
«Պետությունն ուզում է, որ մենք եվրոպական օրենքներով բիզնես անենք, բայց շարունակենք ասիական ձեւով կաշառք տալ»,- ասում է գործարարը
Մի քանի տասնյակ միջին եւ խոշոր գործարարների հետ հանդիպումներից հետո առաջինը, որ ուզում եմ նշել, նրանց ունեցած վախի մասին է: Նրանցից ոչ ոք չի ուզում սեփական անունով հանդես գալ: Գործարարներ, որոնք ինչ-որ դիրք ունեն հասարակության մեջ, վախենում են խոսել: Վախենում են, որովհետեւ վտանգված է վերջիններիս բիզնեսը, եւ Հայաստանում մնալու նրանց հեռանկարը:
Նրանցից շատերը մտադրվել են պարզապես տեղափոխել իրենց բիզնեսը Հայաստանից: «Պետությունն ուզում է, որ մենք եվրոպական օրենքներով բիզնես անենք, բայց շարունակենք ասիական ձեւով կաշառք տալ»,- ասում է գործարարը:
«Ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ում գործող գրագետ գործարարը (սա գործարարների մեծամասնության կարծիքն է) գերադասում է աշխատել օրենքի դաշտում, վճարել օրենքով նախատեսված բոլոր հարկերն ու տուրքերը, ողջ գիտելիքներն ու եռանդն ուղղել իր բիզնեսի զարգացմանն ու ընդարձակմանը, ոչ թե հարստացնել, ըստ էության, իրեն ոչնչով չօգնող պաշտոնյաներին»,- ասում է մեկ այլ գործարար:
Որպես առանցքային խնդիր՝ գործարարները նշում են մաքսատանը գործող «հսկիչ գների» մասին: «Եթե այդ «հսկիչ գները» մնան, եթե մեզ չթողնեն շնչել, միակ ելքը բիզնեսը փակելն է: Պետք է քննարկման դնել այդ հարցը. գուցե թերթերում քննարկելուց հետո վերեւներում սկսե՞ն քննարկել»,- ասում է մեկ այլ գործարար:
Մաքսային ձեւակերպումների մեխանիզմը Արարատյան տարածաշրջանային մաքսատանը
Ներմուծվող բեռի մաքսային փաստաթղթերը մաքսային պահեստից ստանալուց հետո թե իրավաբանական, թե ֆիզիկական անձի լիազոր ներկայացուցիչը պետք է մաքսատանը ապրանքը հայտարարագրի:
Յուրաքանչյուր կազմակերպություն բաշխված է բրոկերային գրասենյակների միջեւ, որոնց ղեկավարները «ստվերում» գտնվող մաքսային ծառայության այս կամ այն ստորաբաժանման պետերն են: Այսինքն՝ ստահոդ է այն վարկածը, թե իբր կազմակերպությունները կարող են մաքսազերծել իրենց ապրանքն ինքնահայտարարագրման եղանակով: Ինքնահայտարարագրումը թույլատրված է մեկ կամ երկու կազմակերպության, այն էլ՝ Մաքսային պետական կոմիտեի բարձր ղեկավարության «դոբրոյով»: Մենք այժմ ուսումնասիրում ենք այդ բրոկերային կազմակերպությունները եւ առաջիկայում կներկայացնենք, թե իրականում ովքեր են այդ բրոկերային գրասենյակների տերերը:
Ապօրինություններ գնահատման բաժնում
Նախնական հայտարարագրումից հետո բեռի մաքսային հայտարարագիրը եւ ուղեկցող փաստաթղթերը ներկայացվում են մաքսատան գնահատման բաժին, ուր գնահատման բաժնի պետը եւ նրա տեղակալը ներմուծված ապրանքի նկատմամբ կիրառում են, այսպես կոչված, «հսկիչ գներ»: Եվ սա արվում է անկախ այն հանգամանքից՝ բեռը ձեւակերպվում է Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածո՞վ (1-ին մեթոդ), թե՞ 91-րդ հոդվածով (4-րդ մեթոդ): Գործարարներին զայրացնում է հատկապես այն փաստը, որ մաքսատան կողմից պարտադրված «հսկիչ գները» որեւէ առնչություն չունեն միջազգային շուկայում գործող ապրանքների գների հետ:
Հենց մաքսատան գնահատման բաժնում գործում է մաքսային ծառայության կողմից գործարարների «վզին փաթաթված» չգրված օրենքը` պետական բյուջե վճարվելիք ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) կիսման մեխանիզմը, ինչի էությունը հետեւյալն է. իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից ներմուծված ապրանքի արժեքին եւ մաքսատան կողմից պարտադրված մաքսային արժեքին համապատասխանաբար բաժին ընկնող ԱԱՀ-ի միջեւ եղած տարբերության կիսումը՝ 40-60, կամ 50-50 տոկոսային հարաբերակցությամբ: Օրինակ.
Տարբերակ ա) Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի դեպքում (1-ին մեթոդ), եթե, ըստ հաշիվ-ապրանքագրի, ապրանքի արժեքը 1 կգ-ի համար կազմում է 1000 դրամ, իսկ մաքսատան կողմից պարտադրված «հսկիչ գինը»`1500 դրամ, վճարում ես 200 դրամ՝ նախատեսված 300 դրամ ԱԱՀ-ի փոխարեն: Առկա տարբերության՝ 100 դրամից էլ ապրանքի յուրաքանչյուր 1 կգ-ի համար 8 դրամը ամսվա վերջում, որպես կաշառք, վճարում ես մաքսատան բարձրաստիճան պաշտոնյային, որի հետ ստիպում են գործարարին պայմանավորվել, քանի որ մաքսային ծառայության ղեկավարներից ամեն մեկն ունի իր հսկողության (կուրացիայի) տակ գտնվողների ցանկը:
Տարբերակ բ) Մաքսային օրենսգրքի 91-րդ հոդվածի դեպքում (4-րդ մեթոդ) մաքսատանը տրվող կաշառքի գումարի չափը նվազում է, ինչի պատճառով էլ մաքսատունը դժվարությամբ է համաձայնվում բաշխման այս սկզբունքին: Օրինակ, եթե, ըստ հաշիվ-ապրանքագրի, ապրանքի արժեքը 1 կգ-ի համար կազմում է 1000 դրամ, իսկ «հսկիչ գինը»` 1500 դրամ, ապրանքը ձեւակերպվում է 1200 դրամով: Այդ դեպքում պետբյուջե վճարվող ԱԱՀ-ի գումարը կազմում է 240 դրամ, իսկ առկա տարբերության՝ 60 դրամից ապրանքի յուրաքանչյուր 1 կգ-ի համար, որպես կաշառք, ամսվա վերջում տրվում է 4,8 դրամ (40-60% հարաբերակցությամբ):
«Ոչ գրագետ» գործարարը առաջին անգամ երախտագիտությամբ է ընդունում մաքսատան պարզված «օգնության ձեռքը» (քիչ հարկ վճարեցիր մաքսատանը)՝ չհասկանալով, որ մաքստունն ի սկզբանե իրեն տեղափոխում է «ստվերային» դաշտ, քանի որ դրանով տվյալ ընկերության դրամարկղը «կարմրում է», եւ տրված կաշառքի չափով (իսկ այն ամսվա վերջում կազմում է նշանակալի գումար) գործարարը ապրանքի որոշակի խմբաքանակ պետք է գնային խախտումով կամ ցածր գնով վաճառի՝ ծածկելու այն բացը, որով հայտնվում է հարկային ծառայության տեսադաշտում ու դառնում խոցելի:
Բեռի փաստաթղթային ձեւակերպումից հետո գործարարն ընկնում է Մաքսային պետական կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության (ՆՀՎ) աշխատակիցների ձեռքը՝ բեռի զննման ու բացթողնման վերջնական արգելքը հաղթահարելու համար:
Բացի այն, որ մաքսային պահեստի զննող մաքսավորները կարող են քմահաճորեն պարտադրել բեռը դատարկել մաքսային տերմինալում՝ իբր ստուգման համար, եւ ավելորդ ծախսերի առաջ կանգնեցնել գործարարին, այստեղ էլ գործում են բացթողնման տարիֆները՝ կաշառքի տեսքով.
20 ֆուտանոց բեռնարկղ՝ 10-15 000 դրամ
40 ֆունատանոց բեռնարկղ՝ 15-20 000 դրամ
Բեռնատար ավտոմեքենա՝ 35-40 000 դրամ
Երկաթուղային վագոն՝ 25-35 000 դրամ
Արտահանման դեպքում զննող տեսուչները առանց բեռը զննելու պահանջում են 100-ից 200 ԱՄՆ դոլար, բեռը կապարակնքում են եւ բաց թողնում:
Դեռ կաշառքը տալուց հետո էլ գործարարը 30-ից 60 րոպե պետք է սպասի ՆՀՎ-ի պետի «դոբրոյին»՝ բեռը ստանալու համար: Դրանցի հետո բեռի անցագիրը ստորագրելու համար մաքսային պահեստի մաքսանենգության բաժնի աշխատակիցը պետք է ստանա 5-ից 10 հազար դրամ:
Ներկայացված սակագները գործում են օրինական բեռի ներմուծման եւ արտահանման դեպքում, երբ բեռը մեկիկ-մեկիկ համապատասխանում է բեռն ուղեկցող փաստաթղթերին:
Շարունակելի
Մեկնաբանություններ (21)
Մեկնաբանել