HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան Իդլիբում խոցել է սիրիական ռազմական ինքնաթիռ

Թուրքական F-16 կործանիչը Իդլիբում խոցել է սիրիական L-39 ռազմական ինքնաթիռ։ Այդ մասին Անկարայում հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Վերջինս դարձել է վերջին երեք օրերում սիրիական երրորդ ինքնաթիռը, որը թուրքական զինուժի կողմից խոցվել է Իդլիբի մատույցներում գտնվող Մաարեթ Նումանի շրջանում։

«Deutsche Welle»-ն, հղում կատարելով «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնին», հայտնում է, որ ինքնաթիռի անձնակազմի ճակատագիրն անհայտ է։ Սիրիական L-39 ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի կողմից իրականացվող «Գարնանային վահան» ռազմագործողության շրջանակներում՝ «երկինք-երկինք» հրթիռի միջոցով։ Սիրիական պետական «Sana» գործակալությունն իր հերթին հայտնել է, որ թուրքական ռազմաօդային ուժերը նշանառության տակ են վերցրել սիրիական ինքնաթիռը, սակայն գործակալությունը չի հաստատել խոցման փաստը։ Ավելի ուշ, Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաստատել է ինքնաթիռի խոցումը։ Ի պատասխան, սիրիական բանակն Իդլիբ նահանգի Սարաքեբ քաղաքի շրջակայքում խոցել է թուրքական անօդաչու սարք։

Մարտի 1-ին Թուրքիան Սիրիայի Իդլիբ նահանգում սկսել է հարձակողական գործողություններ, այն դեպքում, երբ սիրիական զորքերը, ռուսական ավիացիայի օգնությամբ, ամրացրել էին իրենց դիրքերը ջիհադիստների և ընդդիմության ուժերի կողմից վերահսկվող վերջին նահանգում։ Մարտի 1-ից հետո թուրքական բանակը, միայն անօդաչու սարքերի միջոցով, սպանել է սիրիական բանակի 19 զինծառայողների և խոցել մարտական երեք ինքնաթիռներ։ Իսկ «Գարնանային վահան» ռազմագործողության մեկնարկից հետո, ըստ թուրքական աղբյուրների, թուրքական բանակը խոցել է 1 անօդաչու թռչող սարք, 6 տանկ, ՀՕՊ մի քանի համակարգեր, ինչպես նաև սպանել 327 սիրիացի զինվորականների։

Այդ ընթացքում Կրեմլում հույս են հայտնել, որ Ռուսաստանը և Թուրքիան կկարողանան խուսափել Իդլիբում ուղղակի բախումներից։ «Մենք հույս ունենք, որ սերտ կապերի և երկխոսության միջոցով, որն իրականացվում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև, կկարողանանք նվազեցնել այդ ռիսկը»։ Այդ մասին մարտի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև հայտնել է «Ռուսաստան-Թուրքիա-Իրան» եռակողմ գագաթնաժողովի անցկացման պլանների մասին։ «Այդպիսի հանդիպման հնարավորության մասին մեր նախագահը քննարկվել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Միայն չենք կարողանում հստակեցնել երեք երկրների նախագահների՝ Պուտինի, Էրդողանի և Ռոհանիի գրաֆիկները։ Այդ իսկ պատճառով հանդիպման հարցն օրակարգում է և երբ կհստակեցվի գրաֆիկը, տեղի կունենա նաև գագաթնաժողովը»,- հայտնել է Պուտինի մամլո քարտուղարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 28-ին առնվազն 33 թուրք զինծառայող էր զոհվել Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած ավիահարվածներից։ Ավիահարվածները հասցվել էր սիրիական բանակի կողմից։ Ի պատասխան Իդլիբում տեղի ունեցած ավիահարվածների, թուրքական թե՛ օդուժը, և թե՛ ցամաքային ուժերը կրակ են բացել Սիրիայի բոլոր հայտնի նշանակետերի ուղղությամբ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Թուրքիային՝ Իդլիբիում իրավիճակը չսրելու համաձայնագրի խախտման մեջ։ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար

Օլեգ Ժուրավլյովի խոսքերով՝ Անկարան «Սիրիայում շարունակում է աջակցել անօրինական զինված խմբավորումներին՝ կառավարական ուժերի ուղղությամբ արձակելով հրետանային կրակ և կիրառելով հետախուզահարձակողական անօդաչու ավիացիա»։

Լուսանկարը՝ Wikimedia Commons

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter