Աղավնատուն գյուղում ինքնաձիգից կրակած անձը ձերբակալվել է
Ոստիկանությունը հայտնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 02.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի շրջանի հրազենային թափանցող վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 36-ամյա տղամարդ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել էին, որ նույն օրը, ժամը 02.15-ի սահմաններում, անհայտ անձը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել տղամարդու և նրա մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով տղամարդը ստացել է մարմնական վնասվածք:
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կրակոցներ արձակողի ինքնությունը:
«Աղավնատուն գյուղի 34-ամյա բնակիչը, ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելիս, Տաշիրի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Բերման ենթարկվածը ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,– հայտնում է ոստիկանությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել