«Վերջին մեկուկես տարվա ընթացքում հաջողվել է Վրաստանի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդել». Նիկոլ Փաշինյանի և Գիորգի Գախարիայի հանդիպումը
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Վրաստանի կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախ հնչել են Հայաստանի և Վրաստանի օրհներգերը, ապա Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ողջունել են երկու երկրների պատվիրակությունների անդամներին:
Այնուհետև տեղի է ունեցել վարչապետների առանձնազրույցը: Իր խոսքում Գիորգի Գախարիան նշել է. «Պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հյուրընկալել Ձեզ Վրաստանում: Մենք կառավարությունների մակարդակով ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, որ էլ ավելի խորացնենք մեր երկրների բարիդրացիական հարաբերությունները: Միշտ էլ համաձայնել ենք, որ բարձր մակարդակի հանդիպումները հիմք են գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար: Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Երևանում, այն անցավ բավականին արդյունավետ: Վստահ եմ, որ այսօրվա մեր հանդիպումը ևս լավ հիմք կդառնա երկու ժողովուրդների հարաբերությունների խորացման համար»:
Գիորգի Գախարիան հավելել է, որ Հայաստանն ու Վրաստանն ապրում են բարդ տարածաշրջանում և երկու երկրները հասկանում են, որ տարածաշրջանային կայունությունը պետությունների զարգացման հիմքն է: «Մենք նախ պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության, ապա քաղաքական, տնտեսական, մշակութային հարցերի մասին»,- ասել է Վրաստանի վարչապետը: Գիորգի Գախարիան համոզմունք է հայտնել, որ այսօրվա հանդիպումների ընթացքում հնարավորություն կունենան քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին Երևանում ջերմ ընդունելության և պաշտոնական այցի հրավերն ընդունելու համար:
Վարչապետ Փաշինյանը ևս շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության համար և նշել. «Հարգելի վարչապետ, թանկագին Գիորգի, մեր երկրների հարաբերությունների կարևորությունը դժվար է գերագնահատել: Մեր պետություններն ունեն խորը մշակութային, քաղաքական, պատմական կապեր: Մենք հազարամյակներով ապրել ենք կողք կողքի, և ժամանակն է մտածել այս տարածաշրջանում եթե ոչ հազարամյակների, ապա հարյուրամյակների մեր համատեղ զարգացման մասին: Ասածս ուղղակի գեղեցիկ ձևակերպում չէ, այլ Վրաստանի հետ հարաբերությունների մեր պատկերացումներն ունեն ռազմավարական բնույթ: Մեր երկրներն ունեն ավելի լայն համագործակցություն և՛ ընդհանուր, և՛ տարբերակվող, բայց տարածաշրջանային մեր հարաբերությունները մենք բոլորովին այլ հարթության վրա ենք դիտարկում: Հայ-վրացական հարաբերություններն ամրացնող ևս մի գործոն նվիրվածությունն է ժողովրդավարական արժեքներին: Այս հանգամանքը ևս մի կարևոր անկյունաքար է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում հաջողվել է Վրաստանի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդել և համոզմունք հայտնել, որ այս այցն է՛լ ավելի կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրների կառավարություններին հաջողվում է հստակ քայլերով բոլոր պայմանավորվածություններն առաջ մղել:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով:
Վաչապետ Փաշինյանը նշել է, որ հայ-վրացական հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ ներուժ և երկկողմ օրակարգի կարևոր մաս է դրա լիարժեք իրացումը: ՀՀ կառավարության ղեկավարի կարծիքով` երկու երկրների գործադիր մարմիններն այստեղ ունեն բազմաթիվ հնարավորություններ` տնտեսական համագործակցությունը դուրս բերելու բոլորովին նոր մակարդակի։
«Այդ առումով նույնպես ժողովրդավարությունն էական նշանակություն ունի, որովհետև իմ պատկերացմամբ, եթե մարդիկ Հայաստանը և Վրաստանն ընկալեն որպես ժողովրդավարական տարածք` մեր երկրների ներդրումային գրավչությունը կմեծանա։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Վրաստանի եվրաատլանտյան տարածքին ինտեգրվելու ձգտումներին: Այնպես է ստացվել, որ մեր երկրներն անվտանգության համակարգերի վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեն, բայց իմ կարծիքով, մենք մեր անվտանգության մասին ունենք ընդհանուր պատկերացում։ Հայաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի համար, իսկ Վրաստանը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո կես ամիս անց Վրաստան այցի ժամանակ հենց այդ բանաձևն է ինքն առաջարկել` երկկողմ հարաբերությունների հիմքում դնելու համար։
«Մենք ողջունում ենք Վրաստանի այն դիրքորոշումը, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Ընդհանրապես հակամարտություններն աշխարհում, նաև մեր տարածաշրջանում բացարձակ տարբեր են իրարից, տարբեր են իրենց բովանդակությամբ, ծագումնաբանությամբ, պատմությամբ և խորությամբ։ Եթե ընդհանուր բանաձևերով հնարավոր լիներ լուծել հակամարտությունները, ապա մինչ այժմ դրանք լուծված կլինեին։ Մենք յուրաքանչյուր հակամարտություն դիտում ենք իր առանձնահատկությունների մեջ։ Ուրախ եմ, որ այս առումով կարող ենք կառուցողական կերպով համագործակցել Վրաստանի հետ։ Այն, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք և այն, որ Վրաստանն ազատ առևտրի համաձայնագրի է ստորագրել ԵՄ-ի հետ, ստեղծում են նոր հնարավորություններ մեր համագործակցության համար, և դրանք քննարկելը կլինի մեր քննարկումների առանցքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-վրացական օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը կարևորել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը և այդ համատեքստում անհրաժեշտ համարել գործարար կապերի խորացմանը միտված միջոցառումների անցկացումը: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան անդրադարձել են տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում հեռանկարային նախագծերի իրականացմանը, կարևորել երկու երկրների տրանզիտային ներուժի զարգացումը` ցամաքային ճանապարհների, էլեկտրաէներգետիկ և հեռահաղորդակցային կապի ուղղությամբ:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում համագործակցության շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերին: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան կարևորել են հակամարտությունների կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով:
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Գախարիան հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա. «Ողջունում եմ Հայաստանի վարչապետին: Ինձ համար մեծ պատիվ է ունենալ հնարավորություն հյուրընկալել Ձեզ Թբիլիսիում, Վրաստանում: Ինչպես հայտնի է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, և մենք ամեն օր պետք է աշխատենք նրա համար, որ մեր համագործակցությունը դառնա էլ ավելի արդյունավետ:
Պարոն վարչապետ, նախ շնորհակալություն եմ հայտնում իմ` Երևան կատարած այցի և ջերմ ընդունելության համար: Մենք խոսեցինք այդ մասին, և համոզված եմ, որ այսօրվա Ձեր այցն է՛լ ավելի արդյունավետ կլինի նրա համար, որ մեր երկրների քաղաքացիներն է՛լ ավելի զարգացած լինեն ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգության հարցերում:
Մենք այսօր խոսեցինք մեր երկրների բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների հետագա խորացման մասին: Տարբեր ոլորտների անդրադարձանք՝ անվտանգության, մշակույթի, կրթության, տնտեսության և նախանշեցինք պլաններ, որոնք մեր երկու երկրների հարաբերությունները նոր որակական աստիճանի կբարձրացնեն:
Վրացական կողմն ընդգծեց այն հարցը, որ մեր տարածաշրջանում ժողովրդավարական զարգացումը խիստ կարևոր է ինչպես տնտեսության, այնպես էլ մշակութային զարգացման համար, նաև նշեցինք, որ Եվրաատլանտյան դաշինքում ամրագրվելու որոշումը Վրաստանի քաղաքացիներինն է, և մենք անսասան այդ ճանապարհի վրա ենք:
Չնայած մեր երկու երկրների տարբեր արտաքին քաղաքական ուղղություններին, մենք համաձայնեցինք, որ անհնար է որևէ այլ հարթություն լինի այդ հարցում, ընդգծեցինք, որ ժողովրդավարության որակը կնպաստի համագործակցության արդյունավետությանը տնտեսության մեջ, տարանցիկ ուղիների իրականացման, մշակույթի և այլ հարցերում: Մենք ողջունում ենք Վրաստանի ակտիվ համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակներում և համարում ենք, որ սա այն ուղղությունն է, որտեղ մեր երկրները պետք է համագործակցեն արդյունավետ:
Պարոն վարչապետ, մեկ անգամ ևս շնորհակալություն այն այցի համար, որ վրացական կողմը Երևանում իրականացրեց: Բարի գալուստ Թբիլիսի և համոզված եմ՝ այս երկու օրն արդյունավետ կանցկացնենք` ելնելով մեր քաղաքացիների շահերից»:
ՀՀ վարչապպետ Նիկոլ Փաշինյան.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Զանգվածային լրատվության միջոցների հարգարժան ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք,
Նախ ուզում եմ անձամբ իմ և հայկական պատվիրակության բոլոր անդամների անունից շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային Վրաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար։ Ավելի քան ուրախ եմ մեր բարեկամների հետ հանդիպելու այս հնարավորության համար:
Ես բազմաթիվ առիթներով հայտարարել եմ, որ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության ամենակարևոր առաջնայնությունների շարքում է: Ես առավել քան համոզված եմ, որ դրա համար գոյություն ունեն բոլոր նախադրյալները:
Կասկածից վեր է, որ դարերի խորքից եկող բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, ամուր հենք և պարարտ հող է ստեղծում մեր համագործակցության համար:
Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ այսօր երևան են եկել նոր գործոններ, որոնք անքակտելի են դարձնում մեր բարեկամությունը և է՛լ ավելի ամրապնդում համագործակցության ձգտումը: Դա նախ և առաջ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ապագա կառուցելու մեր երկու ժողովուրդների ընդհանուր տեսլականն է, որն այլևս անշրջելի է մեզանում և ձեռք է բերել հավատամքի ուժ:
Հիրավի, ժողովրդավարության հաղթանակն ու օրենքի գերակայության հաստատումը նոր հորիզոններ է բացել մեր երկու երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու համար:
Այսօր իմ և պարոն Գախարիայի միջև տեղի ունեցած բանակցությունները հնարավորություն տվեցին շարունակել անցած տարվա հոկտեմբերին Երևանում սկսված մեր քննարկումները։
Ուրախությամբ ընդգծեցինք, որ երկարատև դադարից հետո, անցած տարվա հունիսին Երևանում իր նիստն անցկացրեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը:
Անդրադարձանք տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում հեռանկարային նախագծերի հետևողական իրագործման անհրաժեշտությանը։ Նշվեց երկու երկրների տրանզիտային ներուժի զարգացման կարևորությունը: Խոսքը ոչ միայն ցամաքային ճանապարհների, այլև էլեկտրաէներգետիկ և հեռահաղորդակցային (ինտերնետ/ մալուխային) կապի մասին է:
Մենք հանդես եկանք համագործակցության մի շարք առաջարկություններով, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիաներին, կրթությանն ու գիտությանը: Կարևորվեց երիտասարդների միջև կապի ամրապնդումը: Մեր կողմից առաջարկվեց քայլեր ձեռնարկել նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև կապն ամրապնդելու ուղղությամբ:
Իմ վրացի գործընկերոջ հետ անդրադարձանք նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։ Աներկբա է, որ հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է։
Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ դրանց կարգավորման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են, որոնց այլընտրանք չկա։
Վստահ եմ նաև, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները։ Այս առումով խիստ կարևորում եմ միմյանց համար զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ դիրքորոշման պահպանումը։
Հայ-վրացական ավանդական եղբայրական հարաբերությունների համատեքստում ցանկանում եմ ընդգծել վիրահայերի ունեցած նշանակալի ավանդը: Երախտապարտ ենք վիրահայության ազգային ինքնության, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման ուղղությամբ Վրաստանի իշխանությունների հետևողական քայլերի համար:
Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ վերստին ընդգծել բարձր մակարդակով պարբերական շփումների կարևորությունը և կրկին շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետին՝ հայկական պատվիրակության ընդունելությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար»։
Վարչապետը նշել է, որ այսօր Վրաստանում նշվում է մայրերի տոնը և շնորհավորել բոլոր վրաց մայրերին տոնական օրվա կապակցությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել