HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախատեսվում է մինչև մարտի վերջ հանրայնացնել մետաղական հանքերի իրական սեփականատերերի մասին տեղեկատվությունը

Մետաղական հանքերի իրական սեփականատերերի հրապարակայնացման գործընթացի վերաբերյալ «Հետքի» հարցերին պատասխանել է վարչապետի աշխատակազմի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը։ 

Ե՞րբ են հրապարակվելու մետաղական հանքավայրերը շահագործող ընկերությունների իրական բաժնետերերի անունները։ Կա՞ հստակ օր, երբ այդ տվյալները հասանելի կլինեն հանրությանը։

Իրական սեփականատերերի բացահայտման պարտավորություն ունեցող իրավաբանական անձինք՝ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման և մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող կազմակերպությունները մինչև փետրվարի 20-ը Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր են ներկայացրել իրենց կազմակերպության` ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի փետրվարի 5-ի «Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ձևը, լրացման և ներկայացման կարգը հաստատելու մասին» N 36 հրամանով սահմանված իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիրը:

ՀՀ վարչապետի աշխատակազմին է ներկայացվել «Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որը սահմանում է, որ հրապարակման ենթակա են իրական սեփականատերերի վերաբերյալ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացված հայտարարագրում առկա բոլոր տեղեկությունները, բացառությամբ ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթի տվյալների, այդ թվում՝ հանրային ծառայության համարանիշի, ինչպես նաև նրանց հաշվառման և բնակության հասցեների մասին տեղեկատվության:

Նախագծի ընդունման դեպքում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված՝ հրապարակման ենթակա տվյալները հասանելի կդառնան հանրությանը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայքում:

Ավելացնեմ նաև, որ տեղեկատվությունը հասանելի է լինելու առանց սահմանափակումների և անվճար՝ առանց պետական տուրք վճարելու պահանջի: Ակնկալվում է տվյալները հրապարակել մինչև մարտ ամսվա ավարտը:

Իրական սեփականատերերի անունների հրապարակումը նախատեսված էր 2019 թնոյեմբերին, ինչո՞ւ այս ժամկետը հետաձգվեց։

Հայտարարագրի վերջնական տեսքի և բովանդակության մշակման աշխատանքներն ավարտվեցին 2020թ. հունվարին, ուստի որոշում կայացվեց հայտարարագրերի ներկայացման համար առաջնորդվել օրենքով սահմանված՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը իրական սեփականատերերի վերաբերյալ տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետով: ՀՀ արդարադատության նախարարի «Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ձևը, լրացման և ներկայացման կարգը հաստատելու մասին» N 36 հրամանը ընդունվել է 2020 թվականի փետրվարի 5-ին:

Հանքավայրեր շահագործողները որևէ կերպ ընդդիմանո՞ւմ են այս գործընթացին։ Եթե այո, ապա ինչպե՞ս է դա դրսևորվում։

Իրական սեփակակատերերի հայտարարագրով տրամադրովող տեղեկատվության շրջանակը վերջին ամիսներին մանրամասն քննարկվել է ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի բոլոր խմբակցությունների ընդլայնված կազմի հետ, աշխատանքների ընթացքում հաշվի են առնվել կողմերի առաջարկություններն ու դիտողությունները: Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչներին, անհրաժեշտության դեպքում տրամադրվել են խորհրդատվություն և պարզաբանումներ: Մինչ այժմ ԱՃԹՆ-ի քարտուղարությունը հայտարարագրերի լրացման և ներկայացման հետ կապված որևէ դիմադրության չի հանդիպել:  

Օրենսդրական փաթեթներում մշակվե՞լ է մեխանիզմ՝ եթե ընկերությունը չհրապարակի իրական բաժնետերերի անունները, ինչպիսի՞ միջոցներ են կիրառվելու՝ նրան հարկադրելու։

Հայտարարագիրը կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունները չներկայացնելու, կեղծ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու դեպքում հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող կազմակերպությունը ենթակա է օրենքով սահմանված պատասխանատվության՝ գրավոր զգուշացման, այնուհետև, օրենքով սահմանված ժամկետներում զգուշացման հիմքերը չվերացնելու դեպքում, ընդերքօգտագործման իրավունքի կասեցման, այնուհետև՝ իրավունքի դադարեցման։

Լուսինե Թովմասյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter