HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան. անպտղությունը` պետական կարևորագույն հիմնախնդիր

Արփի Հարությունյան, Կովկաս

Հայաստանում ամեն 5-րդ ընտանիք չի կարողանում երեխա ունենալ. ըստ վերջին' 2009 թվականի հետազոտության' հայ կանանց մոտ 17 տոկոսը տառապում է անպտղությամբ: Մասնագետների կարծիքով' կանանց անպտղությունը պայմանավորված է սթրեսային իրավիճակներով և հղիության արհեստական ընդհատումներով, իսկ տղամարդկանց անպտղության պատճառը ոչ առողջ կենսակերպն է:

Թեև վերջին տասը տարում երկրում անպտղության մակարդակը 2 անգամ նվազել է, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս ցուցանիշը դեռ ճգնաժամային է համարում, իսկ մասնագետները մտահոգվում են, որ եթե միջոցներ չձեռնարկվեն այս բացասական միտումը վերացնելու ուղղությամբ, ապա երկրի ժողովրդագրական իրավիճակը շուտով սպառնալիքի տակ կհայտնվի:

«Չնայած նախորդ հետազոտության արդյունքները' անպտղության մոտ 32 տոկոս, էականորեն տարբերվում են ներկայիս ցուցանիշից, անպտղության մակարդակը Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ»,- ասում է Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՀՀ առողջապահության նախարարության և այլ կառույցների համատեղ կատարած «Անպտուղ ամուսնության տարածվածության և պատճառագիտության կլինիկահամաճարակաբանական ուսումնասիրություն»-ը վկայում է, որ «անպտղության հետազոտության իրականացումը, առավել ևս բուժումը դժվարամատչելի է Հայաստանում բարձր գների, բնակչության ցածր իրազեկման, ինչպես նաև ցածր արդյունավետության պատճառով»:

Ըստ Սարիբեկյանի' ընդհանուր առմամբ, Հայաստանում բնակվող կանանց անպտղության պատճառները գրեթե նույնն են, ինչ այլ երկրներում' սեռավարակներ, բորբոքումներ, հորմոնալ խանգարումներ, փողերի անանցանելիություն: Անպտղության պատճառներն ունեն նաև իրենց ենթապատճառները, որոնք տարբեր են' ըստ երկրների առանձնահատկությունների:

«Կա մի առանձնահատկություն, որ բնորոշ է հենց Հայաստանին,- բացատրում է Մարդու վերարտադրության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը:- 1990-ական թվականների սերնդի ներկայացուցիչները, որոնք պատերազմական շրջանում մութ, ցուրտ ու սթրեսային տարիներ են անցկացրել, այսօր գալիս են մեզ մոտ որպես պոտենցիալ մայրեր: Նրանց մոտ է, որ հիմա հաճախակի հանդիպում են այնպիսի խնդիրներ, որոնց պատճառով չեն կարողանում մայրանալ»:

Բժշկական գիտությունների դոկտոր Համբարձումյանի խոսքերով' Հայաստանում անպտղության պատճառ համարվող հորմոնալ խանգարումներն առաջանում են նաև աղտոտված շրջակա միջավայրից:

Մասնագետների կարծիքով' հղիության արհեստական ընդհատման անհաջող դեպքերը ևս Հայաստանում դառնում են անպտղության պատճառ:

«Եթե առաջ չկային մինչամուսնական սեռական կապեր, ապա հիմա նկատելի են: Այդ կապերի արդյունքում շատ են լինում անցանկալի հղիությունները, որոնցից ազատվելու համար կանայք դիմում են հղիության արհեստական ընդհատման, որը կարող է ճակատագրական լինել կնոջ համար»,- ասում է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Կարինե Առուստամյանը:

«Անպտուղ ամուսնության տարածվածության և պատճառագիտության կլինիկահամաճարակաբանական ուսումնասիրության» համաձայն' անպտղության մակարդակը հատկապես բարձր է Երևանում, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում: Անպտղության բարձր ցուցանիշ ունեն նաև հայ տղամարդիկ' մոտ 12 տոկոս, հատկապես Երևանից ու Գեղարքունիքից, ինչը պայմանավորում են այդ բնակավայրերից արտագնա աշխատանքի մեկնողների մեծ թվով:

«Ամեն ամիս մեր կլինիկա է դիմում վերարտադրողական խնդիրներ ունեցող մոտ 40 զույգ: 70 տոկոսի դեպքում մենք պարզում ենք, որ խնդիրը տղամարդունն է»,- նշում է

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Քրիստինա Մելիքյանը:

Մասնագետների գնահատմամբ' տղամարդկանց սնունդը (հիմնականում խորոված կամ եփած միս) ալկոհոլը, ծխելն ու մարմնամարզությամբ չզբաղվելը նույնպես կարող են դառնալ անպտղության պատճառ: Սարիբեկյանի կարծիքով' անպտղության մակարդակը մեծանում է նաև արհեստականորեն, երբ յուրատեսակ մտածողության պատճառով տղամարդիկ չեն դիմում բժշկի և երեխա չունենալու պատճառը վերագրում կնոջը:

«Նախկինում ընդունված էր, որ կինն է մեղավոր, որ երեխա չեն ունենում: Հաճախ ամուսինները մի քանի տարի երեխա չունենալու դեպքում ամուսնալուծվում էին: Հետո պարզվում էր, որ խնդիրներ հենց ամուսինն է ունեցել»,- պատմում է Սարիբեկյանը:

Երբ մեղավոր կողմի փնտրտուքը արդյունք չի տալիս, բժիշկները սովորաբար ախտորոշում են անպտղության չհայտնաբերված պատճառ, ինչի ցուցանիշը Հայաստանում տղամարդկանց մոտ 8,2 տոկոս է, կանանց մոտ'10,5 տոկոս:

Վերարտադրողականության բնագավառի մասնագետներն ասում են, որ անպտղության բուժումը բարդ ու երբեմն շատ երկարատև գործընթաց է. «Հնարավոր է' նույն գործողությունը մի քանի անգամ կրկնելու կարիք լինի: Ու քանի որ պրոցեդուրաները շատ թանկ են, հիվանդները հաճախ մեկ-երկու փորձից հետո նահանջում են. կամ համբերությունն է տեղի տալիս կամ դրամապանակը»,- ասում է Էդուարդ Համբարձումյանը:

Հաշվի առնելով երկրում վատթարացող ժողովրդագրական իրավիճակը և նպատակ ունենալով բարելավել վերարտադրողական առողջության բնագավառում տիրող իրավիճակը' Հայաստանի կառավարությունը հաստատել է «Մոր և մանկան առողջության բարելավման ռազմավարությունը 2003-2015 թվականների համար» և «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարությունը, ծրագիրն ու գործողությունների ժամանակացույցը 2007-2015 թվականների համար» որոշումները:

Ներկայում Հայաստանի բնակչության թիվը կազմում է 3,2 միլիոն. 1991 թվականից ի վեր բնակչության մակարդակը նվազել է շուրջ 50 հազարով: Անցյալ տարի երկրում 44,810 երեխա է ծնվել. այս ցուցանիշը 1 տոկոսով է գերազանցում 2009 թվականին գրանցված ցուցանիշը:

Կառավարությունն անպտղությունն ընդունել է որպես երկրի կարևորագույն հիմնախնդիր և նպատակ դրել արդիականացնել անպտուղ ամուսնության ախտորոշման և կանխարգելման աշխատանքները: Սակայն մասնագետները նշում են, որ դեռ շատ ավելին պետք է անել, որ ներկայիս վերարտադրողականության մակարդակը հասնի խորհրդային տարիներին գրանցված միջին ցուցանիշին, որն անհամեմատ բարձր էր:

Իսկ անկախ կլինիկաների մասնագետների խոսքերով' անելիքներ շատ կան, քանի որ վերարտադրողական բժշկությունը Հայաստանում բավարար մակարդակի վրա չէ և հասու չէ բոլորին, նաև այն պատճառով, որ անպտղության բուժումը պետպատվերի շրջանակում չէ:

Անահիտ ու Կարեն Զորիկյաններն արդեն 4 տարի է' չեն կարողանում երեխա ունենալ: Դիմել են բազմաթիվ բժիշկների, տարբեր բուժումների միջով անցել, բայց ապարդյուն. ախտորոշում էլ չկա: Ասում են' համբերեք, կունենաք:

«Արդեն հազարավոր դոլարներ ենք ծախսել անալիզների, բուժումների, դեղանյութերի, բժիշկների վարձատրության վրա: Հույսներս արդեն արհեստական բեղմնավորումն է, բայց դա շատ թանկ է Հայաստանում»,- ասում է Անահիտը:

Վերարտադրողական օժանդակ մեթոդները 3-ն են'արհեստական սերմնավորում, արհեստական բեղմնավորում և փոխնակ կամ սուրոգատ մայրություն: Արհեստական սերմնավորումը, երբ բեղմնավորումը կատարվում է կնոջ օրգանիզմում, ամենահեշտն ու ամենամատչելին է'մոտ 50 000 դրամ արժողությամբ (մոտ 130 դոլար): Արհեստական բեղմնավորումն արժե մոտ 1 մլն դրամ (2700 դոլար), իսկ փոխնակ մոր միջոցով զավակ ունենալն արժե 20-30 000 դոլար:

Արփի Հարությունյանն ազատ լրագրող է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter