HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեռեւս 20 տարի առաջ Չիվայի բնակիչներից պահանջում էին լքել տները

Զգուշացնելով սողանքներից սպասվող վտանգներից

Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի 196 տներից 163-ը վթարային են սողանքների հետեւանքով: Սողանքը սկսվել է դեռեւս խորհրդային ժամանակներից, ուսումնասիրություններն ու տեղազննումները՝ նույնպես: Արդյունքում մասնագետները եկել են այն համոզման, որ գյուղը պետք է տեղափոխվի գյուղամիջով հոսող գետի մյուս ափ: Համայնքապետարանի քարտուղար Հասմիկ Սարգսյանի վկայությամբ' կատարվել էին նաեւ նախագծային աշխատանքները, մնում էր, որ կառավարությունը ֆինանսավորեր, եւ սկսվեր տեղափոխման գործընթացը: Երկրում տեղի ունեցած հասարակարգի փոփոխությունը, սակայն, խնդրի լուծումը թողեց առկախ: Սողանքները շարունակվեցին, տների ճաքերը խորացան, տեղի ունեցան մասնակի փլուզումներ:

Վերջին տարիներին ամենատարբեր միջազգային ու տեղական կազմակերպություններ են այցելել Չիվա, դարձյալ տեղազննում, չափագրումներ կատարել, հույս ներշնչել մարդկանց, որ խնդրին լուծում կտրվի: «Գիտե՞ք ինչքան են եկել հենց միայն վերջին երեք տարվա ընթացքում' թե՛ Երեւանից, եւ թե՛ արտասահմանից, նույնիսկ Ճապոնիայից են եկել, բայց ի՞նչ օգուտ: Եկել են, տեսել ու գնացել»,- ասաց համայնքի ավագանու անդամ, մշակույթի տան տնօրեն Լիպարիտ Կարապետյանը:

Վթարայնության աստիճանն ու դրանց տրված կարգերը վերջին անգամ որոշվել են 15-20 տարի առաջ, ըստ որի 4 տուն որակվել են 4-րդ կարգի վթարայնության, իսկ մնացածը՝ 3-րդ, 2-րդ կարգի: Տասնամյակներ առաջ կատարված ուսումնասիրության արդյունքերի հիման վրա 2003թ. պետականորեն փոխհատուցում է տրվել 7 ընտանիքի' ներառյալ այդ չորրորդ կարգի վթարայնության 4 տները, այն էլ՝ 1,5 մլն դրամի չափով, եւ տանտերերից ստորագրություն են վերցրել բնակտարածքն անհապաղ ազատելու մասին: Մինչդեռ, ինչպես նշում է Լ. Կարապետյանը, սողանքային գոտիներում վթարայնության կարգերը շատ արագ են փոխվում, ինչպե՞ս կարելի է հիմք ընդունել քսան տարի առաջ կատարված ուսումնասիրության արդյունքն ու տրված կարգավիճակը: Շատերն արդեն լքել են իրենց բնակավայրերը՝ առանց որեւէ փոխհատուցման:

Այցելեցինք գյուղի առավել տուժած ընտանիքներին: Անժելա Մինասյանի հավաստմամբ' իրենց տան վթարայնության աստիճանը դեռեւս 18 տարի առաջ են որոշել եւ չորրորդ կարգ տվել: «Պահանջեցին, որ անմիջապես դուրս գանք, երեխաներին չի կարելի այդ պայմաններում պահել: Տեգորս ընտանիքն էլ այն ժամանակ մեզ հետ էր ապրում, յոթ շունչ մենք էինք, չորսը՝ նրանք: Բոլորիս երեխաներն էլ մանկահասակ էին: Ասացի' բայց ո՞ւր գնանք, գոնե մի տնակ տվեք, դնենք բակում ու այնտեղ ապրենք: Սակայն ոչնչով չընդառաջեցին: Այդպես էլ մեծացան երեխաներս այս պայմաններում, տղաս այսօր ծառայում է բանակում, աղջիկս ուսանողուհի է: Վախենում ենք, բայց հարկադրված ապրում ենք՝ մասնակի ամրացման աշխատանքներ կատարելով»: Տիկին Անժելան միաժամանակ մատնացույց էր անում սենյակների' միմյանցից հեռացած պատերը, որոնց արանքներում լաթի կտորներ էին խցկել, որպեսզի ձյունն ու անձրեւները տուն չլցվեն: Նա հավելեց, որ իրենց սոցիալ-տնտեսական վիճակը թույլ չի տալիս նոր տուն կառուցել կամ մեկ այլ տեղ տեղափոխվել, իսկ պետությունն էլ դիտողի վիճակում է միայն:

Չիվա գյուղը հիմնվել է սարալանջին, տներն էլ կառուցված են այդ թեքության վրա: Ընդերքից թուլացած սարը գարնան ձնհալքի ու աշնան անձրեւների ժամանակ ավելի է թուլանում եւ գալիս սեղմվում տներին: Շատերի տների պատերն այդ ճնշումից գոգավոր են դարձել, որոշներինն էլ՝ մասնակիորեն փլուզվել կամ խորը բացվածքներ առաջացրել: Մարինե Ավետիսյանի տան (որը նույնպես 4-րդ կարգի վթարայնության էր) շքամուտքի պատը երկու տարի առաջ ուղղակի փլուզվել էր, փոխհատուցման գումարով կրկին մասնակի վերանորոգում էին արել, պատը շարել էին, իսկ տան ետնամասի պատերի գոգավորության խորացումը կանխելու համար բետոնե սյուներով ամրացրել: «Անցյալ տարի էլ եկան մարզպետարանից, քաղաքաշինության վարչությունից, ճաքերը չափեցին, գնացին, էլ լուր չունենք»,-ասաց նա:

Չիվայում ընդունված էր տունը ամրացնելու ու բնակելի դարձնելու համար կրկնակի պատեր շարելը՝ ներսից ու դրսից: Այս մեթոդը կիրառելով էր Պարույր Թադեւոսյանը ջանում տունը բնակելի պահել ընտանիքի համար: Սակայն վերադաս մարմինները պարբերաբար նրանցից պահանջում են դուրս գալ տնից: Անմիջապես սարի ստորոտին գտնվող տունը ոչ միայն սողանքից է ճաքեր տալիս, այլեւ ենթարկվում է մեծ քարաբեկորների գրոհին, որոնք թուլացած ժայռաբեկորներից պոկվում են ու ուժգին դղրդյունով գլորվում տան ու այգու ուղղությամբ: «Դեռ բախտներս բերել է, որ տան վրա չի ընկել, անցյալ տարի մի քարաբեկոր հավանոցի վրա էր ընկել, բայց, նախապես բախվելով ծառին, թափը կոտրել էր եւ միայն բետոնե պատը վնասել»,- ասում է Պարույրը՝ մատնանշելով հավանոցի ջարդված պատը: Նա գյուղի այն «հաջողակներից» մեկն է, որը 4-րդ կարգի վթարայնության տան համար 1,5 մլն դրամական փոխհատուցում է ստացել, բայց, ինչպես ինքն է ասում, ո՞ւր կարող է գնալ այդ գումարով, կամ ի՞նչ տուն գնել: «Երեք անչափահաս երեխա ունեմ, երկրորդ կարգի հաշմանդամ տարեց ծնողներ, դուրս հանեմ, ո՞ւր տանեմ, ինքս էլ չգիտեմ: Այդ տված գումարով կրկին փորձել եմ վերանորոգել ու ամրացման աշխատանքներ անել: Երկու տարին մեկ ամրացնում ենք, որ մի կերպ դիմանանք»:

Բնակիչներն ասում էին, որ ցնցումները պարբերաբար կան, տարածաշրջանում տեղի ունեցող երկրաշարժերն անգամ իրենց համար անհետեւանք չեն անցնում: Չորս տարի առաջ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ իրենց մոտ էլ ուժեղ ցնցումներ եղան, դրանից տների ճաքերն ավելի խորացան, բացվածքները մեծացան: Միայն թե ցնցումները կարծես համառորեն դեռեւս զգալի չեն դառնում ոչ տեղի, ոչ էլ հանրապետական իշխանավորների համար:

Ջրագիծ չունեն, բայց տուգանք են վճարում որակի համար

Հեռվից կանաչին տվող գյուղը թվում էր, թե պետք է զերծ լիներ այսօրվա գյուղերի մեծամասնությանը հատուկ ոռոգման ու խմելաջրի խնդիրներից: Պարզվեց, սակայն, որ այն այստեղ էլ խիստ հրատապ ու օրակարգային է: Ստուգող տեսչություններն արձանագրել էին, որ խմելու ջրի երեք ակունքների սանիտարատեխնիկական վիճակը խիստ անմխիթար է: Ակունքների գլխամասային հատվածներում հերմետիկությունը խախտված է, նույնն է նաեւ ներքին ցանցի վիճակը:

Առողջապահության նախարարության Պետական հակահամաճարակային տեսչության Վայոց ձորի մարզի փորձագիտական կենտրոնը երեք ակունքներից վերցված խմելու ջրի նմուշների բազմակի լաբորատոր քննությունների արդյունքում պարզել է, որ ջուրն իր մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանում խմելու ջրի ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի՝ ջրի որակին ներկայացված հիգիենիկ պահանջների որակին:

«Նման իրավիճակը իրական վտանգ է ներկայացնում տարափոխիկ եւ մակաբուծական հիվանդությունների բռնկման ու տարածման տեսանկյունից»,- նշված է փորձագիտական կենտրոնի ակտում:

Ստուգման ավարտին ԱՆ հակահամաճարակային տեսչությունը համայնքապետարանին 30 հազար դրամ տուգանք էր ներկայացրել, իսկ բնապահպանության նախարարությունը՝ 150 հազար դրամ: «Եվ սա այն դեպքում, երբ այդ ջրագծերը համայնքապետարանին հանձնված էլ չեն: Չեն տվել, բայց տուգանում են»,- ասաց համայնքապետարանի հաշվապահ Շուշան Սահրադյանը:

Խմելաջրի անմխիթար վիճակի վերաբերյալ իրենց բացատրություններն ունեին համայնքապետարանի աշխատակիցները: Գյուղը պետականորեն նախագծված ու հաստատված ջրագիծ չի ունեցել եւ հիմա էլ չունի: Այդ ջրագիծն էլ խմելաջրի համար չեն նախատեսել: Դեռեւս խորհրդային տարիներին սովխոզը խողովակներով անցկացրել էր անասնաֆերմայի համար: Միության փլուզումից հետո մարդիկ հարկադրված այդ ջրագծից միացումներ են արել ու ջուրը տուն հասցրել՝ լավ իմանալով նաեւ ջրի որակի ու վտանգավորության մասին: Սակայն այլ ելք չունեին: Մինչդեռ, ինչպես տեղեկացրեց համայնքապետարանի հաշվապահ Շուշան Սահրադյանը, պետական համապատասխան մարմիններից հիմա գալիս են ու պահանջ ներկայացնում, թե ինչու խմելաջրի ջրագիծ չեք կառուցել եւ կամ պահպանման աշխատանքներ չեք իրականացնում:

Նրանք հավաստում էին, որ բազմիցս դիմել են մարզպետարան՝ նոր ջրագիծ կառուցելու կամ եղածը վերանորոգելու խնդրանքով, բայց ընթացք տվող չկա, իսկ համայնքապետարանն էլ իր բյուջեի նվազ միջոցներով ջրագիծ կառուցել չի կարող:

Իրավիճակը նույնն է նաեւ ոռոգման ջրի հարցում: Համայնքապետարանի աշխատակիցների ասելով' գյուղը ոռոգման ջրի անհրաժեշտ պաշար ունի: Եթե ջուրը վերեւում գտնվող աղբյուրներից խողովակներով հասցվի գյուղ, այն կբավարարի բոլորին: Կողքի գյուղերը դրանց մի մասի ջրերը խողովակներով տարել են, իսկ իրենք մնացել են չնչին պաշարների հույսին: Գիշերով ընկնում, մի քանի աղբյուրներից մի կերպ ջուր են հավաքում, որ տնամերձը ջրեն, սակայն պաշարն այնքան քիչ է, որ բուսականությունը անհրաժեշտ ջրի քանակություն չի ստանում: Ուստի, չեն կարողանում օգտագործել սեփականաշնորհված հողերը, որից որոշակի եկամուտ կստանային: «Պոմպերով մղվող ջրից էլ չենք կարողանում օգտվել, որովհետեւ վճարունակ չենք»,- ասում են չիվացիները:

Համայնքապետարանում տեղեկացրին, որ իրենց գյուղը չի ընդգրկվել երաշտից տուժածների ցանկում, չնայած իրենք նույնպես տուժել են՝ հացահատիկը խանձվեց, խոտհարքը' նույնպես: «Պատճառաբանեցին, որ մեր հողերը ջրովի են, մենք չենք ջրել: Այնինչ, պոմպակայանը ջուր չի տվել, քանի որ պայմանագիր չունեինք ժողովրդի անվճարունակության պատճառով»,- ասում է համայնքապետարանի քարտուղար Հասմիկ Սարգսյանը:

Սաստիկ ու աննախադեպ շոգ ամառը նաեւ բազմաթիվ անասունների կորստի պատճառ էր դարձել՝ առավել խորացնելով գյուղացիներից շատերի սոցիալական վիճակը: Անասունները հիվանդացել էին տենդով ու սատկել: Միայն տիկին Անժելան երեք անասունի կուրուստ էր ունեցել՝ երկու կով եւ մեկ ցլիկ: «Եթե գյուղացին ամեն ինչն առնի՝ յուղը, պանիրը, խոտը, էլ ի՞նչ պիտի լինի գյուղացու վիճակը»,- անվերջ փորձություններից հոգնած՝ նեղսրտում է նա:

Չիվացիներն ասում էին, որ իրենց մոտ ամեն ինչ աճում է՝ խաղող ու նուռ, պնդուկ ու մանդարին, իսկ ծիրանի ու դեղձի իսկական հայրենիքն իրենց գյուղն էին համարում: «Այ, եթե գյուղը տեր ունենար, իրենց գյուղի նման գյուղ չէր ճարվի»,- երկար պատմելուց հետո այս մտքին էին հանգում նրանք:

Մետաքսե Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter