HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը նախագահում է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը

Մարտի 9-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ կենտրոնակայանում, Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանի բացման նիստը, որին ելույթ ունեցան ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ Թիջջանի Մուհամմադ Բանդեն, ՄԱԿ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, երիտասարդության և քաղաքացիական հասարակության պատվիրակներ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային համաժողովի՝ Պեկինի հռչակագրի և Գործողությունների հարթակի ընդունման 25-ամյա հոբելյանին նվիրված նիստի ընթացքում ընդունվեց Քաղաքական հռչակագիր, որում շեշտվում է կանանց և աղջիկների բոլոր իրավունքների և հիմնարար ազատությունների լիարժեք և հավասար իրացման, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց մասնակցության, նրանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի դեմ պայքարի, արդարադատության մատչելիության ապահովման կարևորությունը և մի շարք այլ առանցքային ոլորտներում արդյունավետ գործողությունների անհրաժեշտությունը։ Հռչակագրում վերահաստատվում է կանանց և աղջիկների առաջխաղացման կարևորությունը ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների իրականացման համար:

Իր ողջույնի ուղերձում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը կարևորեց անդամ պետությունների կողմից գենդերային հավասարության հասնելու, բոլոր կանանց և աղջիկների առաջխաղացման և ամենուրեք նրանց իրավունքների իրացման ընդհանուր նպատակին հասնելու իրենց քաղաքական կամքի և հստակ հանձնառության հաստատումը։ Դեսպան Մարգարյանն ընդգծեց հանրային կյանքում կանանց առանցքային դերը, որոնք եղել են հեղափոխական վերափոխումների առաջին շարքերում՝ հանդիսանալով խաղաղ և հարատև փոփոխությունների երաշխավորներ։

Հայաստանի մշտական ներկայացուցչի ուղերձը հասանելի է Կանանց կարգավիճակի հանձնաժողովի կայքում։

Տեղեկանք. ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովը կանանց իրավունքների, գենդերային հավասարության և կանանց առաջխաղացմանն առնչվող ոլորտներում քաղաքականություն մշակող հիմնական միջկառավարական մարմինն է։ Հանձնաժողողովի 45 անդամ երկրներն ընտրվում են տարածաշրջանների աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքով։ Հայաստանն ընտրվել է հանձնաժողովի անդամ 2019-2023 թվականների համար։ 2019թ-ի մարտի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընտրվել է Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ՝ 64-րդ և 65-րդ նստաշրջանների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter