HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Բարձրաստիճան պաշտոնյա դառնալու գինը անձնական կյանքի որոշ չափաբաժնից հրաժարվելն է

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանման պետին: «Հայկական ժամանակ»-ի տեղեկությամբ՝ խոսքը ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի պետ Սերոբ Հարությունյանի մասին է: Իսկ անձնական գաղտնիք համարվող տեղեկությունը զինծառայության տարիներին նախարարի՝ արդեն մարված դատվածության մասին փաստի հրապարակումն է, որը նախարարը նախ հերքել էր, ապա՝ հաստատել: Տեղեկությունը հրապարակած «Հրապարակ» օրաթերթը հերքում է, որ իր գաղտնի աղբյուրը Սերոբ Հարությունյանն է: ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանն ունի տուժողի կարգավիճակ:

«Հետքն» այս թեմայի շուրջ զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ:

Պրն. Ղազարյան, նախկինում պաշտոնատար անձինք մամուլից էին պահանջում բացահայտել տեղեկատվության աղբյուրը, հիմա հակառակ կողմից եկան: Նախարար Պապիկյանը իրավապահ մարմիններից պահանջեց հայտնաբերել տեղեկատվության արտահոսք թույլ տված պաշտոնատար անձին: Ձեր կարծիքով՝ ինչու՞:

Որովհետեւ պաշտոնատար անձը չունի այն պաշտպանվածությունը, ինչ մամուլը: Պաշտոնատար անձի վրա կախված է Քրեական օրենսգրքի 308 կամ 309 հոդվածը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը: Մամուլը կարող է պաշտպանվել նրանով, որ հանրային առաքելություն է իրականացնում, դրա համար կարող է օգտվել գաղտնի աղբյուրներից, գումարած՝ մամուլը պաշտպանված է ՍԴ հայտնի որոշումով, որով երեք շատ նեղ հիմքեր են սահմանվում՝ երբ կարելի է պարտավորեցնել լրատվամիջոցին բացահայտել աղբյուրը: Կարելի է ասել, որ յուրաքանչյուր հարյուր գործից մեկ կամ երկու նման դեպք կարող է լինել, քանի որ պաշտպանվածության նման մեծ աստիճանի տակ է վերցված: Գուցե դա է պատճառը, որ որոշեցին մամուլին հանգիստ թողնել եւ փնտրել իրավախախտում պաշտոնատար անձի տարածքում: Դա ավելի լավ է, բնականաբար, որովհետեւ որքա՞ն կարելի է լրագրողներին կանչել որպես վկա եւ ձեռնունայն վերադառնալ, քանի որ լրագրողները մատնացույց են անում ՍԴ որոշումը:

Եթե լրատվամիջոցը պաշտոնապես դիմեր ոստիկանություն, որի տեղեկատվական բազայում առկա է եղել այդ ինֆորմացիան, ի՞նչ պիտի պատասխաներ պետական մարմինը, պիտի դա համարեին անձնական բնույթի տեղեկություն եւ մասնավոր կյանքի գաղտնիության պատճառաբանությամբ մերժեի՞ն:

Հաճախ են այդպես անում, պատասխանում են, որ դա անձնական բնույթի տեղեկություն է եւ լրագրողին հասկացնում, որ դա կարող է վիճարկել դատական կարգով, ինչը լրագրողը չի անում, որովհետեւ պրոցեսը կարող է շատ երկար տեւել: Բայց նույնիսկ եթե լրագրողը ինֆորմացիան հայթայթում է անօրինական եղանակով, միջազգային նորմերի համաձայն դա կարող է համարվել օրինական, եթե հանրային շահը գերակայում է, եւ եթե լրագրողական բարեխղճություն է ցուցաբերվել, պատասխանատու լրագրություն է ցուցաբերվել, էթիկայի կանոնները պահպանվել են, նույնիսկ անթույլատրելի եղանակով ստացված ինֆորմացիան կարող է լինել օրինական: Ասենք՝ լրագրողի տրամադրության տակ հայտնված այնպիսի ինֆորմացիա, որը պահանջում է շատ շտապ քաղաքական արձագանք, եւ նա հասկանում է, որ հաջորդ պահին դա կարող է իր ակտուալությունը կորցնել: Ինչպես նման իրավիճակներում չթույլատրված հանրահավաքը կարող է լինել օրինական: Մենք չենք կարող իրադարձություններն անընդհատ օրենքի տառով մեկնաբանել, իրավունքի գերակայություն հասկացություն կա. երբեմն հանրային շահը պահանջում է, որ այն ինֆորմացիան, որն օրենսդրական ակտի խախտումով է ստացվել, միեւնույն է, համարվի օրինական, որովհետեւ ոչ թե նեղ կոմերցիոն, այլ հանրային նպատակ է հետապնդում:

Արդյոք այս պարագայում Սուրեն Պապիկյանը, որը Կառավարության անդամ է, պե՞տք է օգտվեր մասնավոր կյանքի պաշտպանության իրավունքից:

Նման դիսկուրսը Հայաստանում վաղուց փակված էր: Եթե մենք լինեինք իննսունականներում կամ երկուհազարականներում, երբ դատաիրավական բարեփոխումների առաջին փուլն էր սկսվում, առաջին անգամ մենք ինկորպորացնում էինք միջազգային իրավունքը մեր իրավական համակարգում, այդ թվում՝ մեր մտքերում, եւ նման դիսկուրս լիներ նախարարի դատվածության կամ բանակում ծառայելու մասին ինֆորմացիայի գաղտնիության վերաբերյալ, ես կասեի՝ լավ, դա նորություն է մեզ համար, բայց մենք վաղուց փակել ենք նման հարցերը եւ ընդունել ենք, որ այն անձինք, ովքեր ստանձնում են բարձր պաշտոն, պետք է անձնական կյանքի մի մասից հրաժարվեն, իհարկե՝ այն մասը, որը կապված է նրանց հանրային գործառույթների հետ: Դա այն գինն է, որ պաշտոնյաները վճարում են՝ դառնալու համար բարձրաստիճան պաշտոնատար անձ:

Ուստի, տվյալ կոնտեքստում հանրությունը շատ բան չի պահանջում, չի պահանջում դատական ակտը հրապարակել ամբողջությամբ, որպեսզի մենք բոլոր մանրամասները տեսնենք: Մարդիկ ուզում են իմանալ՝ ովքեր են իրենց լիդերները: Եվ հանրության համար բավարար է իմանալ միայն՝ նախարարը ծառայե՞լ է, թե՞ ոչ, ո՞ր բանակում է ծառայել՝ հայկակա՞ն, թե՞ ռուսական, որովհետեւ այդտեղ խնդիր կա, եւ եթե այո, ի՞նչ է տեղի ունեցել այնտեղ: Եթե դատապարտվել է, ինչի՞ համար: Այսքան բան: Վստահ եմ՝ հանրությանն ավելին չի հետաքրքրում: Որովհետեւ, իսկապես, գուցե դատական ակտում կա ինտիմ բնույթի մանրամասն: Բայց ասել, որ այդ նախարարի նախկին դատվածության վերաբերյալ ինֆորմացիան անձնական գաղտնիք է, ինձ համար հասկանալի չէ:

Ես չէի կարծում, որ 2020-ին այս հարցը կրկին օրակարգի հարց կդառնա: 10-15 տարի առաջ մենք այդ հարցը լուծեցինք, որբ ստեղծվեց Դատալեքսը, եւ այդտեղ բոլոր դատական ակտերը դրվեցին առանց խոչընդոտների: Կա այդպիսի դոկտրին՝ Բարիերների դոկտրին, երբ անձնական կյանքը դու կարող ես պաշտպանել ոչ թե բացարձակապես արգելող, այլ բարիերներ՝ խոչընդոտներ ստեղծելով, ասենք՝ գրանցվել, գաղտնաբառ կամ ինչ-որ նեղ մասնագիտական խմբի համար: Բայց մենք այդ ամբողջը բացեցինք, անվերապահորեն թույլ տվեցինք, որ յուրաքանչյուր անձ կարողանա օրերով լողալ անձնական բնույթի ինֆորմացիայի մեջ, դատական ակտեր կարդա: Հիմա այս կոնտեքստում ինչո՞ւ պետք է ոչ թե ամբողջ դատական ակտը գաղտնիացվի, այլ դրա վերաբերյալ ինֆորմացիան:

Լրագրողները հաճախ դիմում են դատարանների արխիվ եւ 20, 30 տարվա վաղեմության գործերի նյութերը վերցնում, ուսումնասիրում: Իսկ 2007-ից սկսած՝ բոլոր դատական ակտերը կարելի է գտնել եւ կարդալ Դատալեքսում: Այս համատեքստում մասնավոր կյանքի գաղտնիության պաշտպանությունը որքանո՞վ է իրատեսական:

Դա ոչ ողջամիտ բացատրություն է: Կրկնում եմ՝ դա այն գինն է, որ անձինք վճարում են՝ որոշելու համար դառնալ բարձրաստիճան պաշտոնատար անձ: Այսպես թե այնպես, նրանք ստիպված են անձնական կյանքի մի որոշակի չափաբաժնից հրաժարվել:

Ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության՝ դատվածության մասին տեղեկատվության հրապարակմամբ էական վնաս է պատճառվել Սուրեն Պապիկյանի իրավունքներին եւ օրինական շահերին: Ի՞նչ վնասի մասին կարող է խոսք լինել:

Դժվարանում եմ ասել, վերջում կերեւա՝ ինչ վնաս: Բայց եթե վնասն այն է, որ հասարակությունն իմացավ, որ նախարարը խնդիր է ունեցել բանակում ծառայելիս, չէի ասի, որ դա վնաս է: Դա անձնական կյանքի միջամտություն է: Բայց նրանք պետք է պատրաստ լինեն միջամտության այդ չափին:

Իրավաչա՞փ էր նախարարի պահանջը իրավապահներին՝ հայտնաբերել ինֆորմացիան տրամադրողին:

Եթե ինչ-որ պաշտոնատար անձ, ասենք՝ ԱԱԾ աշխատակիցը, օրենքի տառը խախտել է, եւ դա հանցավոր անփութություն է կամ լիազորությունների չարաշահում, եւ քրեական գործ է հարուցվել, այստեղ ոչինչ չես կարող անել: Բայց դատավորը մեղավորությունը որոշելուց հետո պատժաչափը սահմանելիս պետք է հաշվի առնի, թե այս անձը այդ քայլին գնալիս ինչ էր մտածում: Եթե նա նեղ անձնական շահ էր հետապնդում, այստեղ համաչափության սկզբունքը կարող է աշխատել ի վնաս այդ անձի: Բայց եթե նա ասի, որ դիտավորություն է ունեցել հանրային շահը սպասարկել, ուրեմն դառնում է ազդարար եւ անցնում բարձր պաշտպանության տակ: Եվ դատավորը, եթե նույնիսկ որոշի, որ մեղավոր է, պետք է պատժաչափը սահմանելիս համաչափ մոտենա եւ նվազ խստության պատժաչափ նշանակի: Էլ չեմ ասում, որ եթե անցնի ազդարարի պաշտպանության տակ, պետք է ազատվի պատասխանատվությունից:

Ազդարարի մասին օրենքը Հայաստանում կոչվեց գործ տվողների օրենք, եւ ԱԺ-ում այդ մասին բացեիբաց խոսում էին, այսինքն՝ կար անթաքույց արհամարհանք եւ ատելություն, եւ մեծ վերապահումով այն ընդունվեց, որովհետեւ եվրոպացիներն ուզում էին եւ Ասոցացման պայմանագրի համար պետք էր: Միտումնավոր շատ նեղ սահմանում ձեւակերպեցին, թե ինչ է նշանակում ազդարար: Հիմնականում կողմնորոշվեցին կոռուպցիայի ուղղությամբ: Բայց այնտեղ կա նաեւ մի փոքրիկ տիրույթ հանրային շահի մասին՝ կոռուպցիայից զատ: Հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ էր մտածում այդ անձը, երբ ենթադրաբար այդ քայլին գնում էր: Եթե ցանկանում էր ընթացքի մեջ գտնվող հանրային դիսկուրսին մասնակցել այդ ինֆորմացիայով, ուրեմն պետք է անցնի պաշտպանության տակ, իսկ եթե նեղ անձնական նպատակ էր հետապնդում, բնականաբար՝ ոչ:

Բոլոր դեպքերում նրա քայլից շահեց հանրությունը: Եթե, ենթադրաբար, նա կատարել է իրավախախտում, դա այլ բան է, պետք է ենթարկվի պատժի: Բայց եթե կատարել է ի շահ հանրության, դատավորը պետք է համաչափության սկզբունքը կիրառի: Պատժաչափի խստության առումով պետք է հատուկ մոտեցում ցուցաբերել:

Եթե այս գործը հասնի դատարան, առաջի՞ն նման գործը կլինի:

Մեկ ուրիշը չեմ մտաբերում: Դատավորը պետք է հաշվի առնի նաեւ, որ քրեական իրավունքն ունի նախականխող ազդեցություն: Այսինքն՝ քրեական իրավունքի նպատակը չէ միայն կոնկրետ անձի պատժի ենթարկելը, այլ մեկ անձի պատժելով՝ հետագայում կանխել այլ անձանց կողմից նման արարքների կատարումը: Ուստի, այս մեկ գործը կարող է ցամաքեցնել լրագրողների տեղեկատվության աղբյուրները: Աղբյուրները կարող են իսկապես մտահոգվել, վախենալ, եւ եթե առաջ տասից տասը կարող էին համաձայնել լրագրողին ինֆորմացիա հաղորդել, ապա հիմա նրանց թիվը կնվազի: Արդյունքում կտուժի հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը: Դատավորը դա էլ պետք է հաշվի առնի պատժի չափը որոշելիս: Շատ բան կախված կլինի նախաքննությունից, եւ թե ինչ նպատակ էր նա հետապնդում:

Բայց մեզանում հանրային դիսկուրսն այլ կերպ է ընթանում՝ դավաճանների տերմինաբանությամբ: Այսինքն՝ եթե անձը սխալվել է եւ թույլ է տվել իրավախախտում, եւ խախտել է տվալ պետական մարմինի ներքին կանոնակարգը, էթիկայի նորմերը, նրան պիտակում են դավաճան: Ժողովրդավարական հասարակությունում նման տերմիններով չեն խոսում: Այդ բառը կարող է սառեցնող ազդեցություն ունենալ: Դրա համար դատավորը պետք է ոչ միայն քրեական իրավունքի մասնագետ լինի, այլեւ հասկանա ազատ խոսքի, հասարակության՝ տեղեկանալու իրավունքի արժեքը: Մեծ հաշվով, այդ տեղեկությունը հանրությանն է պատկանում, պարզապես ժամանակավորապես ի պահ է տրված պետական մարմիններին, որոնք սպասարկում են հանրային շահը: Պետական շահ չկա, կա հանրային շահ:

Չեմ կարծում, որ այդ ինֆորմացիայով ազգային անվտանգությունն է խաթարվել: Չեմ էլ ասում, որ այդ մարդը պետք է ազատվի պատասխանատվությունից: Բայց անպայման դատավորը պետք է հաշվի առնի համաչափության սկզբունքը: Իսկ եթե անցնի ազդարարի պաշտպանության տակ, պետք է ազատվի պատասխանատվությունից: Հատկապես, որ ինֆորմացիան հանրային վտանգավորություն չի ներկայացնում:

Սա մարդու իրավունքի կոնցեպտի մեջ եմ ես ներկայացնում, որն, իհարկե, կարող է զարմացնել պետական մարմիններում ծառայող անձնանց, որովհետեւ, որպես կանոն, իրենք այլ կերպ են մտածում: Բոլոր երկրներում է այդպես: Նույնիսկ այն մարդը, որն իրավապաշտպան է եւ դառնում է պաշտոնատար անձ, սկսում է այլ կերպ մտածել: Միգուցե դա կոնյուկտուրայից է, որ պետք է հավատարմորեն իր պարտականությունները կատարի, բայց փաստը մնում է փաստ, որ մենք ունենք գաղափարների բախում: Իսկ մարդու իրավունքը մեկն է, ունիվերսալ է, կոմպրոմիսների չի ենթարկվում:    

Գլխավոր լուսանկարում՝ նախարար Սուրեն Պապիկյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter