HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսի հնարավոր բացասական ազդեցությունը տնտեսության վրա. աշխարհը պատրաստվում է տնտեսական անկման

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերագնահատեց գլոբալ աճի իր կանխատեսումները ս. թ. հունվարին: Ըստ այս գնահատման՝ 2019 թվականի համար գլոբալ տնտեսական աճը կանխատեսվել է 2.9 %, 2020 թվականի համար` 3.3 %, իսկ 2021-ի համար` 3.4 %: Այս վերագնահատված կանխատեսումը նախկինում իրականացված (2019 հոկտեմբեր) կանխատեսման համեմատ 2019 և 2020 թվականների համար ցածր է 0.1 տոկոսային կետով, իսկ 2021-ի համար` 0.2 տոկոսային կետով:

Այս ավելի նվազ աճի սպասումները, ըստ ԱՄՀ-ի, պայմանավորված է զարգացող տնտեսություն ունեցող երկրներում տնտեսական ակտիվության մասով գրանցված բացասական անակնկալներով. Հատկապես սա վերաբերվում է Հնդկաստանին: Միաժամանակ, գլոբալ աճի վրա բացասական ազդեցություն են ունենում մեծացած սոցիալական խռովություննները, որոնք նույնպես որոշակիորեն հաշվի են առնվել աճի նվազումը կանխատեսելիս:

Նշեմ, որ այս վերագնահատված հաշվետվությունը անդրադարձ չի կատարել կորոնավիրուսի հասցրած վնասներին, քանի որ հրապարկման պահին այն այսքան լայն տարածում չէր գտել:

Կորոնավիրուսի տնտեսական վնասները

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, ներկայում կտրուկ նվազումներ են նկատվում արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի թողարկման ծավալներում: Հատկապես Չինաստանում, հարյուր հազարների հասնող արդյունաբերական ձեռնարկություններ պարապուրդի են մատնված և եթե հաշվի առնենք, որ Չինաստանը արտահանում է աշխարհի արդյունաբերական արտադրանքի տարրերի ավելի քան 20%-ը (արտադրանքը վերջնական տեսքի բերելու համար անհրաժեշտ մասեր` տարրեր), ապա գլոբալ տնտեսական աճի ավելի նվազ լինելը (քան վերոնշյալ կանխատեսումները) ավելի հավանական է դառնում:

Այս նույն վիճակն է նաև ծառայությունների ոլորտում, քանի որ մարդիկ հնարավորինս խուսափում են հանրային վայրերում գտնվելուց: Այս ֆոնի վրա, որոշակի աճեր են նկատվում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ընկերությունների մոտ (էլեկտրոնային հարթակներով, առևտուր, խաղեր և այլն):

Ապրանքների և ծառայությունների գլոբալ առաջարկի նվազմանը զուգահեռ նվազում է նաև պահանջարկը: Ինչպես վերևում նշեցի, սա պայմանավորված է մարդկանց սպասումներով, վախերով և արդյունքում սոցիալ-տնտեսական ակտիվության նվազմամբ (քիչ ճամփորդել, հանրային վայրերում քիչ գտնվել` խանութների, ռեստորանների, բազմաթիվ այլ ծառայություններից ավելի քիչ օգտվել):

Զարգացած երկրների նախնական տնտեսական արձագանքը կորոնավիրուսին

Նկարագրվածի համատեքստում` տնտեսական ակտիվության նվազման արդյունքում, պետությունները ստիպված են նախնական միջոցներ ձեռնարկել: Մասնավորապես, զարգացած շատ երկրներ մտածում են տոկոսադրույքների նվազեցման մասին (տոկոսադրույքի մասին պարզաբանումը տես հոդվածի վերջում): Պատճառը հետևյալն է: Սովորաբար, տոկոսադրույքները նվազեցվում են, երբ տնտեսության զարգացման տեմպը դանդաղում է կամ ինֆլյացիան շատ ցածր է: Իսկ երբ ինֆլյացիան մեծ է, ապա տոկոսադրույքները բարձրացնում են` դա զսպելու համար: Այս առումով, տոկոսադրույքների փոփոխությունը տնտեսական աճի խթանման կամ զսպման գործիք է հանդիսանում, քանի որ, այլ հավասար պայմանների դեպքում, տոկոսադրույքների նվազումը ավելի գրավիչ է դարձնում, որ բիզնեսը պարտք վերցնի և ներդրումներ կատարի, իսկ տնային տնտեսությունները (այսինքն մարդիկ) ավելի շատ սպառողական վարկեր վերցնեն: Նման կերպ փորձում են կանխարգելել տնտեսական աճի անկումը` ռեցեսիան (երբ ՀՆԱ-ն երկու եռամսյակ անընդմեջ նվազում է):

Այս նպատակով, Ավստրալիայի ռեզերվ բանկը (Ավստրալիայի կենտրոնական բանկը) այսօր նվազեցրել է տոկոսադրույքը` սահմանելով դա 0.5%: Նշվում է, որ սա պայմանավորված է տնտեսությանը կորոնավիրուսի հասցրած վնասները կանխարգելելու և տնտեսական աճի դանդաղումը կանխելու համար: Ավստրալիան հարկ եղած դեպքում, էլ ավելի կնվազեցնի տոկոսադրույքը:

ԱՄՆ նախագահ Թրամպը, Թվիթերում գրառում է կատարել, որով ողջունել է Ավստրալիայի այս քայլը և միաժամանակ քննադատել է Ֆեդերալ Ռեզերվ Համակարգը (ԱՄՆ կենտրոնական բանկ)` իր գանահատմամբ տոկոսադրույքը բարձր պահելու համար: Այս պահին Ֆեդերալ Ռեզերվի սահմանած տոկոասդրույքը 1.75 է: Եվ շատ տնտեսագետներ կանխատեսում են, որ սա ընթացիկ ամսում կնվազեցվի` պայմանավորված ԱՄՆ ֆոնդային բորսայում ընկերությունների մեծ մասի բաժնետոմսերի արժեքի կտրուկ նվազումներով, որը արձագանքն էր կորոնավիրուսի բացասական տնտեսական ազդեցության:

Երեկ (2 մարտ, 2020թ.) Տնտեսական Համակագործակցության և Զարգացման Կազմակերպությունը (ՏՀԶԿ, անգլերեն` OECD) ներկայացրել է իր միջանկյալ տնտեսական գնահատման հաշվետվությունը, որը վերնագրվել է «Կորոնավիրուս` Համաշխարհային տնտեսությունը ռիսկի տակ»: Այս հաշվետվության մեջ (աղբյուրը` այստեղ) ասվում է, որ գլոբալ տնտեսական աճը նախկինում գնահատվածի համեմատ կարող է 0.5 տոկոսային կետով ավելի քիչ լինել: Նշված է նաև, որ կորոնավիրուսի պատճառած վնասներով պայմանավորված, ներկայում տնտեսական աճի սպասիլքները շատ անորոշ են:

Այս պահին զարգացած երկրների կողմից կորոնավիրուսի պատճառած տնտեսական վնասներին արձագանքը հիմնականում պայմանավորված է տոկոսադրույքների կրճատման ոււղղությամբ իրականացվող քայլերով: Տոկոսադրույքների մասին խոսելիս, կարևոր է արձանագրել նաև հետևյալը:

Բարձր տոկոսադրույքը, այլ գործոնների հաստատուն լինելու դեպքում, սովորաբար բարձրացնում է տվյալ պետության արժույթի արժեքը: Պատճառը նա է, որ բարձր տոկոսադրույքները գրավում են օտարերկրյա ներդրողներին` մեծացնելով տվյալ երկրի արժույթի նկատմամբ պահանջարկը:

Սակայն, Հայաստանի դեպքում, սա այդքան էլ կիրառելի չէ, քանի որ երկրի քաղաքական համակարգի նկատմամբ վստահությունը և դոլարիզացիայի բարձր մակարդակը, այլ գործոնների շարքում մեծ ազդեցություն են ունենում այս գործոնի կենսունակության անկման վրա: Օրինակ, չնայած որ Հայաստանի Կենտորանական Բանկը վերջին 1-2 տարվա ընթացքում շարունակաբար նվազեցրել է տոկոսադրույքը (վերաֆինանսավորման տոկոսադրույք), որը այս պահին կազմում է 5.5%, ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանի բանկերում դրամային ավանդները չեն նվազել (տես Գծապատկեր No: 1-ի կարմիր կորագիծը): Միևնույն ժամանակ, քաղաքական համակարգում տեղ գտած փոփոխությունների ազդեցությունը Հայաստանի տնտեսության և բանկային համակարգի նկատմամբ վստահության բարձրացման տեսանկյունից (սակայն ոչ տեղական արժույթի նկատմամբ` հայկական դրամի) ավելի ակնհայտ է դառնում, երբ դիտարկում ենք այս գծապատկերի (Գծապատկեր No: 1) կապույտ կորագիծը:

Գծապատկեր No: 1

Հայաստանում տոկոսադրույքի (անվանում են վերաֆինանսավորման կամ ռեպո տոկոսադրույք)  փոփոխությունը, ինչպես վերևում նշեցի, այնքան էլ չի ազդում հայկական դրամի արժեքի փոփոխության վրա և որպես տնտեսական աճի խթանման կամ ինֆլյացիայի զսպման, կամ ռեցեսիայի կախարգելման գործիք թույլ է: Սրա հիմնական պատճառը նա է, որ Հայաստանի տնտեսությունն ունի բարձր դոլարիզացիայի մակարդակ, ինչը նաև մեծ ռիսկեր է պարունակում արտաքին ցնցումներին դիմակայելու տեսանկյունից:

Տնտեսության դոլարիզացիայի մասին

Համարվում է, որ երբ տնտեսության մեջ արտարժույթով ավանդները գերազանցում են փողի Լայն զանգվածի (M2) 30%-ը, ապա տվյալ պետությունը մեծ չափով դոլարիզացված է: Սրա մասին նշվել է նաև 2018 թվականի վերջին ԱՄՀ հրապարակած զեկույցում (աղբյուրը` այստեղ), որտեղ ասվում է, որ Հայաստանի տնտեսությունը մեծ չափով դոլարիզացված է և հետևաբար մեծ ռիսկեր կան արտաքին ցնցումների նկատմամբ:

Հետևյալ գծապատկերը (Գծապատկեր No: 2) ցույց է տալիս արտարժույթով ավանդների կշիռը փողի լայն զանգվածում*: Սա կարելի է նաև նույնացնել դոլարիզացիայի մակարդակի հետ: Ինչպես երևում է գծապատկերում արտարժույթով ավանդների կշիռը փողի լայն զանգվածում, հատկապես վերջին տարիներին, նվազման միտում ունի: Սակայն, այն շարունակում է շատ բարձր լինել (30%ից բարձր է)` 2020 թվականի հունվարին սա կազմել է 38.8%: Այս վիճակը մեծ ռիսկեր է պարունակում արտաքին աշխարհի տնտեսական ցնցումներին դիմակայելու առումով:

Գծապատկեր No: 2

Թե ինչ գործողություններ կձեռնարկի Կենտրոնական Բանկը դրամավարկային քաղաքականության, մասնավորապես տոկոսադրույքների առումով, մենք կտեսնենք առաջիկայում: Իսկ ընդհանուր առմամբ այս պահին աշխարհում սպասվող տնտեսական դժվարություններին Հայաստանի կառավարության գործողությունների պլանը դեռ հայտնի չէ: Սակայն, մի բան միանշանակ է: Հայաստանը արտաքին ցնցումներից պաշտպանված չէ (վերոնշյալ պատճառով) և երկիրը տնտեսական վնասներ է կրելու կորոնավիրուսի հետևանքով, նույնիսկ եթե վիրուսը տարածում չունենա Հայաստանում: Իսկ ներկայում Հայաստանի համար տնտեսական վնասների մասին որևէ կանխատեսումներ անել իրատեսական չէ:  

Կորոնավիրուսը արդեն տարածում է գտել և մեծ վնասներ պատճառել Եվրոպայի երկրներին, հատկապես Իտալիային: Օրինակի համար նշեմ, որ Եվրոպայի հետ` Իտալիայի միջոցով, միայն վերջերս էր Հայաստանը էժան ուղիղ օդային կապ հաստատել, որի կենսունակությունը այս պայմաններում նույնպես մեծ ռիսկի տակ է:

Թե ինչ վնասներ կկրի մեր տնտեսությունը նաև կախված է այս վիրուսի Հայաստանում տարածման աստիճանից, քանզի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է միայն երկու օր առաջ:

Տոկոսադրույքի մասին պարզաբանում

Հայաստանում այս տոկոսադրույքին անվանում են վերաֆինանսավորման կամ ռեպո տոկոսադրույք: Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում նույնպես այն սահմանվում է ամսական կտրվածքով: Ինչպես Կենտրոնական Բանկը նշում է. «2006 թ. հունվարի 1-ից անցնելով գնաճի նպատակադրման ռազմավարությանը, ԿԲ-ն ամսական պարբերականությամբ հրապարակում է «Կենտրոնական բանկի տոկոսադրույքների սահմանման վերաբերյալ» հաղորդագրությունը, որը պարունակում է տոկոսադրույքների վերաբերյալ ԿԲ խորհրդի նիստում տեղի ունեցած քննարկումների հակիրճ ամփոփումը, առաջիկա ամսվա վերաֆինանսավորման (ռեպո) տոկոսադրույքը»:

Տոկոսադրույքը այն «գինն» է, որով Կենտրոնական Բանկը, դրամավարկային քաղաքականության նպատակներից ելնելով, վարկեր է տրամադրում բանկերին: Այս տոկոսադրույքը հանդիսանում է ֆինանսական համակարգում մյուս բոլոր տոկոսադրույքների հաշվարկման հիմք և դրա մեծությունը տնտեսական աճի վրա խթանիչ կամ զսպող ազդեցություն է ունենում:

 

*Փողի լայն զանգվածի մեծությունը հաշվարկելիս ներառվել են շրջանառությունում կանխիկ դրամը, ՀՀ դրամով ցպահանջ ավանդները, ՀՀ դրամով ժամկետային ավանդները և արտարժույթով ավանդները:

Հ.Գ.- Հոդվածի հրապարակման պահին ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվը նվազեցրեց տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով 1.25 %:

Հովհաննես Ավետիսյանը հանրային ֆինանսների կառավարման փորձագետ է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter