HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լոնդոնում կալանք է դրվել Նազարբաևի դստերը և թոռանը պատկանող անշարժ գույքի վրա

Լոնդոնում գտնվող շքեղ անշարժ գույքը, որի վրա նախորդ տարի «անհիմն հարստության» կասկածանքով կալանք էր դրվել, պարզվում է` պատկանում է Ղազախստանի նախկին առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի դստերը և թոռանը։ Նրանց պարտավորեցրել են ապացուցել ավելի քան 100 միլիոն դոլարի օրինական ծագումը, որոնցով գնվել են երկու առանձնատներ և բնակարաններ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի նորակառույց թաղամասերից մեկում։ Այդ մասին գրում է «BBC»-ն։

Լոնդոնի թանկարժեք փողոցներից մեկում՝ Բիշոփս պողոտայում լավ հսկվող առանձնատունը, որն ունի ստորգետնյա լողավազան և կինոթատրոն, Հայգեյթ շրջանի տունը և Չելսիում գտնվող հսկա բնակարանը դեռ նախորդ տարվա գարնանը կալանքի տակ էին դրվել բրիտանական իրավապահ մարմինների պահանջով։ Այդ ժամանակ իշխանությունները հայտնել էին, որ անշարժ գույքը կապ ունի քաղաքական հայտնի դեմքերից մեկի հետ, սակայն չէին հայտնել ոչ բնակարանների հասցեները, և ոչ էլ սեփականատերերի անունները։

Իրականացված լրագրողական հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ անշարժ գույքի սեփականատերեր են հանդիսանում Նուրսուլթան Նազարբաևի դուստրը՝ Դարիգան Նազարբաևան, որը ներկայում զբաղեցնում է Ղազախստանի սենատի խոսնակի պաշտոնը և նրա ավագ որդին՝ Նուրալի Ալիևն ու հարսը՝ Աիդան։ Նրանք դատարանում բողոքարկում են իրենց անշարժ գույքի կալանքը, որը մի քանի տարի առաջ գնել էին ավելի քան 100 միլիոն դոլարով։ Ըստ մասնագետների՝ այդ անշարժ գույքի ներկայիս շուկայական արժեքն ավելի բարձր է։

Գույքի նկատմամբ կալանքը Մեծ Բրիտանիայում կասկածելի կապիտալի և փողերի լվացման պետական նոր քաղաքականության մեթոդներից մեկն է։ Վերջինիս հիմնական գործիքներից մեկը օրդերն է, որը թույլատրում է բռնագանձել գույքը, եթե սեփականատերը չի ապացուցում, որ այն ձեռք է բերել արդար ճանապարհով։ Նման առաջին օրդերը դուրս է գրվել դեռ 2018 թվականին՝ ադրբեջանցի պետբանկի աշխատակիցներից մեկի կնոջ նկատմամբ, որը հայրենիքում դատապարտվել էր հափշտակության համար։ Զամիրա Հաջիևան դատարանում բողոքարկում էր օրդերը և միայն վերջերս դատարանը վերջնական որոշում ընդունեց։ Դատարանը մերժեց Զամիրա Հաջիևայի բողոքարկումը և թույլատրեց պետությանը բռնագանձել ադրբեջանցու անշարժ գույքը։

Նազարբաևների անշարժ գույքը ձեռք է բերվել օֆշորային երեք ընկերությունների կողմից, որոնք գրանցված են Նիդերլանդական Անթիլներում, Պանամայում և Անգիլյա անունը կրող բրիտանական անդրծովյան տարածքում։ Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության քննիչների կարծիքով՝ տները գնվել են Նուրալի Ալիևի հոր և Դարիգա Նազարբաևայի նախկին ամուսնու՝ Ռահաթ Ալիևի հանցավոր փողերով։ Նազարբաևի նախկին փեսան 2000-ականների սկզբին հայտնվել էր իրավապահների տեսադաշտում, լքել երկիրը, հեռակա կարգով դատապարտվել, Ավստրիայում ձերբակալվել և արդյունքում 2015 թվականին մահացած հայտնաբերվել բանտախցում։

Լողավազանով առանձնատան գնման ժամանակ՝ 2014 թվականին լրացած չի եղել Նուրալիի ծննդյան 30-ամյակը, սակայն նա հասցրել էր արդեն աշխատել ղազախական բանկերի և ընկերությունների ղեկավար պաշտոններում։ 2014 թվականի վերջին նա անցել է պետական ծառայության և մի քանի տարի շարունակ զբաղեցրել Աստանայի (ներկայումս՝ Նուրսուլթան) փոխքաղաքապետի պաշտոնը։ Այդ ժամանակ Նուրալիի հայրը՝ Ռահաթ Ալիևը, Ավստրիայում սպասում էր իր դատավճռին, որին մեղադրում էին երկու բանկիրների սպանության մեջ։ Դարիգայի հետ վերջինս բաժանվել էր 2007 թվականին, ուստի չէր կարող որևէ կապ ունենալ լոնդոնյան անշարժ գույքի հետ, որը գնվել է 2008 թվականից հետո։ Դատարանում այդ փաստը պնդել է բռնագանձման ենթակա գույքի սեփականատիրոջ փաստաբանը։ Փաստաբանը նշել է, որ Դարիգա Նազարբաևան ինքնուրույն կին է և կարող է անձամբ վաստակել իր միջոցները։ Փաստաբանների և սեփականատերերի խոսքերով՝ նրանք NCA-ի ներկայացուցիչներին են տրամադրել Նազարբաևայի կողմից իր փողերի տնօրինման կարգը։ Ըստ փաստաբան Քլեր Մոնթգոմերիի՝ գործակալությունը հրաժարվում է ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը և պնդում է դատական կարգով հարցի լուծմանը։

Հետաքրքրականն այն է, որ Նազարբաևի թոռներն առաջին անգամ չէ, որ վերջին ամիսների ընթացքում դառնում են Լոնդոնի հանցավոր քրոնիկոնի հերոսներ։ Դարիգա Նազարբաևայի միջնեկ որդին՝ Այսուլթան Նազարբաևը նախորդ տարվա հոկտեմբերին դատապարտվել էր այն բանի համար, որ թմրանյութերի ազդեցության տակ դիմադրություն էր ցույց տվել ոստիկաններին, հարվածել նրանց և կծել նրանցից մեկին։ Վերջինս դատապարտվել էր պայմանական ազատազրկման։ Դատարանը նրան պատրավորեցրել էր շարունակել թմրանյութերից կախվածության բուժումը և տուգանել։

Եթե Նազարբաևան, Ալիևը և նրանց օֆշորները հաջողությամբ կարողանան դատարանում վիճարկել օրդերը, ապա այն կչեղարկվի։ Հակառակ դեպքում, նրանք ստիպված կլինեն իրականացնել պահանջը և ապացուցել միջոցների ծագման օրինականությունը։ Եթե նրանք չկարողանան ապացուցել, ապա իրավապահ մարմինները ևս մեկ անգամ կդիմեն դատարան՝ այս անգամ արդեն գույքի բռնագանձման պահանջով։ Արդյունքում, բռնագանձված միջոցները կփոխանցվեն բրիտանական գանձապետարանին։ Ամեն դեպքում, ինչ որոշում էլ որ կայացվի, մեղավորներ չեն լինի, քանի որ սեփականատիրոջ մեղավորությունը կամ անմեղությունը վիճարկման առարկա չի հանդիսանում։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter