Մրգաստանն առանց համայնքապետարանի շենքի, մշակույթի տան, մանկապարտեզի
Վերջին տարիներին «ավանդույթ» է դարձել համայնքների մուտքերը շքեղ կամարներով ու խաչերով զարդարելը: Համայնքապետարանները ջանք ու եռանդ չեն խնայում այդ ուղղությամբ: Նմանատիպ շքեղ կամարով ազդարարվում է նաև Արմավիրի մարզի Մրգաստան համայնքի մուտքը: Սակայն ոչ բոլորի մտքով կանցնի, որ կամարի հակառակ կողմում տարիներով չլուծված հարցեր կան:
Մրգաստան համայնքը մայրաքաղաքից ընդամենը հեռու է 28 կմ, սակայն ոչ գործող մշակույթի տուն ունի, ոչ՝ մանկապարտեզ: Նույնիսկ համայնքապետարանը շենք չունի. գործում է գյուղի 4-րդ աստիճանի վթարային վիճակում գտնվող մշակույթի տան շենքում:
Մշակույթի տուն ասվածը Մրգաստանում հարաբերական է, միայն պատերն են կանգուն: Տանիքն ամբողջությամբ քայքայվել է: Տարիների ընթացքում թալանվել են դռներն ու պատուհանները: Այն թափառող կենդանիների համար կացարան է դարձել: Երկրորդ հարկում մասնակի վերանորոգվել է երկու սենյակ, որտեղ տեղակայվել է համայնքապետարանը:
«Նախկին գյուղապետը գյուղապետարանի շենքը ծախել է: Մշակույթի տան էդ հարկը ես եմ սարքել, դրա համար է տարածքը պահպանվել: Մի քանի անգամ դիմել ենք պետական մարմիններին, ասել են՝ ծախսը շատ է, մոտ մեկ միլիոն դոլար, հնարավոր չի շենքը սարքել»,-ասում է Մրգաստանի համայնքապետ Ռաֆիկ Խաչատրյանը:
Գյուղը չունի նաև մանկապարտեզ: Շենքը կա, բայց դարձյալ խիստ վերանորոգման կարիք ունի: Այնտեղ ապրում է 4 ընտանիք, որոնք ապրելու այլ տեղ չունեն:
«Ժողովուրդ է մնում ըտեղ, 4 ընտանիք: Նախկինում պետական մարմիններից ասացին, որ 1.5-2 մլն դրամ փող կտան, բայց չտվեցին: Շենքն ամուր է, ծածկը պիտի փոխվի, որպես մանկապարտեզ կօգտագործվի»,-նշում է համայնքապետը:
Ծնողները երեխաներին Էջմիածին քաղաքի մանկապարտեզներ են տանում, որը գյուղից հեռու է մոտ 4 կմ: Բացի այդ, քաղաքային իշխանությունները որոշել են, որ Էջմիածնի քաղաքի բնակիչ չհանդիսացողները մանկապարտեզի համար պետք է վճարեն ավելի թանկ վարձ, ինչը շատ գյուղացիների համար հասանելի չէ: Երեխաները չունեն նաև խաղահրապարակ։
«Մի խաղահրապարակն ինչ է, գյուղը չունի: Երեխաներին ամառը մեզ հետ տանջում ենք, հողամասեր ենք տանում: Մարդ չկա, որ իր մոտ թողենք, ստիպված դաշտ ենք տանում, արևի տակ կոտորում ենք: Ու նման ձևով է վարվում գյուղի 50 տոկոսը»,-ասում է Մրգաշատ գյուղի բնակիչ Անահիտը։
Թալանված վիճակում է գտնվում նաև համայնքի գրադարանը: Միայն պատերն են մնացել կանգուն:
Վատ վիճակում են գտնվում համայնքի ճանապարհները: Խճով փոսալցումներ են կատարվել, սակայն, այն փոսերը փակելու ժամանակավոր միջոց է: Ավազի հատիկները ավտոմեքենաների անիվների հետ դուրս են գալիս փոսերից:
Փոխարենը սուբվենցիոն ծրագրով վերանորոգման հայտ է ներկայացվել գյուղ մտնող մարզային նշանակության 1կմ 750 մ ճանապարհը վերանորոգելու համար: Համայնքապետ Ռաֆիկ Խաչատրյանն ասաց, որ ծրագրի 55% ֆինանսավորումն իրականացվում է համայնքապետարանի միջոցներով, իսկ 45%-ը՝ պետական:
«Երկու անգամ հայտարարություն փակցրել ենք, արձագանքող չի եղել, երրորդ անգամ ենք փակցրել»,- նշում է համայնքի ղեկավարը:
Հարցին, թե համայնքապետարանն ինչու է վերանորոգում մարզային նշանակության ճանապարհը, երբ գյուղում չլուծված բազմաթիվ հարցեր կան, համայնքապետ Ռ. Խաչատրյանը պատասխանեց․ «Պետությունը չի անում, ճար չունենք».
«Վերջին տարիներին պետական ոչ մի ներդրում չի արվել: Անցյալ տարի մարզպետարանի օգնությամբ փոսալցում է արվել: Եթե մարզային նշանակության ճանապարհը պետությունը վերանորոգեր, մեր մասնաբաժին 13.5 մլն դրամով համայնքի ներսի ճանապարհները կվերանորոգեինք, մանկապարտեզ կսարքեինք: Չարեցին, մենք էլ ճարահատված դրեցինք սուբվենցիոն ծրագրի վրա: Ասֆալտն անհրաժեշտ է: Գյուղացին կտրված է ամեն ինչից, մեր գյուղն էլ այդքան բյուջե չունի, որ կարողանա սարքի: Դիմել ենք Տրանսպորտի նախարարություն, որտեղ ասես գրել ենք: Եթե պետությունը չօգնի, գյուղացին չի կարող ոտքի կանգնի: Քյասիբ գյուղացիներ են: Գյուղացին սկի չի կարում իրա հողը վարի, օգնություններ եմ տալիս, որ հողերը վարեն»,-հավելում է Մրգաստանի համայնքապետ Ռաֆիկ Խաչատրյանը:
Արմավիրի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքապետը Մրգաստանում հանրային լսում է անցկացրել և բնակիչները հավանության են արժանացրել մարզային ենթակայության այդ ճանապարհահատվածի վերանորոգումը: Բացի այդ, համայնքի հնգամյա զարգացման ծրագրում ներառված է եղել այդ հատվածի վերանորոգումը, ուստի այդ փաստաթղթերը սուբվենցիոն ծրագրի փաթեթի մաս են կազմել և ուղարկվել են կառավարություն, որտեղ էլ արժանացել է հավանության:
Նշենք, որ Մրգաստան համայնքը հիմնադրվել է 1828թ, ունի մոտ 1160 բնակիչ: Գյուղում ապրում են հայեր և եզդիներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել