HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

150 մլն դրամի ներդրման խոստում․ նորաստեղծ ընկերությունը դարձավ Դիլիջանի անտառի 3 հա-ի վարձակալ

«Դիլիջան ազգային պարկը» նոր վարձակալ ունի։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորությամբ նախարարությունում կայացած միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի այսօրվա նիստում հաղթող ճանաչվեց «Շիշկա» ՍՊԸ-ն:

Ընկերությունը «Դիլիջան ազգային պարկի» Դիլիջան տեղամասից 3 հա տարածքի վարձակալության իրավունք ստացավ տարեկան 1 միլիոն 850 հազար դրամ վարձավճարով։ Մեկնարկային գինը 1 քմ-ի համար 60 դրամ էր։ Հաղթողը մեկնարկային գնից տարեկան կտրվածքով 50 հազար դրամ էր ավել առաջարկել։

«Շիշկա» ՍՊԸ-ն իր ծրագրային փաթեթով նախատեսել է ոչ ծառածածք հատվածներում հանգստի կազմակերպման համար տնակներ, խոհանոց, ճաշասենյակ, սանհանգույց տեղադրել, ստեղծել տասնյակ աշխատատեղեր։

«Առանձին տնակներ կկառուցվեն ծառերի հետ հարմարեցնելով, նրանց կից կամ նրանց վրա՝ չվնասելով ծառերը։ Տարածքից կառանձնացվի մոտ 2000 քմ տարածք ճամբարատեղի 50 վրանի համար, խարույկատեղի, խաղահրապարակներ, դիտակետ և պատշգամբ կկառուցվի»,- գրված է ներդրումային ծրագրում։

150 մլն դրամի ներդրումը ընկերությունը նախատեսում էր 3 տարում իրականացնել, սակայն մրցութային հանձնաժողովի առաջարկով՝ ընկերության տնօրենը համաձայնեց ներդրումը 2 տարվա ընթացքում կատարել։

Մարգարիտա Ուրիխանյանի՝ հանգստյան տաղավարներ տեղադրելու նախագիծը, նույն տարածքի համար, պարտվեց «Շիշկա» ՍՊԸ-ին։ Այն թերի էր կազմված, և վարձակալության նվազագույն չափն էր առաջարկել։ 

Մրցութային հանձնաժողովի կազմում էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Կարախանյանը, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, «Դիլիջան ազգային պարկի» տնօրեն Սուրեն Աղաջանյանը, «Սևան ազգային պարկի տնօրեն» Վարդան Վարդանյանը։ Բոլորը կողմ քվեարկեցին, բացառությամբ՝ վարչապետի խորհրդականի, նա ձեռնպահ էր։ Հանձնաժողովը նախագահում էր շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հատուկ անդրադարձավ անտառային տարածքների վարձակալության մրցութային կարգին։ «Այս տարածքը վարձակալության դնելուց մենք նաև նպատակ ունեինք փորձել հասարակությանը տեղեկացնել, և լավ է, որ լրագրողները ցանկություն են հայտնել գալ, որ մարդիկ իմանան, որ կարող են գալ, դիմել, ծրագիր ներկայացնել և շահել՝ առանց նախկինում գործող տարբեր «դաբրոների» ինստիտուտները ստանալու, բայց դեռևս մարդիկ ավելի կաշկանդված են։ Ենթադրում եմ, եթե իմանային, որ սա բավական լավ տարածք է, բիզնեսի ներդրման համար լավ տեղ է, եթե մարդիկ հավատան, որ, այո, կարիք չկա որևէ միջնորդությունների, մենք ոչ թե մեկ-երկու մասնակից կունենայինք, այլ 20, 30, 40 մասնակից կունենայինք, որը դեռևս չունենք»,- հայտարարեց Էրիկ Գրիգորյանը։

Մրցույթում հաղթող ճանաչված «Շիշկա» ՍՊԸ-ն հիմնադրվել է նախորդ տարեվերջին՝ նոյեմբեր ամսին։ Միակ հիմնադիրն ու բաժնետերը Դիլիջան քաղաքի բնակիչ Հարություն Գաբրիելյանն է։ Նա 2012 թ.-ին ընդամենը 750 հազար դրամով Դիլիջան համայնքից 300 քմ հողակտոր է գնել առանձնատուն կառուցելու նպատակով։

«Դիլիջան ազգային պարկի» Շամախյան տեղամասի անտառի 0,5 հա-ի համար ևս մրցույթ էր հայտարարված։ Այստեղ հայտ էր ներկայացրել «Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ-ն, որին, սակայն, հանձնաժողովը որոշեց հավանություն տալ մի պայմանով, եթե ՀԿ-ն համաձայնի գոնե նվազագույն 60 դրամ արժեքով տարածքը վերցնել վարձակալության։ «Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ-ի նախագահ Մանուշ Հովնանյանը խնդրել էր տարածքը տրամադրել անհատույց կամ 10-15 դրամ արժեքով, քանի որ այնտեղ երեխաների համար ճամբար և էկոկրթություն էր ուզում կազմակերպել, հետագայում նաև ելակի ջերմոցներ ստեղծել։

Մրցութային հանձնաժողովը պարզաբանեց, որ իրենք մրցույթ հայտարարել են համաձայն համապատասխան կանոնակարգի և նվազագույն սահմանված արժեքի, եթե ՀԿ-ն համաձայն է դրան, ապա քանի որ միակ մասնակիցն է տվյալ լոտի համար, ինքնըստինքյան հաղթող է դառնում։ Այլապես, նման իրավասություն՝ անհատույց կամ 10-15 դրամով անտառային հողը տրամադրելու, հանձնաժողովը չունի։ ՀԿ-ն պետք է դիմի Կառավարություն, քանի որ նմանատիպ հատկացումը Կառավարության որոշմամբ է կատարվում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter