HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի 3 անդամներ ձերբակալվել են պետական դավաճանության մեղադրանքով

Սաուդյան Արաբիայում ձերբակալվել են թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդի կրտսեր եղբայրը և զարմիկները։ Այդ մասին հայտնում է «The Wall Street Journal» պարբերականը` հղում կատարելով թագավորական ընտանիքի իր աղբյուրներին։ Ձերբակալվածներից երկուսը Սաուդյան Արաբիայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն են։ Ամերիկյան պարբերականի աղբյուրները փոխանցում են, որ ձերբակալվածների թվում են թագավորի կրտսեր եղբայրը՝ Ահմեդ իբն Աբդուլ Ազիզը և նախկին թագաժառանգ Մուհամեդ իբն Նաիֆը։ Երկուսն էլ տարբեր ժամանակներում զբաղեցրել են Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը։

«The New York Times»-ն էլ փաստում է, որ նրանց հետ միասին ձերբակալվել է նաև արքայազն Նավաֆ իբն Նայիֆը։ Ամերիկյան պարբերականը նշում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան։ Այն իրականացրել են հատուկ ծառայությունների դիմակավորված աշխատակիցները, որոնք եկել էին թագավորական ընտանիքի անդամների տներ։ Ձերբակալությունից հետո իրականացվել է նաև խուզարկություն։ «The Wall Street Journal»-ը նշում է, որ ձերբակալման պատճառը պետական դավաճանության մեղադրանքն է։ Որոշ աղբյուրներ նշում են, որ ձերբակալվածները պլանավորում էին տապալել գործող թագավորին։

Ձերբակալության փաստի և պատճառների մասին դեռևս չկա պաշտոնական տեղեկատվություն։ Լրագրողները պնդում են, որ ձերբակալությունների հետևում կարող է կանգնած լինել գործող թագաժառանգ Մուհամեդ իբն Սալմանը, որը համարվում է Սաուդյան Արաբիայի փաստացի ղեկավարը։ Երկրի իշխանությունները նույնպես չեն մեկնաբանում լուրը։

2017 թվականին Մուհամեդ բին Սալմանի հրամանով կալանավորվել էին տասնյակ նախարարներ, ձեռնարկատերեր և թագավորական ընտանիքի անդամներ, որոնք մեղադրվում էին կոռուպցիոն գործարքների մեջ։ Նրանց որոշ ժամանակ պահել են «Ritz Carlton» հյուրանոցում, ավելի ուշ ազատ արձակել։ Ոչ պաշտոնական տվյալներով ազատ արձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրանք համաձայնվել են պետությանը վերադարձնել մի քանի տասնյակ միլիարդ դոլարներ։

 

Լուսանկարը՝ «Al Jazeera»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter