նախաքննություն։

Մեջբերված օրինակները եզակի բնույթ չեն կրել: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ապօրինի անտառահատումների շրջանակներում կոռուպցիոն չարաշահումների փաստերով հարուցվել է 6 քրեական գործ, որոնց մեծ մասը՝ Քրեական օրենսգրքի 315-րդ և 308-րդ հոդվածների հատկանիշներով: Մեղադրանքներ են առաջադրվել, մասնավորապես, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի  Փամբակի անտառպետության անտառապետին, նույն անտառպետության անտառապահին, «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի  Շնողի անտառպետության 4-րդ պահաբաժնի անտառապահին։

Դատարան է ուղարկվել ապօրինի անտառահատումների հետ կապված կոռուպցիոն բնույթի 2 գործ՝ 3 անձանց նկատմամբ, որոնցով դատաքննությունն ընթացքի մեջ է։

Անտառային տնտեսություն վարող պաշտոնատար անձանց մասով դատարանում մեղադրողների կողմից միջնորդվում է հիմնական պատիժներին զուգահեռ նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter