HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական հարցը» և համաշխարհային քաղաքականությունը

Դավիթ Ստեփանյան, ՄԱՀՀԻ գործընկեր, Արմինֆո գործակալության քաղաքական մեկնաբան

ՆԵՐԱԾՈւԹՅՈւՆ

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված №296 և դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից ընդունված №150 բանաձևերը դարձան հերթական անվիճելի քայլն Օսմանյան Թուրքիայում և Թուրքիայի Հանրապետությունում հայերի զանգվածային կոտորածները որպես Ցեղասպանություն ճանաչելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, ցավով պետք է արձանագրել, որ այսօր, ինչպես և անցած տասնամյակների ընթացքում, «հայկական հարցը» շարունակում է պատանդ մնալ միջազգային քաղաքականության և միջազգային հարաբերությունների համար: Ընդ որում, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ընթացող դանդաղ, բայց հետևողականորեն աճող տնտեսական դիմակայությունը հայ ժողովրդի ողբերգությանն աստիճանաբար հաղորդում է ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև համաշխարհային բնույթ՝ առաջին հերթին հաշվի առնելով Թուրքիայի դերը, որը գտնվում է եռանկյունու՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և ոչ պակաս Ռուսաստանի մասնակցությամբ առճակատման «խաչմերուկում»: Այս լույսի ներքո 296 բանաձևը և դրա հետագա արգելափակումն ԱՄՆ Սենատում դիտվում է որպես «հայկական հարց»-ը գործի դնելու ևս մեկ դրսևորում, նախևառաջ որպես Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի չարաղետության մեղմացման և ահռելի նկրտումների ճնշման միջոցի ու մի յուրահատուկ մահակի:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ  ԵՎ ԿՈՆԳՐԵՍԻ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ

1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում և Թուրքիայի Հանրապետության կազմավորման առաջին տարիներին իրականացված Հայոց ցեղասպանությունը դարձավ ժամանակակից մարդկության պատմության առաջին մասշտաբային միջազգային հանցագործությունը: Քաղաքական և էթնիկ շարժառիթներով իրականացված մի ամբողջ ազգի ֆիզիկական ոչնչացման նպատակ ունեցող թուրքական կառավարության կանխամտածված գործողություններն արտահայտված են անհերքելի փաստաթղթերով և ամենատարբեր աղբյուրների ապացույցներով հաստատված անվիճելի փաստերով: Այսօր Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են աշխարհի 25 երկրներ, մի շարք երկրների առանձին ​​սուբյեկտներ, այդ թվում`ԱՄՆ 50 նահանգներից 49-ը: Զանգվածային սպանությունների մի շարք հետազոտողներ, ներառյալ IAGS-ի (Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիա) փորձագետները մեկուկես միլիոն հայերի բնաջնջումը բնութագրում են որպես ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի չափանիշներին լիովին համապատասխան: Գիտական ոլորտում Հայոց ցեղասպանության փաստը ճանաչում են գիտնականների և մասնագետների մեծ մասը, ներառյալ ամերիկացի, եվրոպացի, իսրայելացի և նույնիսկ թուրք գիտնական ​​լուսատուները: Թուրքերի կողմից հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների փաստերի և ապացույցների առավել ամբողջական շարքը պահվում է Ծիծեռնակաբերդի թանգարանում և Հայոց ցեղասպանության ինստիտուտում: Ըստ նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի՝ թանգարանում ներկայումս պահվում է Հայոց ցեղասպանության պատմությանը վերաբերող մոտ 100․000 կտոր ցուցանմուշ, ինչպես նաև ապահովվում է պատմության մեջ այս ողբերգական իրադարձության մանրակրկիտ տեսողականացումը: Առավել ակնհայտ ցուցանմուշներից են 1915թ․ ռուս, գերմանացի և ավստրիացի զինվորականների կողմից հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործության վայրի լուսանկարների բնօրինակները:

Թիվ 296 բանաձևը Ներկայացուցիչների պալատն ընդունեց ձայների մեծամասնությամբ՝ 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ ձայներով: Այսպիսով, աշխարհի ամենաազդեցիկ երկիրը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Կոնգրեսի ստորին պալատի մակարդակով: Հարկ է նշել, որ թիվ 296 բանաձևը որևէ պարտավորություն չի դնում ԱՄՆ կառավարության վրա, քանի որ փաստաթուղթը զուտ խորհրդատվական բնույթ է կրում: Այնուամենայնիվ, կոնգրեսականների գործողությունները բուռն արձագանք ստացան Անկարայի կողմից: Ամերիկայի դեսպանին անմիջապես կանչեցին «գորգի վրա»՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում, իսկ նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ արդեն նախատեսված այցով չի գնա Վաշինգտոն: Ինչից հետո նա թիվ 296 բանաձևի ընդունումը բնութագրել է որպես «թուրք ժողովրդի համար ամենամեծ վիրավորանքը»: Հետագայում Վաշինգտոնում, ուր Էրդողանը, այնուամենայնիվ, գնաց, նա հայտարարեց, որ թիվ 296 բանաձևը «ստվեր է գցում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»:

Հայաստանում և ամբողջ աշխարհով ցրված հայկական սփյուռքի օջախներում ամերիկացի կոնգրեսականների բանաձևն ընդունվեց մեծ երախտագիտությամբ և ինչ-որ չափով նաև չարդարացված, գերագնահատված լավատեսությամբ ՝ որոշ դեպքերում հասնելով էյֆորիայի: Ընդ որում, չնայած իր անտարակույս քաղաքական աստառին՝ թիվ 296 բանաձևը, անկասկած, ամենանշանակալից իրադարձությունն էր այն հայ լոբբիստների համար, որոնք ավելի քան կես դար փորձում են հասնել ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչմանը: Անհնար է այս գործընթացներում թերագնահատել այնպիսի կազմակերպությունների դերը, ինչպիսիք են Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկայի հայկական համագումարը:

Երևանի արձագանքը դրսևորվեց երախտագիտությամբ և ԱՄՆ-ում հայկական սփյուռքի հանդեպ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դրսևորված հիացմունքով: «Թիվ 296 բանաձևը պատմական որոշում է, համարձակ քայլ ճշմարտությանը և պատմական արդարությանը ծառայելու ճանապարհին, ինչը նաև մխիթարություն կլինի Ցեղասպանությունից փրկված հայերի միլիոնավոր սերունդներին», - հայտարարեց ՀՀ վարչապետը:

Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ կոնգրեսականների գործողությունների և չափն անցած Թուրքիայի նախագահին փոքր-ինչ հանդարտեցման նրանց ցանկության միջև կապն ի սկզբանե առկա էր: Առնվազն դրա մասին է վկայում 2019թ. հոկտեմբերի 29-ին սույն բանաձևի ընդունման օրվա խորհրդանշական համընկնումը 1923թ. հոկտեմբերի 29-ի՝ Մուստաֆա Քեմալի կողմից Թուրքիայի Հանրապետության հռչակման օրվա հետ: Այսպիսով, ամերիկացի կոնգրեսականներն Անկարային ցույց տվեցին ժամանակակից Թուրքիայի և մարդկության դեմ ուղղված հիմնական հանցագործությունների միջև անմիջական կապը: Լրացուցիչ համոզվածության համար այդ նույն օրը՝ հոկտեմբերի 29-ին, կոնգրեսականներն ընդունեցին ևս մեկ բանաձև, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի ֆինանսական և մասամբ՝ պաշտպանական սեկտորի դեմ Սիրիայի հյուսիսում նրա գործողությունների համար: Այնուամենայնիվ, Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի  կողմից համանման բանաձևի ընդունումն ի սկզբանե չէր ակնկալվում գործնական՝ առաջին հերթին ելնելով Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի, նրա առանցքային դաշնակիցներից մեկի՝ Թուրքիայի հարաբերությունների առանձնահատկություններից:

Հայանպաստ, ավելի ճիշտ՝ հակաթուրքական բանաձևի տարբերակը Սենատում ներկայացրեց և ղեկավարեց ​​Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և կոնգրեսական Թեդ Քրուզը: Հատկանշական է, որ գլխավոր հայկական լոբբիստ Մենենդեսը, ներկայացնելով բանաձևի Սենատի տարբերակը, հատուկ ընդգծեց, որ «ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պետք է անկեղծորեն արտահայտի մարդու իրավունքների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների խախտումները»: Այնուամենայնիվ, սենատոր-կոլեգաները նույնիսկ զրկված էին բանաձևի քվեարկությամբ Մենենդեսի կոչին պատասխանելու հնարավորությունից: Նոյեմբերի 13-ին Հանրապետական ​​կուսակցության սենատոր, Սենատի իրավաբանական հանձնաժողովի ղեկավար Լինդսի Գրեհեմը, օգտվելով այն կանոնից, ըստ որի՝ մեկ սենատոր կարող է վետո դնել ամբողջ Վերին պալատի քվեարկության վրա, արգելափակեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը: Հատկանշական է, որ Գրեհեմը, ով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմ գործընկերն է, դա արեց Ռեջեփ Էրդողանի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո: Որպես այդպիսի դիրքորոշման հիմնավորում՝ սենատորը կոչ արեց իր գործընկերներին չծաղկեցնել կամ վերաշարադրել պատմությունը՝ ընդգծելով, որ ինքը դեմ է այս բանաձևին «ոչ թե անցյալի, այլ ապագայի պատճառով»: Դրանից հետո մոտավորապես նույն դրդապատճառով բանաձևը ևս երկու անգամ արգելափակվեց Սենատում սենատորներ Դևիդ Պուրդուի և Քևին Կրամերի կողմից: Այնուամենայնիվ, փաստաթուղթն ընդունվեց չորրորդ փորձից։

ՆԱԽԱՊԱՏՄՈւԹՅՈւՆ

Այստեղ հարկ է նշել, որ Միացյալ Նահանգներում հայերի Ցեղասպանությունն առանձին սուբյեկտների կողմից ճանաչումից դուրս գալու և դաշնային մակարդակով ընդունելու փորձեր կատարվել են բազմիցս: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են ԱՄՆ 49 նահանգներ, վերջինը ճանաչել է Ալաբաման: Եվ առաջին բանը, որ այս համատեքստում մտաբերվում է, «Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին» թիվ 247 բանաձևն է, որը Ներկայացուցիչների պալատում քննարկման է ներկայացվել Հայոց ցեղասպանության 70-ամյա տարելիցի նախօրեին՝ 1985թ․ ապրիլին, հանրապետական Ջոզեֆ Դոուլի կողմից: Բանաձևն արտաքին գործերի հանձնաժողովի նիստին հաջողությամբ անցավ լսումների փուլը, որից հետո այն ընդհանուր քվեարկության դրեց Ներկայացուցիչների պալատի խոսնակ Թոմաս Օնիլը: Անկարայի կողմից Վաշինգտոնում իր դեսպանին հետ կանչելուց և ֆրանսիական Airbus-ի ինքնաթիռներ ձեռք բերելու սպառնալիքից հետո խափանելով Boeing-ի հետ նախապատրաստվող գործարքը՝ Օնիլը հետ կանչեց բանաձևը: Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու ևս մեկ փորձ կատարվեց Ամերիկյան կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 2000թ. հոկտեմբերին, սակայն Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից թիվ 596 բանաձևի հաստատումից հետո նախագահ Ջորջ Բուշի վարչակազմն արգելափակեց քվեարկությունը Կոնգրեսի երկու պալատներում: Եվս երկու համանման անհաջող փորձեր կատարվել են կոնգրեսականների կողմից 2009 և 2010թթ․:

Առանձին նախապատմություն է ԱՄՆ նախագահների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման գործընթացը: Ղեկավարվելով 70-ականների վերջին հատուկ նրանց համար Կոնգրեսի կողմից ընդունված բանաձևով՝ Միացյալ Նահանգների առաջին դեմքերն ամեն տարվա ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության օրը, հանդես են գալիս հայրենակից հայերին ուղղված ուղերձով: Այս կոչի շուրջ ինտրիգը տարեցտարի հանգեցնում է նրան՝ պետության ղեկավարը կարտասանի՞ Ցեղասպանություն եզրույթը, թե՞ ոչ: Առաջին անգամ այդ տերմինն իր ուղերձում կիրառել է նախագահ Ջեյմս Քարթերը 1978 թ.։

Ի դեպ, դա չխանգարեց, որ Քարթերը կասեցնի Թուրքիային զենքի մատակարարման էմբարգոն, որը ներկայացվել է 1974թ․ հայկական և հունական լոբբիի ջանքերով՝ ի պատասխան Կիպրոս թուրքական ռազմական ներխուժման: Երկրորդ անգամ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981թ․ իրերն անվանեց իրենց անուններով՝ գնահատելով Հայոց ցեղասպանությունը, հրեաների Հոլոքոստը և Կամբոջայի Ցեղասպանությունը՝ որպես Ցեղասպանության ամենավառ օրինակներ: ԱՄՆ մյուս նախագահները «խնամքով» խուսափել են Ցեղասպանություն եզրույթից՝ գերադասելով թուրքերի կողմից հայերի ոչնչացումը բնութագրել որպես «հայերի զանգվածային սպանություններ» և «մեծագույն ողբերգություն»:

Նախքան նախագահ դառնալը, իսկ ավելի ճիշտ` նախընտրական քարոզչության ընթացքում, նախագահի շատ թեկնածուներ խոստանում են ճանաչել հայ հայրենակիցների Ցեղասպանությունը, ինչը, հաշվի առնելով Միացյալ Նահանգների հայ համայնքի և համապատասխանաբար՝ մինչև երկու միլիոն մարդու հասնող ընտրազանգվածը, զարմանալի չէ: Նույն Ջորջ Բուշն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին (ANCA) իր նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղված նամակում խոստացավ որպես նախագահ «հնարավոր ամեն ինչ անել ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար»: Ինչպես գիտենք, Բուշ Կրտսերի նախագահության տարիներին այս ուղղությամբ որևէ առաջընթաց չի գրանցվել: Նմանապես, դեռևս Իլինոյսից սենատոր եղած ժամանակներում հայկական հույսերի վրա խաղաց Բուշի հաջորդը՝ նախագահ Բարաք Օբաման: Վերջինս նույնպես չկատարեց այդ խոստումը՝ Իրաքից և Աֆղանստանից թուրքական տարածքով ամերիկյան զորքերի անարգել դուրսբերումն ապահովելու դիմաց Անկարայի աջակցությունը ստանալու համար:

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ՊՐԱԳՄԱՏԻԶՄ

Այսպիսով, ելնելով նախորդ տարիների ամբողջ փորձից՝ ի սկզբանե պետք է արձանագրել ԱՄՆ արտաքին քաղաքականության պրագմատիկ դիսկուրսի հերթական գերիշխումն արժեքային դիսկուրսի նկատմամբ: Ընդ որում, երկրորդ դիսկուրսը, որպես կանոն, հաջողությամբ օգտագործվում է վարչակազմի կողմից որպես առաջինի հաջող իրականացման մեխանիզմ: Դա հատկապես տարեցտարի վառ կերպով դրսևորում է Հայոց ցեղասպանության փաստն Անկարայի վրա ճնշման գործիք ճանաչելու հարցում: Ի դեպ, ԱՄՆ-ն այստեղ հեծանիվ չի հորինել, քանի որ «Հայկական հարցը» շարունակում է մնալ միջազգային քաղաքական առևտրի մաս: Տարբեր ժամանակահատվածներում, տարբեր աստիճանի հաջողություններով այն օգտագործել են եվրոպական տարբեր պետություններում, Իսրայելում և նույնիսկ արաբական աշխարհի երկրներում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն այս ուղղությամբ ավանդաբար պահում է առաջնորդի դափնին, պահում է երկու պատճառով՝ աշխարհում ամենամեծ հայկական համայնքի և Թուրքիայի հետ հատուկ հարաբերությունների առկայության: Հենց ամերիկահայության ձայները ստանալու և Թուրքիայի գլխին մեկ անգամ ևս հարված հասցնելու՝ միաժամանակ պահպանելով աշխարհի առաջադեմ ժողովրդավարության իմիջը, փաստն ամերիկացի քաղաքական գործիչներին տարեցտարի դրդում է մեկ այլ բանաձև հանել դարակաշարից: Այնուամենայնիվ, հետագա դիպաշարը գործնականում մնում է անփոփոխ, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի իրավաբանական, լիարժեք ճանաչման վրա այս կամ այն  փուլում վետո է դրվում:

Դիպաշարի անփոփոխության պատճառները պետք է փնտրել նախորդ տասնամյակների ընթացքում, Թուրքիայի հետ, մեծամասամբ անփոփոխ, ԱՄՆ-ի հարաբերությունների մեջ: Անկարան ԽՍՀՄ-ի հետ Սառը պատերազմի սկսվելուց ի վեր ՆԱՏՕ-ի ֆորպոստը և արևելյան սահմանն էր և շարունակում է իրականացնել այս գործառույթները նաև այսօր՝ ԽՍՀՄ փլուզումից 28 տարի անց: Թուրքիայի գործառույթների անփոփոխության մասին հստակ պատկերացում են տալիս անցյալ դարից ի վեր թուրքական տարածքում՝ Արարատ լեռան ստորոտում, գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազաները: ԽՍՀՄ-ը փլուզվեց, բայց բազաները ոչ միայն մնացին, այլև դատելով գիշերն այնտեղ վառվող լույսերի քանակից՝ դրանք նույնիսկ էականորեն աճել են: Հայկական կողմում Գյումրիից նրանց է նայում ռուսական 102-րդ ռազմաբազան, որը նույնպես հետևողականորեն ամրապնդվում և արդիականացվում է:

Այսպիսով, հարկ է նշել, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական դիմակայությունը չի վերացել: Ըստ այդմ, չի կորել նաև այս դիմակայությունում Թուրքիայի դերը: Դեր, որը նախկինի նման պահանջում է պրագմատիզմ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի հետ հարաբերություններում:

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԻՐՈՂՈւԹՅՈւՆՆԵՐ

Թվում է՝ Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև մրցակցության վերսկսմամբ վերջին տասնամյակի ընթացքում Թուրքիան երկու երկրների համար ձեռք է բերել լրացուցիչ կարևորություն, իհարկե, որոշակի նրբերանգներով: Թե՛ Վաշինգտոնը և թե՛ Մոսկվան Անկարային տեսնում են ոչ միայն որպես դաշնակցի, այլև որպես շատ կարևոր, բավականին հավակնոտ մրցակցի Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Թուրքական բանակի թվով երրորդ ներխուժումը Սիրիայի հյուսիսային շրջաններ Թուրքիայի նշանակությունն այդ իմաստով միայն ամրապնդեց: Այս լույսի ներքո պետք է նշել, որ թուրքական առաջին ներխուժումը`«Ձիթենու ճյուղ» գործողությունը, համաձայնեցվել է Ռուսաստանի հետ և դատապարտվել՝ Միացյալ Նահանգների կողմից: Թուրքական երկրորդ ներխուժումը Սիրիա՝ «Եփրատի վահան» գործողությունը, համաձայնեցվեց Միացյալ Նահանգների հետ՝ արժանանալով Ռուսաստանի սուր քննադատությանը և դատապարտմանը: Իսկ ահա երրորդ գործողությունը` «Խաղաղության աղբյուրը», Թուրքիան արդեն համաձայնեցրեց ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների հետ: Այնուամենայնիվ, այս համակարգումը, ինչպես ցույց է տրվել Սիրիայում վերջին իրադարձությունների ընթացքով, իրավիճակային է և, հետևաբար, ժամանակավոր:

Թուրքիայի և ՆԱՏՕ-ում նրա առաջատար դաշնակից երկրի հարաբերություններում նոր իրողությունների սկիզբը դրվել է 2003թ․ ոչ այլ ոք, քան նույն Ռեջեփ Էրդողանի կողմից: Էրդողանը հազիվ էր դարձել Թուրքիայի նախագահ, երբ բավականին անսպասելիորեն հրաժարվեց թույլ տալ, որ ամերիկյան զորքեր մտնեն Իրաք՝ պայքարելու Սադդամ Հուսեյնի ռեժիմի դեմ: Այդպիսով սկիզբ դրվեց ամերիկա-թուրքական հակասությունների մշտական ​​սրմանը: Եվ վերջին 16 տարիներին այս գործընթացի շատ դրսևորումներ են եղել: Դրա մասին է վկայում առնվազն այն բանաձևերի թիվը, որոնք պարբերաբար երևում և անհետանում են ամերիկացի քաղաքական գործիչների շրջանառությունից՝ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման վերաբերյալ: Այսպիսով, Սիրիայի հյուսիսում թուրքական «Խաղաղության աղբյուրը» դարձավ Էրդողանի չարորակության երկարատև դրսևորման ևս մեկ գրգռիչ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Կոնկրետ այս դեպքում հարված է հասցվում տարածաշրջանում Նահանգների դաշնակիցներին և հիմնական «վիրահատական գործիք» հանդիսացող քրդերին:

Սակայն դատելով վերջին իրադարձություններից՝ սիրիական-քրդական ուղղությամբ Անկարայի գործողություններից Վաշինգտոնում առավել անհանգստացած են Մոսկվայի ուղղությամբ Էրդողանի գործողություններով: Անցած տարիների ընթացքում Էրդողանը, ով ի սկզբանե իրեն դիրքավորեց որպես Թուրքիայի նեոօսմանյան ուղու կողմնակից, սկսեց աստիճանաբար մերձենալ Ռուսաստանի հետ, ինչը Վաշինգտոնում առաջացնում է բավականին հիմնավորված և մոտիվացված ահազանգ: Դրանով Էրդողանն էլ ավելի վատացրեց հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Այս մերձեցումը նույնպես վերելքներ և վայրէջքներ ունի, ինչպես և Էրդողանի ամբողջ ներքին և արտաքին քաղաքականությունը: Դա տատանվում է թուրքերի կողմից խոցված ռուսական ռազմական ինքնաթիռից և Անկարայում սպանված Ռուսաստանի դեսպանից մինչև Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը: Այդ իրավիճակը, որով ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան Ռուսաստանից գնում է S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր և բանակցություններ վարում Սու-35 կործանիչների գնման շուրջ, առնվազն հարցեր է առաջացնում Անկարայի համար: Երկու տասնամյակ առաջ ամերիկյան ազդեցության ոլորտում գտնվող Թուրքիայի կողմից նման գործողություններ պատկերացնելն ուղղակի անհնար էր: Ընդ որում, այստեղ էլ պետք է նշել, որ նման հնազանդության համար Անկարան ՆԱՏՕ-ի անդամակցության շրջանակներում հնարավորություն է ստացել օգտվել ԱՄՆ-ի պաշտպանական ոլորտի նորագույն մշակումներից: Միացյալ Նահանգները նաև զինել է թուրքական բանակը, ինչը հնարավորություն տվեց, որ Թուրքիան դառնա Դաշինքի երկրորդ ամենամեծ բանակը: Իհարկե, դա թույլ է տվել զարգացնել դեպի Արևմուտք, ամենևին ոչ դեպի Արևելք ուղղված տնտեսությունը: Ավելին, Էրդողանի ի հայտ գալուց առաջ Թուրքիայի եվրոպական հեռանկարների մասին խոսելն ամենևին էլ անկրթություն չէր համարվում, և երկիրն ուներ Եվրամիության անդամ դառնալու իրական հնարավորություններ։

Այսպիսով, պետք է արձանագրել, որ Միացյալ Նահանգների և մասնավորապես Արևմուտքի հետ հարաբերություններում այդպիսի աննախադեպ վատթարացմամբ Թուրքիան պարտական ​​է անձամբ Էրդողանին և սեփական գերիշխանությանն ուղղված նրա ներքին ու որպես հետևանք՝ արտաքին քաղաքականությանը: Նախկին գործընկերներ Ֆեթուլլահ Գյուլենի, Աբդուլլահ Գյուլի և բոլորովին վերջերս՝ Ահմեդ Դավութօղլուի հետ վատացած հարաբերությունները ցույց են տալիս, որ ոչ բոլորն են համաձայն Էրդողանի տեսակետների հետ, նույնիսկ ԱԶԿ-ում: Էլ չենք խոսում 2016թ․ հուլիսին Էրդողանի կողմից ջախջախված թուրքական գեներալիտետի մասին: Այնուամենայնիվ, Թուրքիայի ներսում Էրդողանը վաղուց արդեն որևէ մեկի հետ հաշվի չի նստում և երկրի արտաքին քաղաքականությունը որոշում է գրեթե միանձնյա՝ առաջնորդվելով սեփական, հաճախ իրավիճակային և ներքաղաքական շահերով: ԱՄՆ-ից պահանջում են վերջինիս մշտապես ներկայացնել որպես թիվ մեկ թշնամի, ով ոտնձգություն է կատարում ինքնիշխան որոշումներ կայացնելու թուրք ժողովրդի իրավունքի վրա և ամենակարևորը՝ հովանավորում նրա թշնամիներին՝ ի դեմս քրդերի և Միացյալ Նահանգներում գտնվող Ֆեթուլլահ Գյուլենի: Արդյունքում, հակաամերիկյան տրամադրությունները ոչ մի տեղ ավելի ցայտուն չեն, որքան այսօրվա Թուրքիայում: Այս ամենն Էրդողանն ակտիվորեն օգտագործում է ներքին քաղաքականության մեջ՝ վերջին շրջանում բավականին թուլացած իր դիրքերի ամրապնդման նպատակով: Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշի անկման ամենանշանակալի ցուցանիշն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցության թեկնածու Էկրեմ Իմամօղլուի հաղթանակն է, նույնիսկ Ստամբուլի քաղաքապետի վերընտրութունների ժամանակ: Այս գործընթացը, իր հերթին, բխում է թուրքական տնտեսության ընդհանուր, բավականին հիասթափեցնող վիճակից՝ տնտեսական աճի բացակայություն, թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկում, աշխատատեղերի փակում և որպես արդյունք՝ բնակչության դժգոհություն: Այս բոլոր հիասթափեցնող իրողությունները Թուրքիայի նախագահը փորձում է փոխհատուցել բնակչության աչքի առաջ բռունցքները թափահարելով և արտաքին քաղաքականության մեջ մկաններ ցուցադրելով: Եվ այստեղ նա հստակորեն հետևում է իր «ռուս ընկեր» Վլադիմիր Պուտինի օրինակին: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում և Թուրքիայում հակաամերիկանիզմը բավականին նման է և հիմնականում պայմանավորված է տնտեսության անբարենպաստ վիճակով և երկու երկրներում մարդու իրավունքների պահպանության վիճակով: Էրդողանի ցուցադրական հակաամերիկյանությունն ու դեպի Սիրիա թուրքական ներխուժումը նույնպես այդ շարքից են: Սակայն, իր հերթին, նման ամբոխահաճությունը համաշխարհային գերիշխողի և ՆԱՏՕ-ում իր դաշնակցի հետ հարաբերություններում արդեն բավականին թանկ է նստում Թուրքիայի համար: Ամերիկացիների նկատմամբ Էրդողանի և էրդողանական շքախմբի մշտական ու բավականին կամային արտահայություններն արդեն դրդել են նախագահ Դոնալդ Թրամփին միանգամայն սպասելիորեն հրապարակավ սիրո խոստովանության թուրքերի նկատմամբ ոչ բարեհաճ գտնվող հերթական երկրի՝ Հունաստանի նկատմամբ: Վերջինս Միացյալ Նահանգներից ակնկալում է այս սիրո միանգամայն շոշափելի դրսևորում՝ ամերիկյան բազան թուրքական Ինջիրլիքից հունական Կրետե կղզի տեղափոխվելու տեսքով: Էրդողանի Թուրքիային չի խղճում նաև Միացյալ Նահանգների դաշնակից Իսրայելը, որի քաղաքական հարաբերություններն Անկարայի հետ սրվել են 2009թ․ մայիսից ի վեր, իսրայելացիների կողմից, այսպես կոչված, «ազատության նավատորմ»-ի գրավման արդյունքում:

Արդյունքում, երկար տարիներ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն արգելափակող Սպիտակ տունը, Պետդեպարտամենտը, ԿՀՎ-ը, Պենտագոնը և, իհարկե, հրեական լոբբին այս ուղղությամբ ոչինչ չարեցին: ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության մեջ տեղի ունեցած ուղղումներն այստեղ առավել քան ակնհայտ են: Բանն այն է, որ №296 և №150 բանաձևերն ավելի են ամրապնդել ԱՄՆ-ի զինանոցը Թուրքիայի դեմ, որը նախկինում բաղկացած էր, օրինակ, նույն այդ բանաձևից, որով ստիպում էր ԱՄՆ նախագահին յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հանդես գալ ուղերձով: Համապատասխանաբար, դա ստիպում էր թուրքերին ամեն տարի պայքարել, որպեսզի կանխեն Ցեղասպանություն բառն այս հաղորդագրության մեջ: Ի պատասխան՝ ամերիկյան վարչակազմը տարեցտարի փոխադարձ պահանջներ էր դնում Անկարայի առջև: Եվ այստեղ մենք կրկին հանգում ենք նրան, որ ԱՄՆ-ը «հայկական հարցն» օգտագործում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով:

ԹՈՒՐՔԻԱՆ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ ԵՎ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ»

Մեկ այլ ոչ պակաս կարևոր հանգամանքի մասին։ Թուրքական տնտեսության հետագա թուլացումը, որը, ի թիվս այլոց, պայմանավորված է Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացմամբ, նոր սպառնալիքներ է ստեղծում Միացյալ Նահանգների համար: Եվ այդ սպառնալիքներն առավել մասշտաբային են, քան Էրդողանի գործողությունները Սիրիայում, քանի որ դրանք աշխարհաքաղաքական հարթությունից տեղափոխվում են համաշխարհային քաղաքականության հարթություն: Այս լույսի ներքո ամերիկյան հովանու տակ գտնվող սիրիացի քրդերի դեմ Էրդողանի ագրեսիան «ԱՄՆ-ի աչքերում անմեղ մանկան չարաճճիություն» է թվում:

Արևմտյան՝ տնտեսապես զարգացած պետությունների հետ հարաբերությունների և տարաձայնությունների սրման Անկարայի կուրսի հետագա շարունակումը վաղ թե ուշ կարող է Էրդողանին դնել ընտրության առջև, ընտրություն՝ տնտեսական փլուզման և, համապատասխանաբար, սեփական կործանման միջև, ԱՄՆ-ի հովանու տակ վերադառնալու և Չինաստանի ազդեցության գոտուց դուրս գալու միջև: Չինաստանի կողմից Աֆրիկայի դանդաղ, սակայն շարունակական տնտեսական յուրացումը թույլ է տալիս խոսել Պեկինի՝ բավականին մեծ, չօգտագործված ֆինանսական ռեսուրսների առկայության մասին: Եվ սեփական տնտեսական աճի դանդաղեցման պայմաններում Չինաստանն ակնհայտորեն դեմ չէր լինի զբաղվել Թուրքիայով, իհարկե, սեփական պայմաններով, առաջին հերթին՝ քաղաքական: Արդյունքում Թուրքիան Չինաստանի ազդեցության ոլորտում հայտնվելու հեռանկար ունի: Մինչդեռ Չինաստանի հետ առևտրային պատերազմներ վարող Միացյալ Նահանգների համար նման հեռանկարի իրագործումը կնշանակի ամբողջական պարտություն ռազմական գործողությունների պայմանական թատերաբեմի մերձավորարևելյան հատվածում:

Այս տեսանկյունից, թվում է, «Հայկական հարցը» և հենց Թուրքիան դարձել են միջազգային մասշտաբի երկարաժամկետ, գլոբալ մարտահրավերների փոքր, պայմանական պտուտակներ, միջազգային ճարտարապետության նոր, նախկինում անհայտ համակարգի մարտահրավեր՝ «ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տնտեսական երկբևեռության և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ռազմավարական երկբևեռության»: Ստիպված ենք խոստովանել, որ ՆԱՏՕ-ն ակնհայտորեն պատրաստ չէր ոչ միայն համաշխարհային ասպարեզ Չինաստանի սրընթաց մուտք գործելուն, այլև տնտեսապես թույլ Ռուսաստանի ՝ որպես համաշխարհային առաջատար ռազմավարական-ռազմական դերակատարներից մեկի «վերադարձին»: Առաջին հայացքից «Արևելքից նոր սպառնալիքի» ուրվականը բարենպաստ պայմաններ է ստեղծում լիարժեք մարտական ​​կառույցի վերածելու Դաշինքի տրանսֆորմացիայի համար, դառնալու մի բռունցք, որը կարող է չեզոքացել ցանկացած սպառնալիք: Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի վերակազմակերպման փորձերը միայն ի ցույց դրեցին Դաշինքի կազմում քաղաքական բաժանումների և կազմակերպչական դիսֆունկցիաների խորությունը: Այս ամենը Սառը պատերազմի ավարտից ի վեր վերջին երեք տասնամյակների ընթացքում ՆԱՏՕ-ի «կանգ առնելու» օրինաչափ արդյունքն էր: Իսկ ՆԱՏՕ-ի կառուցվածքում ամենաթույլ օղակը կարծես թե հենց Թուրքիան է, ինչը հիանալիորեն հասկանում են ոչ միայն Բրյուսելում և Վաշինգտոնում, այլև Մոսկվայում: Կրեմլը ամնեևին էլ դեմ չէ ստուգելու ՆԱՏՕ-ի ամրությունը՝ «յուղ լցնելով» թուրք-ամերիկյան հակասությունների վրա։ ՆԱՏՕ-ական Թուրքիային ռուսական S-400 համալիրներ մատակարարելու գործարքը, բացի զուտ ֆինանսական բաղադրիչից, նաև հստակ ենթատեքստ է պարունակում: Այսպիսով, Թուրքիայի նշանակությունն այսօր Միացյալ Նահանգների համար, ընդհանուր առմամբ, առանձնապես չի տարբերվում ԽՍՀՄ-ի և Սառը պատերազմի տարիներին նրա նշանակությունից: Ընդհանուր առմամբ, այս ամենը Միացյալ Նահանգներին ստիպում է աննախադեպ զգուշություն ցուցաբերել հատկապես Թուրքիայի և մասնավորապես Էրդողանի նկատմամբ:

Այնուամենայնիվ, այս խաղում Էրդողանը նույնպես էական սահմանափակումներ ունի: Ի դեմս ԱՄՆ-ի ստանալով բացահայտ թշնամու և ոչ թե մի երկրի, որը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում նրա նկատմամբ վարել է զսպման քաղաքականություն՝ Թուրքիան դեմ առ դեմ կմնա իրեն շրջապատող երկրների հետ, որոնք ոչ հեռավոր ապագայում Օսմանյան կայսրության կազմում էին, բնականաբար, դրան ուղեկցող բոլոր հետևանքներով, քանի որ Թուրքիային նույն արաբական աշխարհում, մեղմ ասած, չեն սիրում: Հենց այս բոլոր իրողությունների գիտակցումն էլ դրդում է Էրդողանին երկու քայլ առաջ կատարելով՝ դանդաղ հետքայլ կատարել, ընդ որում, ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում: Իր հերթին, Միացյալ Նահանգները միանգամայն հասկանալի պատճառներով չի կարող թույլ տալ, որ Թուրքիան վերջնականապես հեռանա ՆԱՏՕ-ից և հայտնվի Ռուսաստանի գրկում՝ ապագայում դեպի Չինաստան դուրս գալու հեռանկարով: Նման դեմարշը, իսկ անկյուն մղված Էրդողանը, միանգամայն կարող է այդ քայլին գնալ, կհանգեցնի աշխարհաքաղաքական հավասարակշռության խաթարմանը ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային մակարդակում:

Այսպիսով, ստիպված ենք ընդունել, որ թուրք-ամերիկյան ճեպուղու վրա իրադարձությունների հետագա զարգացումը, ամենայն հավանականությամբ, սրընթաց չի լինի: Գինը, որը կողմերը ստիպված կլինեն վճարել նման անխոհեմ արագության համար, չափազանց բարձր կլինի: Հետևաբար, Վաշինգտոնը և Անկարան այս կամ այն ​​կերպ, բայց ստիպված կլինեն պայմանավորվել: «Հայկական հարցն» ամերիկա-թուրքական հակասությունների և պայմանավորվածությունների բարդ համակարգում մեխանիզմներից մեկն է միայն, այն, ինչը և այսօր անում են Միացյալ Նահանգներն ու Թուրքիան, իհարկե, առայժմ անարդյունք: Պայմանավորվածություն ձեռք բերելու փորձերի վերջին դրսևորումներից մեկն էլ «Triumph S-400» ՀՕՊ զենիթահրթիռային համալիրները «ոչնչացնելու, վերադարձնելու կամ դրանցից ազատվելու» Թուրքիային ուղղված ԱՄՆ-ի առաջարկությունն էր: Ընդգծելով S-400-ների մատակարարման անընդունելիությունը՝ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան շեշտեց, որ դրանք Թուրքիային դնում են պատժամիջոցների ներքո հայտնվելու վտանգի տակ: Տվյալ դեպքում խոսքը Թուրքիայի դեմ պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու օրենքի (CAATSA) կիրառման մասին է։ Ընդ որում, ամերիկացի պաշտոնյան որպեսզի բանակցային սեղանի շուրջ վերադառնա, Անկարային ցույց տվեց «մանևրելու ազատության» հնարավորությունը՝ որպես միակ նախապայման  նշելով S-400 համալիրներ տեղակայելուց Թուրքիայի հրաժարվելը: «Միևնույն ժամանակ, մենք ամենևին նրանց համար չենք փակել «Patriot» ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու հնարավորությունը», - ամփոփեց Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Վաշինգտոնյան բանակցությունների ընթացքում Էրդողանի հետ հանդիպման ժամանակ «S-400 համալիրների հետ կապված իրավիճակը լուծելու» հույս հայտնեց նաև ԱՄՆ նախագահ Թրամփը: Դրան զուգահեռ՝ իրեն բնորոշ ոճով Թրամփն Էրդողանին 100 միլիարդ դոլարի առևտրային գործարք առաջարկեց «Անկարայի համար բավականին բարենպաստ պայմաններով»: Հարկ է նշել, որ երկրների միջև տարեկան երկկողմ առևտրաշրջանառությունը չի գերազանցում 20 միլիարդ դոլարը: Ընդ որում, գրեթե համանման պայմաններ Վաշինգտոնն արդեն առաջարկել է հոկտեմբերին՝ Սիրիայում գործողությունների դադարեցման նպատակով, նույնպես անհաջող:

Այսպիսով, կարծես թե դեռևս 2019թ․ հուլիսին սկսված ռուսական Triumph S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները թուրք-ամերիկյան հակասությունների այսբերգի միայն վերին մասն են: Էրդողանը դեռևս սպառնում է Triumph-ները գործողության մեջ դնել 2020թ. ապրիլին: Միացյալ Նահանգները պահանջում է հրաժարվել Ռուսաստանի հետ գործարքից՝ հօգուտ ամերիկյան Patriot համալիրների: Բանակցությունները շարունակվում են գրեթե անօգուտ: Միևնույն ժամանակ, ինչպես Թրամփը, այնպես էլ Էրդողանն անում են ամեն ինչ բանակցությունները պահպանելու համար: Այսպես, Թրամփն Էրդողանի հետ վերջին հանդիպումը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում, որակեց «հիանալի և արդյունավետ»: Էրդողանն իր հերթին իր գործընկերոջը տեղեկացրեց «Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում նոր էջ բացելու մտադրության մասին, որի հետ Թուրքիային վաղուց կապում են գործընկերության սերտ շղթաները»: Հանդիպմանը հաջորդած կոնկրետության պակասը շեշտադրում է դրա կրիտիկական ​​բնույթը երկու կողմերի համար: Այնուամենայնիվ, նույնիսկ Վաշինգտոնում ոչնչի չհասնելով ՝ Էրդողանն աշխարհին և իր ընտրողներին ցույց տվեց, որ ինքն ԱՄՆ-ի լիարժեք և անզիջում գործընկերն է: Եվ, միևնույն ժամանակ, շարունակում է մանևրել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև` Թուրքիայի աշխարհաքաղաքական կշիռը բարձրացնելու համար: Այնուամենայնիվ, պարզ է, որ Էրդողանին չի հաջողվի շարունակել այս բարձրացումը մինչև անսահմանություն:

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

Այսպիսով, նույնիսկ վերոնշյալ գործոնների ամբողջականությունը, թուրք-ամերիկյան հարաբերություններում հիմնարար փոփոխությունները, որոնք թույլ կտան միանշանակ կանխատեսել ԱՄՆ-ի դաշնային կառավարության կողմից հայերի Ցեղասպանության փաստի վերջնական ճանաչումը, դեռևս չի ենթադրում: Ավելին, պարադոքսալ կերպով նույնիսկ նրանց միջև հարաբերությունների սրման պայմաններում Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայում հայերի Ցեղասպանության փաստի ճանաչման հեռանկարները միայն վերածվել, լրացուցիչ միգամածություն են ստացել:

Այս լույսի ներքո, թվում է, ԱՄՆ վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ վերջնական պաշտոնական ճանաչման հավանականությունն ուղղակիորեն կախված է Էրդողանի հետ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի նախաձեռնած բանակցություններից: Եվ դատելով Թրամփ-Էրդողան հանդիպմանը ներկա Սենատոր Գրեհեմի, ինչպես նաև սենատորներ Պերդյուի և Կրամերի կողմից Սենատում հակաթուրքական նախաձեռնությունների արգելափակումից՝ դաշնակիցների միջև փոխզիջման հասնելու հնարավորությունը, առնվազն Սիրիայի հարցով և Ռուսաստանի հետ հարաբերություններում, դեռևս մնում է՝ հատկապես հաշվի առնելով այն ռիսկերը, որ Թուրքիայի վրա ամերիկյան ճնշման հետագա աճը հղի է հենց իմպիչմենտի մշտական սպառնալիքի տակ գտնվող Թրամփի համար: Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի երկրորդ մեծ բանակը և եզակի աշխարհառազմավարական դիրք ունեցող երկրի հնարավոր, թեկուզև տեսականորեն կորուստը սպառնում է լրջորեն թուլացնել Մեծ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դիրքերը հատկապես նույն տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման խորապատկերին:

Ստեղծվող իրավիճակի մեկ այլ պարադոքս է Թուրքիայի վրա աճող ճնշման հակասությունը հենց ԱՄՆ-ի շահերին: Էրդողանի՝ սիրիական ոչ այնքան հաջող արշավն արդեն հանգեցրել է նոր աշխարհաքաղաքական և տնտեսական ռիսկերի ու Թուրքիայի առջև ծառացած խնդիրների: Այս տեսանկյունից Անկարայի վրա ճնշման հետագա աճը միանգամայն ի վիճակի է հանգեցնել Թուրքիայում տարանջատման գործընթացների առաջացման՝ ընդհուպ մինչև վերջնական փլուզման: Որպես այդ գործընթացներին նպաստող հիմնական գործոններ առաջին հերթին նշենք քրդերին ու գրեթե բոլոր հարևան պետությունների տարածքային պահանջները հարևան ժողովուրդների «ոսկորների վրա» կառուցած Թուրքիային:

Մինչդեռ Թուրքիայի վերացումը որպես ամբողջական պետության և, ըստ այդմ, ԱՄՆ-ի ֆորպոստի, և ամենակարևորը՝ բոլոր զուգընթաց հետևանքներով, ոչ մի դեպքում չեն համապատասխանում ամերիկյան արտաքին քաղաքականության նպատակներին ու առաջնահերթություններին, ընդ որում, ոչ միայն Մեծ Մերձավոր Արևելքում: Պահպանել Թուրքիան ամբողջականորեն, բայց իշխանությունն ավելի զիջող իշխանությամբ փոխարինելով, ԱՄՆ-ին նույնպես չի հաջողվի: Էրդողանի կողմից թուրքական գեներալիտետի ոչնչացումից և Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենի գործոնի չեզոքացումից հետո ամերիկացիներն Էրդողանին այլընտրանքային թեկնածու նույնպես չունեն:

Այսպիսով, այսօր, ինչպես և նախկինում, դիտվում է Թուրքիայի՝ որպես Միացյալ Նահանգների գործընկերոջ այլընտրանքի, պակաս ամենևին էլ ոչ միայն Մեծ Մերձավոր Արևելքում, որպես մի երկրի, որը ղեկավարվում է նույնիսկ չափազանց հավակնոտ և, հետևաբար, համառ ու վնասաբեր Էրդողանի կողմից: Թուրքիայի նախագահը, դատելով միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգում իրականացվող նրա ռիսկային և լայնաթափ քայլերից, քաջատեղյակ է այդ նույն, թեև ժամանակավոր, բայց, այնուամենայնիվ, անփոխարինելիությունից: Սրանք են համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների համակարգում վերջին ազդակները, այն համակարգը, որի մաս է դարձել «Հայկական հարցն ամենևին էլ ոչ այսօր: Ամերիկա-թուրքական հակասությունները նախկինի պես հեռու են լուծված լինելուց, բայց դրանց հետագա սրումը կապելը Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման հետ, թվում է, անարդյունավետ է գոնե տեսանելի ապագայում:

 

 «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED), Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter