HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ծառերը մեզ փրկում են քարաթափման անկանխատեսելի հետեւանքներից»

Վայոց ձորի մարզի բարձրաբերձ ժայռերի ստորոտում գտնվող Արտաբույնք գյուղը (նախկինում՝ Եղեգիս) 1800 տարվա պատմություն ունի: Գյուղը եզերված է ժայռերով, որին գլխավերեւից իշխում է Սմբատ թագավորի ամրոցը՝ Սմբատաբերդը: Ժայռերը որքան շուք են հաղորդում գեղեցիկ բնապատկեր ունեցող գյուղին, այնքան էլ դժվարացրել են բնակիչների կյանքը: Դեռեւս անցյալ դարի կեսերից ժայռերից պոկված հսկա քարաբեկորները մեծ թափով գլորվում են գյուղի ուղղությամբ՝ ստորոտում գտնվող տների բնակիչներին մշտապես պահելով կանխահաս աղետի վտանգի տակ:

Բնակիչներն ինքնապաշտպանական նպատակով խիտ շարքերով ընկուզենու ու տանձենու ծառեր են տնկել տների ետնամասում: Գարնան ձնհալքերի ու աշնան անձրեւների ժամանակ, սակայն, հիմքից թուլանալով քարաբեկորներն առավել մեծ քանակով ու չափերով են պոկվում եւ ահռելի դղրդյունով ու մեծ արագությամբ բախվում հաստաբուն ընկուզենիներին ու տանձենիներին, ճեղքում դրանք, հաճախ էլ հասնում տների մերձակայք:

«Քարերի գահավիժման ձայնից սարսափում ենք, ծառերը մեզ ուղղակի փրկում են: Քնում ենք՝ չիմանալով, թե մեզ հետ ինչ է լինելու»,- ասում է բնակչուհիներից մեկը' Մանուշակը, որի տան ետնամասը լի է նման ժայռաբեկորներով :

Գյուղացիներն այսօր էլ ցավով են հիշում իրենց համագյուղացիների ողբերգական մահը: 1953թ. հսկա ժայռաբեկորը գիշերը գահավիժելով տան ուղղությամբ ուժգին բախվել էր տանը: Ամուսինները մահացել էին, իսկ նրանց որդին հաշմանդամ է դարձել եւ առայսօր գամված է սայլակին:

«Այդ դեպքից հետո ընտանիքի մյուս անդամները տեղափոխվեցին գյուղից, իսկ մենք քնում ենք՝ չիմանալով՝ հաջորդ օրը լույսը բացվելո՞ւ է մեզ վրա, թե ոչ»,- ասում է համայնքապետարանի քարտուղար Գեւորգ Գեւորգյանը:

Ժայռի ստորոտին գտնվող տների թիվը 28-ն է: Արտաբույնքի համայնքապետ Սամվել Սեդրակյանի ասելով իրենք բազմիցս դիմել են համապատասխան մարմիններին այդ տները գյուղի մեկ այլ հատված տեղափոխելու համար: Հարցը մշտապես քննարկվել է տարբեր ատյաններում, բայց ընթացք չի ստացել:

«Քաղաքաշինության նախարարությունը մոտ երեք տարի առաջ խոստացավ կազմակերպել 28 ընտանիքի տեղափոխումը փուլ առ փուլ: Նախատեսվում էր դրամական փոխհատուցում տրամադրել սեփականաշնորհված հողերի վրա նոր տուն կառուցելու համար, իսկ ովքեր հողամաս չունեն՝ հող կամ տուն կգնեն: Գործընթացն սկսված է համարվում 2001թ.-ից, սակայն մինչ օրս ոչին չի արվել»,- ասում է համայնքապետը:

Նա տեղեկացրեց, որ կառավարությունից ամեն տարի խոստանում են հաջորդ տարվա բյուջեում նախատեսել փոխհատուցումը, բայց խոստումը մի բյուջեից մյուսին է փոխանցվում: Համայնքապետը խիստ թերահավատ է, որ 2007թ.-ի բյուջեից իրենց էլ դրամ բաժին կհասնի, չնայած այդպիսի խստում դարձյալ տրվել է:

Այսուհանդերձ, համայնքապետը նշեց, որ գյուղի համար մի շարք այլ կարեւոր հարցերի կարողացել են լուծում տալ: Նա ներկայացրեց, որ սկսած 1997 թ.-ից, իրենք տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով կարողացել են գյուղի համար խիստ կենսական՝ խմելու եւ ոռոգման ջրերի խնդիրը մասնակի լուծել:

«Գյուղի ռելիեֆն այնպիսին է, որ ամբողջովին խորխորատներ ու ձորեր են, 5 կմ երկարությունն է, 350 մ էլ բարձրության տատանում ունի, գյուղի վերջնամասում բարձրությունը 1750 մ է, իսկ սկզբնամասում՝ 1400 մ: 1 կմ վրա ջուրը 50% կորուստ է ունենում»,- բացատրում է Ս. Սեդրակյանը:

Այդ է պատճառը, որ ջրագծերը նորոգում են հատված առ հատված, քանի որ որոշ մասերում ջուրն ուղղակի չի հասնում, իսկ մեկ այլ հատվածում այն ներծծվում է տները: Համայնքապետը գտել է հարցի լուծման ամենաարդյունավետ տարբերակը՝ կազմակերպությունների հետ ծրագրեր իրականացնելով լուծում տալ գյուղի համար առաջնային խնդիրներին:

«Միայն IFAD-ի հետ իրականացվելիք ծրագիրը 140 հազար դոլար է կազմելու, որը համայնքի 16 տարվա բյուջեի գումարն է, ինչը նշանակում է, որ մենք մեր միջոցներով երբեք նման աշխատանք չենք կարող իրականացնել»,- իր արածի կարեւորությունն ու նշանակությունը գիտակցողի արժանապատվությամբ մեկնաբանում է պրն Սեդրակյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ 1999 թ. իրենց համար բավականին դժվարին մի ժամանակահատվածում, համագործակցել են սոցներդրումների հիմնադրամի հետ 30% համայնքի ներդրմամբ եւ ամբողջովին վերանորոգել ու կահավորել դպրոցը: ՕՔՍՖԱՄ-ի միջոցներով նաեւ բուժկետ են կառուցել, սարքավորումներով ապահովել, ստեղծել դեղորայքի շրջանառու ֆոնդ: Համայնքապետը նշեց, որ երիտասարդության համար եւս զբաղվածության ու գյուղին կապելու ուղիներ են փնտրում եւ, կարծես թե, գտել են: ՏԱՍԻՍԻ-ի միջոցներով տեղեկատվական կենտրոն են ստեղծել նրանց համար, համալրված ժամանակակից տեխնիկայով: Գործում է նաեւ մշակույթի տունը, բավականին հարուստ գրադարան ունեն, 11 հազար կտոր գրականությամբ, որը համայնքապետի հավաստմամբ համալրում են մարզային կենտրոնից կամ Մոսկվայից հնարավոր կապերով:

Համայնքապետը մտահոգվում էր, որ երիտասարդները ինֆորմացիայի աղբյուրներից զրկված են, թերթ առանձնապես չի մտնում գյուղ: Հեռուստատեսությունից էլ են զրկված, որովհետեւ թափառող ալիքների հույսին են, որը մեկ կա, մեկ՝ ոչ: Միայն «Հ1» ծրագիրն են որոշ չափով դիտում:

«Դրանից էլ հոգնել են, օրը 4-5 ժամ սերիալ են դնում, երիտասարդությունը ի՞նչ սովորի: Չկա էն աղբյուրը, որից հնարավոր լինի լուրջ բաների հետ առնչվել»,- երիտասարդության դժգոհությունն է փոխանցում պրն Սեդրակյանը:

Չնայած ստեղծված հնարավոր պայմաններին գյուղից, այնուամենայնիվ, երիտասարդության մեծ արտահոսք կա, քանի որ աշխատանք չկա: Համայնքապետը դա կապում էր նաեւ գյուղի հողային ոչ մեծ ռեսուրսների հետ, տնամերձ հողամասերը փոքր են, ընդամենը՝ 1400 մ, ընտանիքներ կան, որոնց սեփականաշնորհումը 1 հա էլ չի կազմում, իսկ դրանից մեծ եկամուտ հնարավոր չէ ակնկալել: Ոմանք տեղափոխվում են Երեւան շինարարությունում աշխատելու, ոմանք էլ՝ Արցախ կամ Ռուսաստան: Արտաբույնքում 80 նպաստառու ընտանիք կա: Նրանց մի մասը երիտասարդ ընտանիքներ են, որոնք չունենալով բավարար չափով հող՝ խիստ ընչազուրկ են ապրում: Մյուս մասն էլ՝ 25-30 ընտանիք, միայնակ թոշակառուներ են, որոնց երեխաները գնացել են Ռուսաստան ու մոռացել ծնողներին:

Այս տարին անբարենպաստ էր եղել նաեւ Արտաբույնքի համար՝ ցրտահարություն, կարկուտ, երաշտ, պակասն էլ ուժգին քամիներն էին լրացրել: Կորուստները գնահատել են, բայց առայսօր փոխհատուցում չի տրվել: Պտղաբուծությամբ ու անասնապահությամբ ապրող գյուղն այս ձմեռը դիմավորելու է գրեթե դատարկաձեռն, գյուղացիները անասնակերի փնտրտուքների մեջ են: Այդքան կորուստներից հետո կհաջողվի՞ գոնե անասուններին պահպանել, թե հարկադրված կլինեն աշնան վերջին դրանց մի մասից հրաժարվել, որն էլ ավելի կխորացնի նրանց սոցիալտնտեսական ծանր վիճակը:

Պետք է խոստովանել, որ Արտաբույնքը մեր այցելած բազմաթիվ գյուղերից միակն էր, որտեղ վերջին տարիներին այսքան կարեւոր ծրագրեր էին իրականացվել եւ համայնքապետարանն էլ խնդիրներ չուներ պետության հետ:

Մետաքսե Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter