HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերրի հողերում աղքատ նստած ենք

Հադրութի շրջանի Առաքյուլ գյուղում Հայաստանից եկած վերաբնակիչներ կան։ Նրանցից մեկը Վաչագան Մկրտչյանն է։ Պատերազմի ժամանակ Վաչագանը կամավոր մասնակցել է Հադրութի եւ Մարտակերտի ազատագրմանը։ Ղարաբաղի հետ արյունակցական ոչ մի կապ չունի, երեւանցի է, վանեցիների սերունդ։ Ասում է, թե կռիվների ժամանակ շատ է հավանել Ղարաբաղի բնությունն ու որոշել է բնակություն հաստատել հենց Հադրութի շրջանի Առաքյուլ գյուղում։ Հատկապես այս գյուղն է ընտրել, որովհետեւ սահմանային է, եւ պետք է բնակչությամբ ամրացնել։

Սկզբում կինը դեմ է եղել Վաչագանի համարձակ որոշմանը, բայց մեկ տարի անց ինքն էլ է եկել։ Հիմա երկուսով գյուղի դպրոցում են աշխատում։ Վաչագանը պատմություն եւ աշխարհագրություն է դասավանդում, իսկ կինը՝ մաթեմատիկա։ «Բացի դրանից զբաղվում ենք հողագործությամբ եւ անասնապահությամբ». ասում է նա։

Առաքյուլը բազմաթիվ խնդիրներ ունի, բայց, նրա կարծիքով, ամենագլխավորը աշխատանքի հարցն է։ «Տեսեք, ջուր չկա։ Մեկը գալիս է, ասում է՝ ես ձեր ջրի հարցը կլուծեմ։ Ենթադրենք՝ լուծում է, գյուղում ջուր է լինում, բայց մյուս խնդիրները, ասենք, տների հարցը, շրջկենտրոնի հետ կապի հարցը, մյուս բաները մնում են». ասում է Վաչագան Մկրտչյանը՝ համոզված, որ պետք է սկսել աշխատանքից։ «Եթե փորձեն վերացնել գործազրկությունը, անմիջապես պարզ կդառնա, որ պետք է լուծել ջրի հարցը, պետք է մատչելի դարձնել գյուղատնտեսական մեքենաները, պետք է արտոնյալ ու երկարաժամկետ վարկեր տալ գյուղացիներին եւ այս ամենն անել ծրագրված ու մտածված կերպով»։

Նա գտնում է, որ աշխատելու հնարավորություն ունեցող գյուղացին իր հարցերն ինքը կլուծի։ Զարմանում է, որ մեկն իր տան նորոգման հարցով պետությանն է դիմում։ «Նորմալ բան չի, չէ՞, պետությանն ասում ես՝ ապակի տուր գցեմ պատուհանիս։ Բայց որ աշխատանք չունեն, վաստակ չունեն, ի՞նչ անեն։ Եթե ունենար, ապակին ի՞նչ է, որ չառներ»։

Բնակլիմայական պայմաններն Առաքյուլում եւ ընդհանրապես Հադրութի շրջանում նպաստավոր են գյուղատնտեսական ցանկացած գործ ձեռնարկելու համար։ «Հինգ հեկտար արտ կարելի է անել, բայց որ հնարավորություն չունենք, հազիվ մինչեւ 2 հեկտար ենք հասցնում»։

Բռնազավթման հետեւանքով Առաքյուլը զրկվել է խորհրդային տարիներին ունեցած գյուղատնտեսական տեխնիկայից։ Ադրբեջանցիներն ամեն ինչ տարել են։ Հիմա առաքյուլցիները ստիպված տեխնիկա են խնդրում հարեւան գյուղերից, նրանք էլ իրենց գործն անել-պրծնելուց հետո են տալիս։ «Շատ ժամանակ արդեն ուշ է լինում եւ վարելը դառնում է անիմաստ». ասում է Վաչագանը։

Եթե տեխնիկան եւ ոռոգման ջուրը լինի, շատ արագ կարելի է հզորացնել գյուղատնտեսությունը։ «Երկրներ կան, որ անապատից են բերք ստանում, մենք մեր բերրի հողերում աղքատ նստած ենք։ Հիմա ո՞ր դարն է, իսկ մենք սպասում ենք անձրեւ գա, արտը ջրվի։ Չեկավ՝ վերջ»։

Այսուհանդերձ Վաչագան Մկրտչյանը չի հուսահատվում, եւ ինչպես ինքն է ասում, փորձում է մեծ դժվարություններ հաղթահարելով, ստանալ առավելագույնը։ «Կյանքն առաջ է շարժվում եւ բնականաբար մենք չենք կարող անգործության մատնվել, միշտ նվնվալ, թե այս կամ այն բանը չկա։ Փորձում ենք ինչ-որ բան անել»։

Հինգ տարի առաջ, երբ Վաչագանը եկավ Առաքյուլ, ընդամենը մի կով ուներ։ Հիմա, եթե վաճառածներն էլ հաշվի, կովերի թիվն անցնում է քսանից։ Վաչագանի համար սա ոչ թե հաջողություն է, այլ՝ ապացույց, որ կարելի է ապրել, իսկ եթե մտածված օգնություն լինի, կարելի է զարգանալ ու բարգավաճել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter