Առաջարկվում է դատական կարգադրիչներին նշանակել աշխատանքային կենսաթոշակ՝ զինվորական կենսաթոշակի փոխարեն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է դատական կարգադրիչներին այսուհետ նշանակել աշխատանքային կենսաթոշակ՝ զինվորական կենսաթոշակի փոխարեն։
Այդ նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում։
Նշենք, որ գործող կարգով դատական կարգադրիչների կենսաթոշակային ապահովությունը կատարվում է հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված կարգով: Իսկ դատական ակտերի հարկադիր կատարողն ունի զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք:
«Այդ իրավակարգավորումների արդյունքում դատական կարգադրիչներին վերապահվել է զինվորական կենսաթոշակի իրավունք՝ չնայած այն հանգամանքին, որ դատական կարգադրիչները չեն հանդիսանում զինծառայողներ կամ նրանց հավասարեցված անձ, իսկ դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը չի հաշվառվում զինվորական ծառայության ստաժում»,- նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նախագծի ընդունվելու դեպքում դատական կարգադրիչների կենսաթոշակային ապահովությունը կիրականացվի ընդհանուր հիմունքներով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել