HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ջրօգտագործման թույլտվություն չտալու մասին նախագահի հանձնարարականը չի կատարվել, որովհետեւ «հանձնարարականն իրավական ակտ չէ»

2008-ին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, իսկ 2013-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականներով արգելվել է Արարատյան դաշտում նոր խորքային հորերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը, սակայն բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տասնյակից ավելի թույլտվություններ է տվել ձկնաբուծության նպատակով:

Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (ՋՌԿԳ) նախկին պետ Վոլոդյա Նարիմանյանը հարցաքննվել է Արարատի մարզում ստորգետնյա ջրային պաշարների գերշահագործում թույլ տալու դեպքով հարուցված քրեական գործով: «Նույնիսկ 2013թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահի կողմից կայացված խորհրդակցությունից հետո բնապահպանության նախարարի կողմից տրվել է խորքային հորի 10 ՋԹ, որից 7-ը՝ ձկնաբուծության նպատակով։ Ի՞նչ կասեք այս մասին»,- դիմել է քննիչը ՋՌԿԳ նախկին պետին։

«Իմ անձնական կարծիքով՝ այդ հանձնարարականներն իրավական ակտեր չեն ու ջրօգտագործման թույլտվություն չտալու հիմք չէին կարող հանդիսանալ»,- պատասխանել է այդ տարիներին ՋՌԿԳ պետի պաշտոնը զբաղեցրած Վոլոդյա Նարիմանյանը։ Այնուհետեւ ավելացրել է« «Ամեն դեպքում ասեմ, որ հայտերը գնահատողը եւ թույլտվություն տվողը ես չեմ եղել։ ՋԹ-ն տրամադրել է բնապահպանության նախարարը»։

Վոլոդյա Նարիմանյանը 2002-2012թթ.-ին եղել է բնապահպանության նախարարության ՋՌԿԳ պետի տեղակալը, իսկ 2012-14թթ.-ներին զբաղեցրել է ՋՌԿԳ պետի պաշտոնը:

2013թ. դեկտեմբերի 27-ին Արարատի մարզի քննչական բաժնում, Քրեական օրենսգքրի 291 հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է հարուցվել Արարատի մարզում ջրօգտագործողների կողմից ստորգետնյա ջրային պաշարների սահմանված առավելագույն շեմից ավելի գերշահագործում թույլ տալու, դրա հետեւանքով շրջակա միջավայրին, ընդերքին եւ դրանում պարփակված օգտակար հանածո հանդիսացող ջրային պաշարներին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Քրեական գործը հարուցվել է ՀՀ նախագահի մոտ 2013 թ. սեպտեմբերի 6-ին կայացած խորհրդակցությունից հետո: Նախագահի հանձնարարականների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրել է խորքային հորերի շահագործման ոլորտը, որից հետո Արարատի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել:

Վ. Նարիմանյանը որպես վկա այս գործով հարցաքննվել է երկու անգամ: Առաջին անգամ՝ 30.04.2014թ.-ին, ընդամենը հայտնել է, որ ջրօգտագործման թույլտվությունները տրվել են օրենքի պահանջին համապատասխան: Քրեական գործի վարույթը 26.12.2016թ.-ին կարճվել է այն պատճառաբանությամբ, որ կատարված նախաքննության ընթացքում չի հիմնավորվել Արարատի մարզում ստորերկրյա ջրային պաշարների գերշահագործումը:

Երկրորդ անգամ Վ. Նարիմանյանը հարցաքննվել է 16.05.2019 թ.-ին՝ քրեական գործի քննությունը վերսկսվելուց հետո, երբ պաշտոնյա չէր եւ հայտնել է, որ 1980թ.-ից մինչեւ 2014թ. օգոստոս ամիսն աշխատել է բնապահպանության բնագավառում։ 2002 թ.-ին բնապահպանության նախարարության կազմում ստեղծվել է Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն, եւ ինքը նշանակվել է գործակալության պետի տեղակալ։ Քննիչին հայտնել է, որ 2002-07թթ.-ին տնտեսվարողներին ջրօգտագործման թույլտվությունները տրամադրում էր նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը։ 2007թ.-ի կեսերից, երբ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արամ Հարությունյանը, ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու գործառույթն անցավ բնապահպանության նախարարին, 2007-ից նա էր ստորագրում թույլտվությունները։

Քննիչն արձանագրել է, որ Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի քանակի նվազման պատճառով 2013թ. դեկտեմբերի 6-ին խորհրդակցություն է տեղի ունեցել երկրի նախագահի մոտ, որից հետո նախագահի կարգադրության հիման վրա օրենսդրական նախագծեր են կազմվել, եւ կառավարության որոշում է ընդունվել, որով Արարատյան դաշտավայրում նոր խորքային հորերի տրամադրումն արգելվել է։

Քննիչը ներկայացրել է հետեւյալ փաստարկները, որի պայմաններում նախարարությունը պետք է դադարեցներ ջրօգտագործման թույլտվությունների (ՋԹ) տրամադրումը, սակայն չի արել:

Այսպես, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2008թ. օգոստոսի 26-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ բնապահպանության նախարարին հանձնարարվել է Արարատի մարզում խորքային հորերի ջրօգտագործման նոր թույլտվություններ չտրամադրել մինչեւ Արարատյան ջրհավաք ավազանի հիդրոերկրաբանական ուսումնասիրություն անցկացնելը, սակայն նախարարը միչեւ 2009թ.-ը տվել է խորքային հորերի 21 ՋԹ, որից 3-ը՝ ձկնաբուծության նպատակով։

Դրանից հետո վարչապետի 2009թ. ապրիլի 30-ին ընդունած թիվ 352-Ա որոշմամբ հաստատված՝ Արարատյան դաշտավայում ստորերկրյա խորքային հորերի օգտագործման արդյունավետության բարձրացման միջոցառումների ժամանակացույցով բնապահպանության նախարարին հանձնարարվել է մինչեւ 2009թ. մայիսի 6-ը վարչապետի հաստատմանը ներկայացնել «Արարատյան դաշտավայում ստորերկրյա հորերից նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ: Դրանով ակնկալվել է ազգային ջրային պաշարի նվազեցման կանխում, Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ներկա վիճակի բացահայտում, Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների ծավալները ճշտելու համար հիդրոերկրաբանական հետազոտությունների անցկացման ժամանակացույցի սահմանում, նոր ՋԹ-ների տրամադրման գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու համար բավարար իրավական հիմքերի ներկայացում, սպասվելիք ծախսերի գնահատում։ Սակայն դրանից հետո, մինչեւ 2010թ.-ը նախարարը տվել է խորքային հորերի 15 ՋԹ, որից 3-ը՝ ձկնաբուծության նպատակով։

2009թ. հուլիսի 23-ին կառավարության նիստում բնապահպանության նախարարին հանձնարարվել է եռամսյա ժամկետով կասեցնել Արարատյան դաշտի ստորերկրյա նոր հորերի հորատման նպատակով տրվող ՋԹ-ների տրամադրման գործընթացը՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ կառավարել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Արարատյան դաշտի ստորերկրյա  ջրային ռեսուրսները։ Նման պայմաններում եւս, մինչեւ 23.10.2009թ.-ը նախարարը տվել է խորքային հորերի 4 ՋԹ, որից 3-ը՝ ձկնաբուծության նպատակով։

Վ. Նարիմանյանը հայտնել է, որ 2009թ. կեսերին բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի հրամանով ստեղծվել է ջրօգտագործման հայտերի նախնական գնահատման եւ վերջնական քննարկման հանձնաժողով։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել նախարարության բոլոր շահագրգիռ ստորաբաժանումների ներկայացուցիչները, ովքեր հիմնականում ղեկավար կազմից էին։ Յուրաքանչյուր անդամ ուսումնասիրում էր փաթեթը, հայտնում կարծիք, դիողություն։ Ջրօգտագործման թույլտվությունը ստորագրում էր անձամբ նախարարը։

«Ա. Հարությունյանից հետո նախարար է նշանակվել Արամայիս Գրիգորյանը (պաշտոնավարել է 2014-16թթ.-Ս.Պ.) եւ, եթե չեմ սխալվում, դրանից հետո այդ հանձնաժողովն այլեւս չի գործել, սակայն ջրօգտագործման թույլտվությունները տրամադրում էր նախարարը, անձամբ էր ստորագրում հայտերը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 2007-2014թթ.-ին բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արամ Հարությունյանը, որը ներկայումս հետախուզման մեջ է մետաղական հանքերը շահագործելու թույլտվություն տրամադրելու եւ դրա դիմաց խոշոր չափի կաշառք ստանալու գործով:

Լուսանկարում (ձախից)՝ Վոլոդյա Նարիմանյանը, Արամ Հարությունյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter