HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հադրութի սրճարանում

19-ամյա Իգորը դպրոցն ավարտել է Հադրութում, բայց այսօր ծնողների հետ ապրում է Ստեփանակերտում, որտեղ էլ սովորում է: Հադրութի լավ օրերի մասին նա միայն լսել է, ինքը մեծացել է պատերազմական ու հետպատերազմական քաղաքում։

Ամեն ամառ նա վերադառնում է Հադրութ: Սրճարանում ժամանակ անցկացնելու փողը նրան տալիս են ծնողները կամ, ինչպես ինքն է ասում, «ստեից-ընդեից պարտքով» վերցնում է։

«æահելությունը հենա պարապ, ով կարում ա բանակ մտնի, մտնում ա»,-ասում է 22-ամյա Կարենը: Նա նույնպես ուզում է քաղաքի «պոլկերից» մեկում աշխատել: Նրա կարծիքով, այդպես կյանքն ավելի է հեշտանում։ «Հաճելի է պատահական ծանոթին ասել' պոլկում եմ աշխատում»: Կարենը քաղաքի միակ երիտասարդն է, ով սրճարան ունի: Սրճարան ասվածը մի քանի սեղան-աթոռներն են, վերջին արտադրության հարթէկրան մի հեռուստացույց ու մի քանի ծառ:

Շրջանի վիճակագրական փաստաթղթերում նա հավանաբար ներկայացվում է որպես երիտասարդ գործարար, սրճարանն էլ՝ սպասարկման ոլորտում մանր ձեռնարկատիրության օրինակ։ Կարենն իր բիզնեսը զարգացնելու հեռանկարներ չի տեսնում։ Ասում է՝ մարդիկ քիչ են, օրենքները շատ։

Քաղաքապետարանն այս տարվա սկզբին հրապարակել է մի որոշում, համաձայն որի նոր հարկեր ու տուրքեր են ավելանում։ Օրինակ՝ սրճարան ունենալու համար պետք է նախապես վճարել 250 հազար դրամ։ Հադրութի նման փոքր քաղաքի համար դա բավական մեծ թիվ է, եւ կարող է մարդկանց ետ պահել ձեռնարկատիրական գործունեությունից։

Իրականում Կարենն ընկճված չէ: Ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին խոսելիս, պատերազմական մանկություն ունեցած տղան անքննելի վստահությամբ հաստատում է, որ կկռվի. «Բա հի՞նչ եմ անելու», բայց մի քանի վայրկյան անց նույն վստահությամբ ասում. «Հադրութ հի՞նչ կա, որ կարողանամ, կթողնիմ կփախնիմ»: Ո՞ւր։ «Ղարաբաղից, Հայաստանից հեռու». ասում է հադրութցի երիտասարդ գործարարն, ում կարծիքով երեքհազարանոց քաղաքում սրճարան ունենալն ապագա չէ։

25-ամյա Ինգա Սահակյանի համար Հադրութը երազանքների քաղաք է: Նա այստեղ եկել է, ավելի ճիշտ, ամուսինը նրան բերել է շրջանի հեռավոր գյուղերից մեկից: Ինգան չի աշխատում, ամուսինը ֆիզկուլտուրայի ուսուցիչ է։ Երկու երեխայի հետ ապրում են «հին միլիցայության շենքում»:

Հադրութը բոլորովին նոր եւ հետաքրքիր քաղաք է Երեւանից իր հորաքրոջը' Ինգային, հյուր եկած 17-ամյա Ալիսի համար: Ինչո՞վ է հետաքրքիր: «Մի հատ կաֆե կա»,-ասում է Ալիսը: Ուրի՞շ։ «Հա, հորքուրս ամեն օր ջուր ա կրում». ամփոփում է տպավորությունները։

Հադրութում ջուր չկա։ Այս տարվա շոգերից էլ աղբյուրներն ու գետերը ցամաքել են։ Հադրութցիներն անհամբեր սպասում են աշնան անձրեւներին։ Երիտասարդների համար, սակայն, աշնան անձրեւներն «աղետ» են։ «Կյանքը կանգ ա առնում, մի հատ կաֆե կա, էն էլ փակվում ա ու վերջ, գնալու տեղ չի մնում»,-ասում է 21-ամյա Վլադ Պողոսյանը:

Մհեր Արշակյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter