HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կալիֆոռնիայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Կալիֆոռնիայի նահանգապետ Գեյվին Նյուսոմը, COVID-19 կորոնավիրուսի տարածման ֆոնին, նահանգում հայտարարել է արտակարգ դրություն։ Այդ մասին նշվում է Կալիֆոռնիա նահանգի արտակարգ իրավիճակների վարչության պաշտոնական կայքում։

Ինչպես հայտնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, արտակարգ դրությունը հայտարարվել է այն պատճառով, որ նահանգային իշխանությունները կարողանան հավելյալ ֆինանսական միջոցներ ներգրավել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այդ նպատակով ԱՄՆ Կոնգրեսը Կալիֆոռնիայի իշխանություններին արդեն իսկ տրամադրել է 8,3 մլրդ դոլար։ Պատճառների թվում է նաև պետական մարմինների կողմից արդեն իսկ իրականացվող հակազդիչ գործողություններին պաշտոնական կարգավիճակ տալը, ինչպես նաև՝ նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելը։

Ներկայումս Կալիֆոռնիայում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 54 դեպք։ Բացի այդ, Վաշինգտոն նահանգից հետո Կալիֆոռնիան ԱՄՆ երկրորդ նահանգն է, որտեղ կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել։ «New York Times»-ի տվյալներով՝ Կալիֆոռնիայում կորոնավիրուսի տարածումը կարող է կապված լինել «Grand Princess» զբոսանավի հետ, որը Հավայան կղզիներից ուղևորվում էր Սան Ֆրանցիսկո։ Ընդ որում, զոհը եղել է հենց այդ զբոսանավի ուղևոր։ Եվս 21 ուղևորի մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսային ինֆեկցիայի ախտանիշներ։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ տարածքում կորոնավիրուսային վարակ հայտնաբերվել է 150 մարդու մոտ, 11 պացիենտներ էլ մահացել են:

Նյուսոմի խոսքերով՝ զբոսանավի ուղևորների կեսից ավելին Կալիֆոռնիայի բնակիչներ են։ Ուղևորների մի մասն արդեն իսկ իջել է ցամաք։ Ներկայումս իշխանությունները փորձում են կապ հաստատել նրանց հետ։ Նահանգապետը հայտարարել է, որ մյուսներն ափ չեն դուրս գա, քանի դեռ չեն հետազոտվել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է այս տարվա փետրվարի 29-ին Վաշինգտոն նահանգում, որի արդյունքում նահանգային իշխանությունները հայտարարել էին արտակարգ իրավիճակ։ Դեպքը տեղի էր ունեցել նահանգի Քինգ Քաունթի շրջանում, իսկ մահացածի մոտ հայտնաբերվել էր 19-NCov տիպի կորոնավիրուս։ Ավելի վաղ «BBC»-ն հայտնել էր, որ Վաշինգտոնում հիվանդներից մեկը միջնակարգ դպրոցի աշակերտ է։ Հինգշաբթի օրը Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա շրջանի իշխանությունները հայտարարել էին, որ վիրուսը հայտնաբերվել է քրոնիկ հիվանդություն ունեցող տարեց կնոջ մոտ։ Իշխանությունների տվյալներով՝ կինը դուրս չէր եկել ԱՄՆ սահմաններից և չէր շփվել հիվանդների հետ։ Օրեգոն նահանգում էլ կորոնավիրուսը հայտնաբերվել էր Կլակամաս շրջանի դպրոցական ուսուցիչներից մեկի մոտ։

Ուրբաթ օրը Դոնալդ Թրամփը մեղադրել էր դեմոկրատներին կորոնավիրուսի տարածումը քաղաքականացնելու մեջ։ Հարավային Կալիֆոռնիայում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ բաց սահմանների քաղաքականությունը, որի կողմնակիցն են դեմոկրատները, ուղիղ վտանգ է ամերիկացիների առողջության համար։

Վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3310-ի, վարակվածներինը՝ 96 260-ի, իսկ ապաքինվածներինը՝ 53 708-ի։

Լուսանկարում՝ Կալիֆոռնիայի նահանգապետ Գեյվին Նյուսոմը (մեջտեղում), «Associated Press» գործակալություն 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter