Առաջարկվում է առավել կարճ ժամկետում քննարկել քաղաքացիություն ստանալու կամ այն դադարեցնելու գործընթացը
Արդարադատության նախարարությունն առաջարկում է առավել կարճ ժամանակահատվածում քննարկել քաղաքացիություն ստանալու կամ այն դադարեցնելու գործընթացը:
Նման առաջարկություն է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Արդարադատության նախարարությունն առաջարկում է քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստերն անցկացնել էլետրոնային եղանակով, իսկ այն դեպքերում, երբ առկա կլինեն խնդրահարույց եզրակացություններ, կհրավիրվի հանձաժողովի նիստ:
«Էլեկտրոնային ընթացակարգը թույլ կտա կարճ ժամանակահատվածում քննարկել ոստիկանության կողմից ներկայացված քաղաքացիություն ստանալու կամ այն դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունները` քվեարկելով էլեկտրոնային եղանակով»,- նշել է Արդարադատության նախարարությունը:
Նշենք, որ այժմ հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ քան ոստիկանության կողմից քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ համապատասխան եզրակացությունների ստացման հաջորդող երկու ամսվա ընթացքում: Հանձնաժողովի նիստերը անցկացվում են բաց քվեարկության միջոցով: Քվորումն ապահովվում է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
Սակայն, ըստ Արդարադատության նախարարության, հաճախ հանձնաժողովի նիստերն անհրաժեշտ է լինում հետաձգել, քանի որ քվորում չի ապահովվում: «Ուստի առաջարկվում է հանձնաժողովի նիստերն անցկացնել էլեկտրոնային եղանակով, որին կմասնակցեն հանձնաժողովի բոլոր անդամները՝ տրամադրելով նրանց համապատասխան տեղեկատվություն քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ, ինչպես նաև բացասական եզրակացությունների դեպքում՝ դրանց իրավական հիմքերի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն»,- նախագծում նշել է Արդարադատության նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել