
Կառավարությունը հաստատեց «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը
Տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դառնալու համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որի արդյունքում 2020թ. 45 հայ ձեռներեց հնարավորություն կստանա հատուկ մասնագիտական ծրագրերով այցելել Սիլիկոնյան հովիտ, ստանալ ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքներ, արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպել ներդրողների և վենչուրային կապիտալիստների: Ծրագիրը հաստատվեց Կառավարության մարտի 12-ի նիստում։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է Հայաստանը կապել համաշխարհային այլ տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, հնարավորությունները և Սփյուռքի ներուժը:
Ծրագրի կարևորագույն փաստը Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական ներկայացվածության ապահովումն է: Այդ նպատակով Սան Խոսե քաղաքում վարձակալվելու է մինչև 250 քմ տարածքով բնակարան, որտեղ «Վիրտուալ կամուրջ» ծրագրի միջոցով Սիլիկոնյան հովիտ այցելած մասնակիցները 3 շաբաթ կաշխատեն, հանդիպումներ կկազմակերպեն և կապրեն այդ կենտրոնում:
Ծրագրի շրջանակներում 15 ստարտափերներ և ձեռներեցներ, հատուկ մրցույթի միջոցով, հնարավորություն են ունենալու 7 շաբաթ տևողությամբ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ անցնել Սիլիկոնյան Հովտի թոփ ձեռնարկատիրական՝ «Դրեյփերի համալասարանում»: Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներն իրենց արտադրանքները կներկայացնեն «Դրեյփեր Վենչուր նեթվորկի» հիմնադիր Թիմ Դրեյփերին և նրա թիմին՝ բացառիկ հնարավորություն ստեղծելով հայ ստարտափերների համար ներգրավելու ներդրումներ համաշխարհային ճանաչում ունեցող ներդրումային ընկերությունից:
«2020թ. փետրվարի 13-ին տեղի ունեցավ Դրեյփերի համալսարանի գարնան շրջանի դասընթացների համար ընտրության փուլը, որն անցկացնելու համար հատուկ Հայաստան էր ժամանել համալսարանի նախագահը, ընտրող հանձնաժողովի նախագահը և ծրագրի ղեկավարը: Ստացված ընդհանուր 109 հայտերից հաղթող ճանաչվեց 5 ձեռներեց, ովքեր կստանան 100 % ամբողջական պետական կրթաթոշակ: Եվս 3 գաղափարների հեղինակների հաճելի անակնկալ մատուցեց Դրեյփերի համալսարանի նախագահը՝ հաշվի առնելով մասնակիցների նորարարական մտածողությունը և գաղափարների զարգացման ներուժը՝ տրամադրեցին 50 % կրթաթոշակ սովորելու Դրեյփերի համալսարանում: Մնացած 50 %-ը «Իմ Քայլը» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել հոգալու 3 հաղթողների ուսման վարձը»,- նշեց նախարարը:
Ըստ Հակոբ Արշակյանի՝ սա իր տեսակով առաջին խոշոր ծրագիրն է, որն անմիջականորեն իրականացվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ միասին։ Ծրագրի շրջանակներում իրականացվող ամբողջ լոգիստիկ, կազմակերպչական և բովանդակային հարցերը կարգավորելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի մասնաճյուղը:
Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականից, որի համար Հայաստանի պետական բյուջեից յուրաքանչյուր տարի կհատկացվի 1,3 մլրդ դրամ։
Լուսանկարում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն այսօր վարել է Կառավարության նիստը
Մեկնաբանել