
Էկո-ֆորում` այսօր Մաշտոցի պուրակում
Այսօր լրանում է Մաշտոցի պուրակում ընթացող քաղաքացիական պայքարի 22-րդ օրը: Այս օրերի ընթացքում, չնայած այգու պաշտպաններին հաջողվեց կասեցնել պուրակում ծավալվող ապօրինի շինարարական աշխատանքները և խնդիրը բերել իրավական հարթություն, քաղաքապետարանը չընդունեց շինարարությունը դադարեցնելու, կրպակներն ու սրճարանի ընդլայնված հատվածը ապամոնտաժելու և պուրակը բարեկարգելու վերաբերյալ պաշտոնական որոշում :
Քաղաքային իշխանություններին ուղղված մեր գլխավոր պահանջն է ապամոնտաժել հանրային տարածքում տեղադրված կրպակներն ու սրճարանի ընդլայնված հատվածը և վերականգնել հանրային տարածքը՝ ի շահ հանրային սեփականության իրավունքի: Յուրաքանչյուր ոք, ով միանում է այս պահանջին, մարտի 3-ին՝ ժամը 3-ին, Մաշտոցի պուրակում իր ֆիզիկական ներակայությամբ կարող է ապացուցել, որ հանրային սեփականության համար մղվող պայքարի թիկունքին իսկապես կանգնած է հանրությունը՝ ի դեմ Հայաստանի Հանրապետության ինքնորոշված քաղաքացու:
Ֆորումի ընթացքում կքննարկվեն մեր երկրում առկա բնապահպանական, հանրային ունեցվածքի և սեփականության հարցերը՝ հիմք ընդունելով մեր սահմանադրական իրավունքները: Կներկայացվեն հանքարդյունաբերության, մասնավորապես՝ Թեղուտի, Քաջարանի, Ջերմուկի, հանրային կանաչ տարածքների, Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության օրինագծի հետ կապված խնդիրները և դրանց լուծման հնարավոր եղանակները:
«Մեր մասնակցությամբ ապացուցենք, որ մենք ենք տերը հանրային սեփականություն հանդիսացող տարածքի և մեր սահմանադրական իրավունքների: Հիշենք, որ հանրային ուղղորդման և ծանր ճնշման պարագայում ապամոնտաժումը և իրավունքների վերականգնումը անխուսափելի են: Ուստի, մարտի 3-ին՝ ժամը 3-ին, բոլորս դեպի Մաշտոցի պուրակ»,- հայտնում են ակտիվիստները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել