HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղհասարակության կազմակերպությունները կմշտադիտարկեն Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի իրականացումը

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը և Վրաստանում ու Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը մարտի 11-ին Երևանում ազդարարել են «ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը` հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ծրագիրն իրականացնում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը՝ Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ: 

Ինչպես ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում, ԲՀՀ Հայաստանի կողմից իրականացվող երկամյա ծրագրի նպատակն է նպաստել Հայաստան-ԵՄ ՀԸԳՀ պատշաճ իրականացմանը՝ քաղաքացիական հասարակության հավաքական մշտադիտարկման և ջատագովության միջոցով: Մշտադիտարկման ենթակա ոլորտներն են մարդու իրավունքները, դատաիրավական բարեփոխումները, ընտրական օրենսգրքի բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, թափանցիկ ու հաշվետու կառավարումը և մի շարք այլ բնագավառներ: 

Համաձայնագրի իրականացման ազդեցությունը մեծապես կախված է բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկության մակարդակից և փոփոխության հանրային պահանջից: Ծրագրի շրջանակում կկազմակերպվեն հանրային քննարկումներ համաձայնագրով նախատեսված բարեփոխումների օրակարգի շուրջ: Ծրագիրը խթանելու է նաև երկխոսությունը Հայաստանի կառավարության, Եվրամիության և քաղաքացիական հասարակության միջև:

«Քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավածությունը կարևոր է ՀԸԳՀ հաջող իրականացման համար: Ես ողջունում եմ բարեփոխումների հավաքական մշտադիտարկումն ու ջատագովությունը, ինչպես նաև Հայաստանի կառավարության, Եվրոպական միության և քաղաքացիական հասարակության միջև քաղաքականության դիսկուրսի խթանումը: Հավատացած եմ, որ այս ծրագիրը, որն իրականացնում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը՝ Վրաստանում ու Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ, մեծապես նպաստելու է այդ գործընթացին», - ծրագրի մեկնարկին նվիրված ուղերձում նշել է Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մաայե վան Կոլդամը:

Ծրագրի ընթացքում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մշակել են համաձայնագրի մշտադիտարկման ճանապարհային քարտեզ: Բացի այդ,  Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները կուսումնասիրեն Վրաստանի գործընկերների՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի մշտադիտարկման փորձը:

Բարեփոխումների մշտադիտարկումն իրականացնող գործընկեր կազմակերպություններն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ, Խտրականության դեմ պայքարի ու հավասարության կոալիցիան,  Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ, Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան: 

Ծրագրի արդյունքները կներկայացվեն և՛ Հայաստանի կառավարությանը, և՛ ԵՄ-ին՝ խթանելու քաղաքականության մշակման շուրջ դիսկուրսը և նպաստելու  բարեփոխումների իրականացմանը: 

***

Այս ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Նյութում արտահայտված տեսակետներն ու կարծիքները կարող են չհամընկնել Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության պաշտոնական քաղաքականության կամ դիրքորոշման հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter