HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունն ընդունեց 2020-2023 թթ․ ծնելիության բարելավմանն ուղղած միջոցառումների նախագիծը

Կառավարությունն այսօր հաստատեց ծնելիության բարելավմանն ուղղված 2020-2023 թվականներին իրականացվող միջոցառումների ցանկը, որի նպատակը առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության ու բնական աճի բարձրացումն է։

Առողջապահական գործոնով պայմանավորված՝ ծնելիության բարելավման ծրագրի կատարումն ապահովող 2020-2023 թվականների միջոցառումների մասին հարցը քննարկվեց այսօրվա՝ մարտի 5-ի Կառավարության նիստում:

Արսեն Թորոսյանը ներկայացրեց 3 հիմնական ուղղություն:

«Առաջինը 15 տարեկան աղջիկների հավելյալ ստուգումն է, որպեսզի ի սկզբանե հայտնաբերելով վերարտադրողական տարիք մտնող աղջիկների առողջական խնդիրները՝ կարողանանք բուժել և խուսափել առաջնային չբերությունից: Երկրորդը ամուսնության գրանցումից հետո զույգերի՝ պետության կողմից երաշխավորված հետազոտությունների անցկացումն է, որպեսզի հղիություն պլանավորելիս դեպքերի մեծ մասում եղած խնդիրները հայտնաբերվեն և բուժվեն: Երրորդը հղիության ժամանակ կատարվող հետազոտությունների ծավալի էական ընդլայնումն է, որը բերելու է հղիության վաղաժամ բնական դադարեցումների թվի իջեցման»,- նշեց նախարարը:

Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ վերջին 3 տասնամյակների ընթացքում Հայաստանում ծնելիության ցածր, անգամ պարզ վերարտադրություն չապահովող մակարդակով (1.57) պայմանավորված` արձանագրվել է ծնելիության և ժողովրդագրական ցուցանիշների վատթարացում: Ծնելիության ցուցանիշը 1990-ականներից շարունակաբար նվազել է (1990թ.՝ 22.5 %, 2000թ.՝ 10.6 %, 2010թ.՝ 13.8 %, 2018թ.՝ 12.3 %)՝ կրճատվելով 1.8 անգամ:

Որպես հետևանք՝ կենդանածինների թիվը 1990թ. համեմատ կրճատվել է 2.2 անգամ՝ 2019թ.-ին կազմելով 36078 ծնունդ, 1990թ.-ի 79882-ի դիմաց:

Ծնելիության անկման հետևանքով 1990թ. համեմատությամբ 2018թ.-ին արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների թվի կրճատում 1/3-ով` կազմելով 20,2 %, իսկ անաշխատունակ բնակչության թվի կրկնապատկում՝ մինչև 11.6 %, ինչը վկայում է բնակչության ծերացման մասին:

Ծրագրի նպատակը բնակչության վերարտադրողական առողջության բարելավումն է, առողջապահական գործոնով պայմանավորված՝ ծնելիության ու բնական աճի բարձրացումը:

Հաշվի առնելով, որ վերարտադրողական տարիքում անպտղության, հղիության կրելախախտի, ինչպես նաև հղիության ախտաբանությունների բարձր հաճախականության ու վերարտադրողական կորուստների գերակշռող մասի պատճառները սկսվում են դեռահասային տարիքում, կարևորվել է դեռահասների առողջության պահպանումն ու բարելավումը` որպես կարևոր պոտենցիալ առողջ վերարտադրության և ծնելիության համար:

Ներկայում 1 տարվա մեջ 15 տարեկան 14000 աղջկա հետազոտության համար ծախսվում է շուրջ 42 մլն դրամ, որոնցից միջինում 8-9 %-ի մոտ հայտնաբերվում է ախտաբանություն և դրանց բուժումն ու հետազոտումը ներառված չեն պետպատվերի մեջ: Ի տարբերություն աղջիկների՝ կարևորելով ապագա զինվորների առողջության խիստ կարևորությունը, յուրաքանչյուր բյուջետային տարում, հայտնաբերված ախտաբանությունների դեպքում նախազորակոչային տարիքի պատանիները ենթարկվում են նպատակային հետազոտությունների ու բուժման:

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter