HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու «կանաչ թոքերի» ծավալն ընդլայնելու ծրագիր է ներկայացվել

Գյումրու «կանաչ թոքերի» ծավալն ընդլայնելու, քաղաքում գրավիչ զբոսայգիների թիվն ավելացնելու, ծայրամասային տարածքներից մեկը երիտասարդության համար առավել գրավիչ դարձնելու, քաղաքի կենտրոնը բեռնաթափելու հայտ է ներկայացրել Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը: Ներկայացված ծրագրի արդյունքում ՀՊՏՀ ԳՄ բակային տարածքը կվերածվի հանրային զբոսայգու, իսկ ներդրումների ներգրավումը զբոսայգին կվերածի 5 խելացի տիրույթների՝ 10 տեսակի ենթակառուցվածքներով։ Տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պետրոսյանն ասում է, որ շենքի հետնաբակի մոտ 6000 քմ տարածքը բարեկարգելու եւ առավել ֆունկցիոնալ դարձնելու վերաբերյալ մտքեր ունեցել է 2018թ.-ից:

«Իմ՝ տնօրեն նշանակվելու օրվանից միշտ մտածել եմ, թե ինչպես կարող ենք տարածքն օգտագործել, ինչպիսի ծրագրեր իրականացնել, որոնք առավել գրավիչ կդարձնեն համալսարանը ուսանողների համար,- ասում է Կարեն Պետրոսյանը,- աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ համալսարանը քաղաքի կենտրոնից հեռու է 4-5 կմ: Այս տարածքում չկան սրճարաններ, չկա զբոսայգի, զվարճանքի որեւէ կենտրոն, հետաքրքիր մի վայր, որտեղ կարողանան այցելել բոլորն՝ անկախ տարիքից: Սկզբի համար սկսեցինք շենքի գլխավոր մուտքի դիմացի հատվածի բարեկարգումից, որ հիմա բավական ներկայանալի է: Ունենք հնարավորություն սուբսիդավորման պարագայում աշխատանքներ իրականացնելու նաեւ հետնաբակում»:

Կարեն Պետրոսյանի նշած տարածքը տարիների ընթացքում վերածվել էր աղբանոցի: Անցած տարի 130 մեքենա աղբ են թափել, տարածքից հեռացրել են ժամանակավոր երկու տնակ, որոնք անբնակելի էին, սակայն բնակարան ստացած տնակատերերը դրանք թողել էին, որպես իրերի պահեստ: Ապամոնտաժել են երկաթյա կոնստրուկցիաներով մեկ շինություն, քանդել կիսափուլ վիճակի հասած մեկ քարե կառույց: Մոտ 6000 քմ տարածքը հանրային այգու վերածելու նպատակով այս տարի որոշեցին մասնակցել համայնքի կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, որը ենթադրում է ներդրում պետության, համայնքի եւ մասնավորի կողմից որոշակի համամասնությամբ:

«Ծրագրի ընդհանուր բյուջեն 100 մլն դրամ է, որի մի մասը՝ 40 մլն դրամը, պետության սուբսիդիան է, 15 մլն դրամ հատկացնում է համայնքը, 25 մլն դրամը մեր ներդրումն է եւ 20 մլն դրամ խոստացել է հատկացնել մայր բուհը: Այս գումարն անհրաժեշտ է սկսելու համար հիմնական գործողությունները,- պարզաբանում է Կարեն Պետրոսյանը,- ծրագրի հաստատման դեպքում բուն աշխատանքները նախատեսել ենք սկսել ապրիլ ամսին: Սուբսիդավորման այս ծրագրին կարողացանք դիմել շնորհիվ մեր խնայողությունների: Կարող էինք, ենթադրենք, պարգեւավճարների վրա ծախսել, բայց որոշեցինք 25 մլն դրամը ներդնել ավելի մնայուն ծրագրում»:

Սուբվենցիոն ծրագրի առաջին փուլում նախատեսվում է իրականացնել միայն զբոսայգու նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, տարածքի բարեկարգման, լուսավորության, ջրագծի, կոյուղու, համացանցի անցկացման, նստարանների տեղադրման և կանաչապատման աշխատանքներ։ Բուհի տնօրենի ժամանակավոր պատոնակատարի փոխանցմամբ, 5 գոտիների ստեղծման համար նախատեսվում է ներգրավել մասնավոր և այլ ներդրումներ, սուբվենցիոն ծրագրի ավարտից հետո ունեն բազմաթիվ նախնական պայմանավորվածություններ: ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի բակային տարածքը համայնքային սեփականություն չէ, սակայն ծրագրի մեկնարկից հետո բուհի կառավարման մարմնի որոշմամբ` տարածքը կտրամադրվի համայնքին։

«Մեր նպատակն է ստեղծել, այսպես ասած հետաքրքիր մի «օազիս» այս տարածքի բնակիչների համար: Զբոսաշրջային ակտիվությունը, որ կա քաղաքում, սկսել է տեղաբնակներին ինչ-որ չափով դուրս մղել կենտրոնից: Բայց դա բնորոշ է բոլոր զբոսաշրջային քաղաքներին՝ տեղացիները հանգստության համար հեռանում են ծայրամասեր, տուրիստների հոսքը նրանց հոգնեցնում է: Ես եղել եմ եվրոպական տարբեր քաղաքներում եւ նկատել եմ այդ երեւույթը: Իսկ մեր պարագայում դրան ավելանում է նաեւ նույն այդ ծայրամասում չեղած հետաքրքրությունը, հաճելին ու օգտակարը ստեղծելը: Բացի դրանից, Գյումրու օդային ավազանի աղտոտվածության ցուցիչները շատ բարձր են, եւ կանաչ տարածքների ավելացումն առաջնահերթություն է մեր քաղաքում»,- ասում է Կարեն Պետրոսյանը:

6000 բնակիչ, որից մոտ 800-ը՝ երեխաներ, բուհում ուսանող մոտ 400 երիտասարդ. սա ծրագրի պոտենցիալ շահառուների թիվն է: Հանրային խելացի ուսանողական այգին ցերեկային ժամերին ծառայելու է ուսանողությանը, երեկոյան՝ բնակիչներին: Տարածքում գործելու են ստարտափ տաղավարներ, աուդիո գրքերի տիրույթ, «Ok google» որոնման տիրույթ, երկու խաղահրապարակ, որից մեկը մանկական, մյուսը՝ մարզադաշտ, քննարկումների համար նախատեսված բացօթյա տաղավար, սրճարան եւ այլն:

«Կարծում եմ, որ քաղաքի բոլոր կառույցները պետք է մտածեն կապիտալ ծախսերը մեծացնելու մասին, դրանց շնորհիվ է, որ ստեղծվում են մնայուն արժեքներ,- նկատում է Կարեն Պետրոսյանը,- այս այգին, որ ստեղծվելու է, դառնալու է համայնքի սեփականությունը, որովետեւ մենք տարածքը հանձնելու ենք ՏԻՄ-ին ու անկախ այն բանից, թե ով կղեկավարի բուհը, ինչ զարգացումներ տեղի կունենան, այգին կմնա, որպես հանրության սեփականություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter