HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առանց գրաքննության. Ճակատագրական 8-երի մեդիադրամաներ»

Մարտի 6-ին մեկնարկեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» նախագծի երրորդ՝ «Առանց գրաքննության. ճակատագրական 8-երի մեդիադրամաներ՝ 1988, 1998, 2008, 2018» խորագրով ցուցահանդեսը։

Ինչպես տեղեկացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, «Լրատուն» թանգարանը շրջիկ ցուցահանդեսների միջոցով ներկայացնում է  Հայաստանի նշանակալի իրադարձությունների լուսաբանման պատմությունը, մեդիայի, լրագրության   զարգացումը և մարտահրավերները:

«Լրատունը ինտերակտիվ և մուլտիմեդիա նախագիծ է, որը մեկտեղում է մեդիայի պատմությունը, տարբեր ոլորտների լուսաբանումը, թանգարանային մշակույթն ու ժամանակակից տեխնոլոգիաները: Այս անգամ, ներկայացնում ենք վերջին տասնամյակներին մեդիայում պրոպագանդայի, արտաքին ու ներքին վերահսկողության, ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ ճնշումների ու բռնության առավել ցայտուն օրինակները»,- ցուցահանդեսի բացման ժամանակ նշեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:

«Այս ցուցահանդեսը կարևոր և արդի հարթակ է, որը թույլ է տալիս ոչ միայն ականատես լինել Հայաստանի մեդիայի պատմությանն ու զարգացման ընթացքին, այլ նաև քննարկել մեդիա դաշտում մանիպուլյացիաների և ապատեղեկատվության գլոբալ մարտահրավերները հայկական համատեքստում։ Համոզված եմ, որ ցուցահանդեսը նաև հիանալի խթան կլինի հայկական մեդիայի համար, որպեսզի վերագնահատեն իրենց աշխատանքը և ամրապնդեն իրենց դերը Հայաստանի ժողովրդավարության մեջ»,- իր ողջույնի խոսքում նշեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն` Դեբորա Գրիզերը։

«Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը նշեց. «Զարմանալի տարեթվային մոգություն կա Հայաստանի վերջին տասնամյակների պատմության մեջ։ 1988-ին, 1998-ին, 2008, 2018-ին տեղի են ունեցել հասարակական ցնցումներ, որոնք հանգեցրել են նաև մեդիայի արմատական փոփոխության։ Մեր ցուցահանդեսը ներկայացնում է դրամատիկ օրինակներ, թե ինչպես է ճաք տալիս սովետական գրաքննությունը, բայց հետագայում, արդեն անկախ Հայաստանում, փակվում են թերթեր ու հեռուստատեսություններ, ծեծվում լրագրողներ, ազգային արժեքների շահարկմամբ ստեղծվում նոր պրոպագանդիստական կաղապարներ։ Ցուցահանդեսը մի համառոտ ուղեցույց է տարբերելու անաչառ լրատվությունը կողմնակալից, կաշառված մեդիան անկախ լրատվամիջոցից»:

Թեմատիկ ցուցահանդեսից բացի այցելուները հնարավորություն կունենան նաև զարգացնել վերլուծական և քննադատական հմտություններն այլ ձևաչափերի օգնությամբ: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մեդիամարտ», «Ցանցառ» և «Լիտերատուսի արկածները» խաղերի օգնությամբ կարելի է ստուգել և հարստացնել մեդիագրագիտության վերաբերյալ գիտելիքը, իսկ ձևօրինակման սենյակը հնարավորություն կընձեռի հանդես գալ լրագրողի դերում:

Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 20-ը Սարգիս Մուրադյան պատկերասրահում՝ Իսահակյան 38 հասցեով։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Լրատուն» մեդիա թանգարանի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանին, հեռ.` 077 540399, էլ. հասցե` [email protected] 

«Լրատուն» մեդիա թանգարանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախագիծն է: Այն հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter