HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Շենգենյան վիզաների հերթերի հարցով Հայաստանի քաղաքացիների դժգոհությունը արտգործնախարարի ուշադրության կենտրոնում է

Շենգենյան գոտու անդամ երկրների դեսպանատների աշխատանքներից Հայաստանի քաղաքացիների դժգոհություններն Արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում են:

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հիշեցրեց, որ մի քանի նոր ուղղություններ կան դեպի Եվրոպա, և սպասվում է, որ ամռանն էլ ուղղությունները կավելանան:

Պատգամավորի խոսքով` քաղաքացիները դժգոհում են, որ շենգենյան վիզաներ տրամադրող դեսպանատներում արդեն իսկ հերթագրվելու համար ազատ օր չկա, ինչպես նաև կան դեսպանատներ, որոնք ուղղորդում են վիզաների կենտրոն: Ըստ պատգամավորի` եղել են դժգոհություններ վիզաների կենտրոնից, քանի որ քաղաքացիներից հավելյալ գումար են պահանջել:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց` Հայաստանի քաղաքացիների դժգոհությունների մասին տեղյակ են և շատ լուրջ են ընդունում:

«Եվրամիության անդամ երկրների հետ մեր երկխոսության հարցերից մեկն է այդ դժգոհությունը: Շարունակելու ենք դա անել, քանի որ այն չի բխում վիզաների դյուրացման պայմանագրից, և նորմալ իրավիճակ չէ: Մենք չենք կարող անտարբեր լինել, շարունակելու ենք պահել մեր օրակարգում և ապահովել լուծումներ»,- ասաց նա:

Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց, որ բյուջետային ավիաընկերությունների դեպքում պետք է նախապես տոմս ամրագրել, որը հնարավոր չէ չեղարկել, և վիզաների համար օր չլինելու պատճառով կորցնում են գումարը:

Ինչ վերաբերում է որոշ տուրիստական ընկերությունների հետ դեսպանատների հնարավոր համագործակցությանը, որի պատճառով քաղաքացիները հավելյալ գումար են վատնում, արտգործնախարարը տեղյակ չէր: Նախարարի խոսքով` դեսպանատների հերթերի գոյացումը ռեսուրսների խնդրով է պայմանավորված, սակայն դա հիմնավորում չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter